ՀՀ-ն ինքնասպանության քայլի չի գնա՝ փորձելով խարխլել ՌԴ-ի շահերը տարածաշրջանում․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

ՀՀ-ն ինքնասպանության քայլի չի գնա՝ փորձելով խարխլել ՌԴ-ի շահերը տարածաշրջանում․ ԵՄ-ում ՀՀ դեսպան

Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը հանգեցրել է Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը, սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար: Այս մասին Politico-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։

«Հայաստանի աշխարհագրությամբ է պայմանավորված, որ նա պատմականորեն և գործնականում այնքան շատ կապեր ունի Ռուսաստանի հետ, որ միայն երևակայողները կարող են մտածել, որ Հայաստանը ինքնասպանության քայլի կգնա՝ փորձելով խարխլել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում»,-ընդգծել է դիվանագետը։

Նրա խոսքով, ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա. 
«Ներկայումս մեր ազգային շահերը պահանջում են, որ մենք օրինակելի հարաբերություններ ունենանք ԵՄ-ի և դրա անդամ բոլոր երկրների հետ: Սա չի բացառում լավ երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուսաստանցի գործընկերներին»:

Politico-ն պնդել է, որ Հայաստանն այժմ դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին (թեպետ Երևանը հայտնել է անդամակցության սառեցման մասին-խմբ․), հրավիրել է ամերիկյան զորքերին երկրում համատեղ զորավարժություններ անցկացնելու, իսկ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը՝ Ադրբեջանի հետ իր լարված սահմանի երկայնքով բախումները կանխելու համար։ 

Բացի այդ, ըստ պարբերականի, ՀՀ-ն ակտիվացրել է ջանքերը՝ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները խախտելուց խուսափելու համար՝ աշխատելով կանխել զգայուն ապրանքների արտահանումը:
Մինչդեռ, ինչպես նշել է Բալայանը, այդ ամենը չպետք է դիտարկել որպես «շրջադարձ դեպի Արևմուտք՝ Ռուսաստանի հաշվին»․

«Երբ մենք քննարկում ենք այդ հարցերը ռուսաստանցի դիվանագետների հետ, և ես պատմում եմ նրանց, թե ինչ ենք անում, ես երբեք ոչ մի հակափաստարկ չեմ ստանում, թե ինչու չպետք է դա անենք, թե ինչպես Հայաստանի տնտեսության մեջ եվրոպական և ամերիկյան ներդրումները պետք է վնասեն Ռուսաստանի շահերին»: