«Հայաստանցի-ղարաբաղցի» բաժանման արդյունքը

«Հայաստանցի-ղարաբաղցի» բաժանման արդյունքը

Բազմաթիվ մարդիկ են արդեն գիտակցում, որ չտեսնված-չլսված ժողովուրդ ենք: Արդեն լրացավ 44-օրյա պատերազմի սկզբի երկրորդ տարին, սակայն այն կարծես չէր էլ եղել: Եվ եթե չլիներ նաև սեպտեմբերի 13-ի լայնածավալ ագրեսիան ընդդեմ Հայաստանի Հանրապետության, վերածվելու էինք մենք մեր ճակատագրի նկատմամբ անտարբեր զանգվածի՝ եզակի բացառություններով: Եվ մեր ժողովրդին դեպի այդ ուղղությունը գիտակցորեն տանող նիկոլական իշխանության հիմնական դարդն ու ցավը կլիներ շուրջ 40 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ շահելը: Որպեսզի ողջ Հայաստանը ծածկեր քպկական ավագանիներով կամ համայնքապետներով: Իսկ թշնամու ԱԹՍ-ներից Հայաստանի օդը ծածկելու մասին, օրինակ, ոչ-ոք չէր մտածում: Եվ ոչ էլ սահմանի երկայնքով ինժեներական աշխատանքներ կատարելու մասին: Որպես արդյունք պետք է ունենայինք ավելի քան երկու հարյուր զոհ և անհայտ կորած: Եվ չնայած դրան՝ մարդիկ շարունակում են գնալ ընտրական տեղամասեր և քպկականներ ընտրել: Այսինքն՝ այն կուսակցությանը, որի առաջնորդը արդեն երկու տարի մարմնավորում է խայտառակ պարտությունը՝ հանդիսանալով դրա խորհրդանիշը: Իսկ երկու շաբաթ առաջ երկամյա իր անգործությամբ դժբախտացրեց հերթական երկու հարյուր ընտանիքի:

Իսկապես չտեսնված-չլսված ժողովուրդ ենք՝ եթե երրորդ հանրապետության առաջին նախագահը տարիների և փորձառության իր բարձրությունից երբեմնի իր հոգեզավակին խելք սովորեցնելու փոխարեն ամբողջական կապիտուլյացիայի կոչ է անում: Եվ հոգեբանորեն իրեն լավ է զգում, որ իր կապիտուլյացիոն կանխատեսումները կյանքի են կոչվում: Առանց գիտակցելու, որ այդ կանխատեսումներն այսօր իրականություն են դարձել զուտ այն պատճառով, որ իր նախագահության օրոք դրվեց այն ուղղությունը, որը երկու տարի առաջ հանգեցրեց կապիտուլյացիայի: Այո, որքան էլ ասվածը զարմանալի հնչի և որքան էլ իր ատելի «ղարաբաղյան կլանի» ներկայացուցիչները համաձայն չլինեին իր հետ, Արցախի հարցում հետևում էին նրա գծած ուղուն: Եվ չփորձեցին կյանքի կոչել միավորման գործընթացն այն ժամանակ, երբ առկա էր համեմատաբար նպաստալից միջազգային իրադրություն: Իսկ միավորումից հետո առաջին նախագահի կողմից չէր կարող հրապարակ նետվել «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումը: Իսկ եթե նույնիսկ արվեր՝ չէր ընկալվի և չէր տարածվի: Դա՝ մեկ, և երկու՝ այդ բաժանումն իր երբեմնի հոգեզավակի միջոցով չէր լրացվի «գործողի և նախկինների», «սևերի ու սպիտակների» բաժանումներով: Որոնց հիմքում նույն՝ «հայաստանցի-ղարաբաղցի» բաժանումն էր: Իսկ դրա բացակայության դեպքում շատ ավելի բարդ կլիներ 2018-ի ապրիլին փողոցով իշխանություն գրավելը, իսկ գրավելու դեպքում էլ՝ մի քանի հազար զոհի գնով Արցախը թշնամուն հանձնելու գաղափարը կյանքի կոչելը:

Էջմիածնում կաթողիկոսի հովանավորությամբ Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումից հետո հյուրընկալվելով հանրային հեռուստաընկերությանը՝ ՀՀ առաջին նախագահը մեկ-երկու փակագիծ բացեց: Սակայն Փաշինյան Նիկոլի կողմից կապիտուլյացիոն պայմանագիրը ստորագրելու և նորերի գալու դեպքում գուցե և ավելի վատթար տարբերակը ստանալու գաղափարը շարունակ պատվում էր «չգիտեմ»-ով: Ինչը հիմնավորում էր տեղեկատվություն չունենալու հանգամանքով՝ ասելով, որ միակ մարդը, որ ամեն ինչից տեղյակ է, Փաշինյաննն է: Հետաքրքիր է՝ 2007-2008 թվականներին Լ. Տեր-Պետրոսյանն ուներ բոլոր հարցերի պատասխանները: Չնայած պաշտոնից և ընդհանրապես քաղաքականությունից հեռացել էր դրանից շուրջ 10 տարի առաջ: Այդպես ո՞նց է լինում: Ասում են, որ գրագետ ու խելացի անձնավորությունը քանի մեծանում, այնքան իմաստնանում է: Իսկ Պետրոսի հետ հարցազրույցում Տեր-Պետրոսյանը բազմաթիվ հարցեր թողեց անպատասխան՝ ասելով չգիտեմ: Ենթադրում եմ, որ ինքն ընդամենը խնդիր ուներ կրկնելու իր հակաազգային պարտվողական թեզը, իսկ լրացուցիչ և հիմնավորման համար տրվող հարցերին ուղղակի խուսափում էր պատասխանելուց: Որովհետև եթե պատասխաներ, ապա նույնիսկ նիկոլապաշտ «պողոսների» համար կպարզվեր ողջ ճշմարտությունը: Այն է՝ իր գծած ուղղության անհիմն լինելը, որից ինքն այդպես ջանասիրաբար խուսափում էր: