Թբիլիսիում կրքերը չեն մարում, ձերբակալվել է նախկին պետնախարարը

Թբիլիսիում կրքերը չեն մարում, ձերբակալվել է նախկին պետնախարարը

Թբիլիսիի կենտրոնում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքի ակցիայի ժամանակ մի քանի մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ եվրաատլանտյան ինտեգրման հարցերով նախկին պետնախարար Ալեքսեյ Պետրիաշվիլին։  Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Վրացական երազանք»-ի նախկին անդամի գտնվելու ստույգ վայրը այս պահին հայտնի չէ։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պետրիաշվիլին ձերբակալվել է Վրաստանի Վարչական օրենսգրքի 166-րդ և 173-րդ (մանր խուլիգանություն և ոստիկանության նկատմամբ անհնազանդություն) հոդվածներով։

Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանում իրավիճակը լարվել էր, երբ ցուցարարները փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ​​ցանկապատերը։ 

Ցուցարարները ցանկացել են բարձրանալ բեմ, որը տեղադրվել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության՝ ապրիլի 29-ին նախատեսված հանրահավաքի համար։

Հավելենք, որ այսօր՝ ապրիլի 29-ին առավոտյան խորհրդարանը կսկսի օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Դեռ հայտնի չէ, թե փաստաթուղթը, որը լուրջ քննադատության է արժանացել ԱՄՆ-ի ու Եվրահանձնաժողովի կողմից, երբ կդրվի քվեարկության երկրորդ ընթերցմամբ։