Քաղաքական ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում աշխարհում

Քաղաքական ի՞նչ կադրային փոփոխություններ են սպասվում աշխարհում

Համաշխարհային քաղաքական հանրությունը պատրաստվում է կարեւոր որոշումներ կայացնել եւ ընտրել հերթական առաջնորդներին։ Հունիսի 6-9-ը Եվրամիությունում ընտրություններ կանցկացվեն՝ կընտրվեն համաեվրոպական հիմնական կառույցների, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաները։ 

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից։ Մարտի 7-ին աջ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը հաստատել է նրա թեկնածությունը երկրորդ ժամկետի համար։ Օրեր անց Bloomberg-ը գրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ է վարում ԵՄ առաջնորդների հետ՝ Եվրահանձնաժողովի նախագահի թեկնածու ընտրելու համար, նա չի աջակցում ֆոն դեր Լեյենի վերընտրությանը։ Ըստ Bloomberg-ի՝ Մակրոնը որպես թեկնածու դիտարկել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ եւ Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։ Այս թեմայով նա արդեն բանակցություններ է վարել Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի հետ՝ գրում է գործակալությունը։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ով պաշտոնապես առաջադրվել է որպես ԵՀ ղեկավարի թեկնածու, վերջին տարիներին կայացրած որոշումների պատճառով դժգոհություն է առաջացրել ԵՄ որոշ երկրների շարքում՝ նշում է Bloomberg-ը։

Դրագիի թեկնածությունը դիտարկվում է նաեւ ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնում, գրում է Financial Times-ը։ Ըստ պարբերականի, Շառլ Միշելի՝ ԵՄ խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո հիմնական թեկնածուների թվում նշվում է հենց Դրագիի անունը։ ԵՄ պաշտոնյաներն ու դիվանագետները Financial Times-ին հայտնել են, որ Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ՝ 76-ամյա Դրագին համարվում է Միշելի պոտենցիալ իրավահաջորդը։ Միաժամանակ, նրան մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ նա մտադիր չէ զբաղեցնել ԵՄ ղեկավար պաշտոններից որեւէ մեկը։

ԵՄ խորհուրդը գլխավորելու թեկնածուների թվում շրջանառվում են նաեւ Իսպանիայի եւ Դանիայի ներկայիս վարչապետներ Պեդրո Սանչեսի եւ Մետտե Ֆրեդերիկսենի անունները: Ի տարբերություն Մարիո Դրագիի՝ երկու առաջնորդներն էլ գլխավորում են Եվրոպայում խոշոր քաղաքական կուսակցություններ, ինչը կարեւոր գործոն է ԵՄ նշանակումներում։ Ի դեպ, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կոչ է արել փոխել ԵՄ ղեկավարությունը։ Նա պնդում է, որ այժմ Բրյուսելում կան «ոչ կարողունակ առաջնորդներ», որոնք ի զորու չեն հաղթահարել ուկրաինական հակամարտությունից բխող մարտահրավերները։ «Գուցե խաղաղ ժամանակ, երբ ջուրը չի ալեկոծվում, քամին չի փչում, եւ կարելի է նավարկել, նրանք լավ առաջնորդներ են»,- նշել է Օրբանը՝ հավելելով, որ հիմա նման ղեկավարությունն անարդյունավետ է։ «Բրյուսելում փոփոխություններ են անհրաժեշտ»,- եզրափակել է Օրբանը եւ կոչ արել դրանք իրականացնել 2024 թ․ հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում։

Մինչ Հունգարիայի կառավարության ղեկավարը հանդես է գալիս նման առաջարկով, իր հայրենիքում անցյալ ամիս հազարավոր մարդիկ դուրս են եկել Բուդապեշտի փողոցներ եւ պահանջել նրա եւ գլխավոր դատախազի հրաժարականը: Բողոքի ակցիաներ են սկսվել, երբ կառավարության նախկին անդամ, ընդդիմադիր Պետեր Մագյարը ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Հունգարիայի վարչապետի թիմը կոռուպցիոն հանցագործություններ է կատարել եւ փորձել վերացնել ապացույցները։ Ցույցի ընթացքում ունեցած ելույթում Մագյարը խոստացել է սեփական կուսակցությունը ձեւավորել եւ առաջիկա ընտրությունում մարտահրավեր նետել Օրբանին։ «Մեծ աղմուկ՝ ոչնչից»․ ստեղծված իրավիճակն այսպես են մեկնաբանել Հունգարիայի կառավարությունում:

