Միջնադարյան թագավորների նման՝ մենամարտերով լուծեք ձեր հակասությունները

Միջնադարյան թագավորների նման՝ մենամարտերով լուծեք ձեր հակասությունները

Միջնադարյան թագավորները «միջատներ» են եղել 21-րդ դարի թագավորների (պետությունների ղեկավարների) համեմատ՝ իրենց կառավարման ներքո գտնվող մարդկանց թվի, ռազմական հզորության, աշխարհի բազմաթիվ երկրների ճակատագրերը տնօրինելու, արժանապատվության եւ այլ առումներով: Ասվածի գլխավոր փաստարկը 20-21-րդ դարերի ընթացքում զոհերի թիվն է՝ պատերազմներում (միայն 1-ին համաշխարհայինում՝ 21 մլն մարդ, 2-րդում՝ 71 մլն), ցեղասպանությունների (Հայոց ցեղասպանություն՝ 1.5 մլն, Հոլոքոստ՝ 5-6 մլն մարդ), կենսաբանական տարատեսակ ինտերվենցիաների արդյունքում (միայն COVID-19` 6.5 մլն մարդ): 

Թվում էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր հաստատված աշխարհակարգն այլեւս կզսպի մարդկային քաղաքակրթության մարդատյացության, բարբարոսության դրսեւորումները: Բայց մարդն այնպիսի արարած է, որ հանգիստ չի կարող մնալ. նրան սուր զգացողություններ են պետք, իսկ ռազմական արդյունաբերության նորանոր նուրբ մշակումների կիրառմամբ՝ նոր, սահմռկեցուցիչ, ադրենալինը բարձրացնող տեսարաններ: 
21-րդ դարասկզբի լոկալ ընդհարումները չէին կարող այդպիսի «հաճույք» պատճառել փափկասուն, անարժանապատիվ ժամանակակից «թագավորներին»:

1991 թվականին, ԽՍՀՄ-ը փլուզողները ջենթլմենական համաձայնության եկան, որ աշխարհակարգը չի փոխվի, եւ կզարգանա երկրների խաղաղ գոյակցություն: Բայց ջենթլմենները միջնադարում են եղել, ինչպե՞ս կարելի է մեր ժամանակներում խոսել այնպիսի վեհ հասկացությունների մասին, ինչպիսիք են ասպետականությունը, արժանապատվությունը, խոսքի տերը լինելը:

Ինչեւէ: Աֆղանստան, Իրաք, Չեչնիա, Հարավսլավիա, Սիրիա, Լիբիա, Հարավային Կովկաս (եւ այլն)․ սրանք բավարար չէին, մասշտաբային չէին: Պահանջվում էր ավելի լայնամասշտաբ մի բան: Ուկրաինա: Այո, եղբորը եղբոր դեմ պետք էր հանել, քանի որ, բացի ամեն ինչից, դա ամենաանբարոյականն է, իսկ անբարոյականությունը ժամանակակից այլասերված աշխարհի քվազի արժեհամակարգի հիմքում է:

Սա մեծ դժբախտություն է ինչպես ուկրաինացիների, այնպես էլ ռուսաստանցիների համար ու ոչ պակաս՝ ԽՍՀՄ-ում ծնված բոլոր մարդկանց համար: 

Ակնհայտորեն, Ուկրաինայով չեն պատրասվում սահմանափակվել: Օրերս Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններում, Ուկրաինայի Խերսոնի եւ Զապորոժիեի մարզերում մեկնարկած հանրաքվեներն ալեկոծել է հավաքական Արեւմուտքը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՌԴ-ի դեմ «արագ եւ ծանր» տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն՝ ի պատասխան անցկացվող հանրաքվեների: Առաջացել է կարիբյան ճգնաժամի նման մի բան, որից այս անգամ խուսափելը դժվար կլինի. կողմերը գնացել են վա-բանկ: 

Արդեն կիրառվող պատժամիջոցներից անասելի դժվարությունների մեջ են հայտնվել տարբեր պետությունների քաղաքացիներ, կան հարյուր հազարավոր զոհեր։ Զոհվում են հազարավոր անմեղ մարդիկ՝ ռազմական բախումների արդյունքում, սոցիալական ծայրահեղ վիճակում են հայտնվել միլիոնավոր մարդիկ՝ իրենց ոչ այնքան արժանապատիվ, ոչ այնքան պարկեշտ ղեկավարների պատճառով:

Գուցե ժամանակն է դադար առնել ու պայմանավորվել, որ բոլոր խնդիրները լուծվելու են միջնադարյան կանոններով՝ մարդկային կորուստներից խուսափելու, մարդկանց աղքատության գիրկը չուղարկելու նկատառումներով:

Մի փոքր նախապատմություն: Անգլիացի Էդմունդ Երկաթակող (Edmund Ironside) եւ դանիացի Քանյուտ (Canute) թագավորների՝ 1016 թվականի մենամարտի պատճառն այն էր, որ Քանյուտը ցանկանում էր գրավել Բրիտանիան, իսկ Էդմունդն ամեն կեպ խանգարում էր նրան այդ ոչ հեշտ գործում: Հանդիպելով մարտի դաշտում՝ երկու տիրակալները կարճ զրույցից հետո գալիս են այն եզրակացության, որ իրենց մարդիկ հոգնել են կռվելուց։ Ուրեմն, ինչո՞ւ թագի ճակատագիրը չորոշել ընդամենը մեկ մենամարտով: Թագավորների մենամարտը կայանում է ձիերով: Էդմունդը, լինելով Քանյուտից ուժեղ, հզոր հարվածով կոտրում է նրա վահանը եւ երբ արդեն պատրաստվում էր մահացու հարված հասցնել, դանիացին դադարեցնում է մենամարտը՝ առաջարկելով արյուն թափելու փոխարեն կղզին հավասար կիսել։ Այդպես էլ որոշում են: Սակայն Էդմունդը շուտով մահանում է, այնպես որ՝ Անգլիան անցնում է Քանյուտին: Ի դեպ, ըստ վարկածներից մեկի, հետագայում Էդմունդը սպանվում է արբալետով, իսկ սպանողը լինում է որդին…
Այնպես որ, կարող են կազմակերպվել հետեւյալ մենամարտերը.
I խումբ
1. Պուտին-Զելենսկի
2. Բայդեն-Պուտին
3. 1-ինում եւ 2-րդում հաղթողներ:
II խումբ
1. Բայդեն-Ռայիսի
2. Ռայիսի-Էրդողան
3. 1-ինում եւ 2-րդում հաղթողներ:
III խումբ
1. Բայդեն-Սի Ցզինպին
Մարդիկ՝ բոլոր մայրցամաքներում, սարսափելի հոգնել են, մեծարգո թագավորներ, եթե դեմ չեք, ցուցաբերեք միջնադարյան արժանապատվություն եւ ձեր վեճերը լուծեք առանց տասնյակ միլիոնավոր մարդկային զոհերի, առանց հարյուր միլիոնավոր մարդկանց զոհողությունների:

Գագիկ Վարդանյան