Օրորոցային․․․

Օրորոցային․․․

Ո՞վ է այսպիսի բան տեսել,  որ երկրի ղեկավարին, գերագույն հրամանատարին թույլ չտան, որ Եռաբլուր այցելի։  

44-օրյա նախճիրից հետո Նիկոլ Փաշինյանը հանձնաժողովներ է կազմում, որ պատերազմի գլխավոր մեղավորին պատժի, դավաճանի պիտակով տարբեր բարձր զինվորականների է ձերբակալում, բայց Եռաբլուրում բոլոր հանձնաժողովներից վեր մի հանձնաժողով է ստեղծվել, որը բարձր է բոլոր դատարաններից։ Դա ժողովրդական դատարանն է, որը կազմված է զոհված զինվորների ծնողներից ու թույլ չի տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտնի Եռաբլուր։ Պատերազմից հետո Փաշինյանի մուտքն այստեղ եղել է ընդհարումներով, քաշքշուկով, ծեծկռտուքով։ Բանը հասել է այնտեղ, որ այսօր ծնողները՝  գիշերել են Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան, որ նա իր շքախմբով հիշատակի օրը ներխուժի սրբավայր։ Ես պարզապես ամենամեղմ բառերով արձանագրում եմ փաստը։

Սա մահ է երկրի գերագույն հրամանատարի համար, երբ զոհվածների ծնողները չեն ուզում, որ նա մոտենա իրենց որդիների շիրիմներին կամ ծաղիկներ դնի։ Մահ է, երբ զոհվածի ծնողը պաշտպանում է որդու գերեզմանը գերագույն հրամանատարից։ Այսօր մենք այս փաստին կարևորություն չենք տալիս, բայց վաղը սա պատմություն է դառնալու։ Սրա ակունքներում են  փնտրելու ողջ ճշմարտությունը։ Ու բոլոր հյուսվող պատմությունները 44-օրյա պատերազմի մասին անէանալու են ու մնալու է այս դառը պատմությունը։ Պատմության մեջ չլսված, չգրված դրվագը, երբ զոհվածների հարազատներին ոտնատակ տալով մտնում են Եռաբլուր ու գոռում՝ Նիկոլ վարչապետ։

Երբ զոհվածների ծնողներին քաշքշելով, վնասելով պոկում են իրենց որդու շիրիմներից, որ «Նիկոլ վարչապետը» կարողանա մտնել։ Սա մեր պատմության ամենացոտ էջն է լինելու։  Ծնողները ողջ գիշեր հսկում են զավակների քունը․․․ Շատ չեն անցել տարիները, երբ անքուն օրորոցային էին երգում։