Վարչապետի եւ կառավարության հրաժարականն են պահանջում նաեւ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմող Իսրայելում, որտեղ ժամանակ առ ժամանակ բողոքի բազմամարդ ցույցեր են տեղի ունենում։ Օրեր առաջ ցուցարարները նույնիսկ փորձել են ներխուժել Բենիամին Նեթանյահուի կեցավայր։ Հիմնական դժգոհությունը կապված է Գազայում շարունակվող ռազմական գործողությունների եւ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցում երկրի ղեկավարության կողմից գործարքի չգնալու հետ։

Վարչապետի փոփոխություն է սպասվում նաեւ ԵՄ-ից դուրս եկած Միացյալ Թագավորությունում։ Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ներկայացուցիչները մայիսին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո հնարավոր է փորձեն պաշտոնանկ անել վարչապետ Ռիշի Սունակին։ «Մայիսի 2-ի ընտրություններից հետո Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության պատգամավորները կարող են փորձել պաշտոնանկ անել Ռիշի Սունակին։ Ուզում են անվստահություն հայտնելու ընթացակարգ սկսել։ Դրա համար անհրաժեշտ են 52 տորիների (պահպանողականների) դիմումներ համապատասխան խորհրդարանական հանձնաժողովին»,- գրում է Financial Times-ը: Հրատարակության համաձայն՝ ներկայում Սունակին «կենսունակ այլընտրանք» չկա։ Վարչապետի հնարավոր փոխարինման շուրջ քննարկումները շարունակվում են արդեն մի քանի ամիս՝ գրում է Bloomberg-ը։ Քննարկումը հրահրվել էր «մի շարք սխալներով, որոնք բացահայտեցին Սունակի՝ արագ քաղաքական որոշումներ կայացնելու անկարողությունը»՝ նշում է ամերիկյան մամուլը։ 

Այս տարեսկզբին պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ն կունենա նոր գլխավոր քարտուղար։ Յենս Ստոլտենբերգը շուտով թոշակի կանցնի՝ գրեթե մեկ տասնամյակ ծառայելուց հետո, որի ընթացքում նրան խնդրել են մնալ 4 անգամ․ մեկ անգամ՝ նույնիսկ այն բանից հետո, երբ Ստոլտենբերգն արդեն համաձայնել էր նոր աշխատանքի անցնել Նորվեգիայի ԿԲ ղեկավարի պաշտոնում՝ հայտնում է DW-ն։ Բազմաթիվ պոտենցիալ թեկնածուների անուններ են շրջանառվել։ Նույնիսկ խոսվում էր, որ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսն անձամբ են խոսել ԱՄՆ նախագահ Բայդենի հետ իրենց շանսերի մասին, բայց հետո հանել են իրենց թեկնածությունները՝ առանց բացատրության:

Այս պահին Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, Լատվիայի արտաքին գործերի նախարար Կրիսյանիս Կարինսը եւ Նիդերլանդների հեռացող վարչապետ Մարկ Ռյուտեն բացահայտորեն պայքարում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Ռյուտեն միակ թեկնածուն է, որը քննարկվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կողմից ոչ պաշտոնական գործընթացի շրջանակներում:

Չթվարկելով մյուս երկրներում տեղի ունեցող զարգացումները, որտեղ իշխանությունների հրաժարականի թեման է շոշափվում, արձանագրենք, որ գլխավոր ինտրիգը Միացյալ Նահանգներում է։ Նոյեմբերին ամերիկացիներն ընտրություն կկատարեն գործող նախագահ Ջո Բայդենի եւ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի միջեւ։ Թե համաշխարհային քաղաքական կադրային ինչ վերադասավորումներ կլինեն, եւ դա ինչ հետեւանքներ կունենա միջազգային քաղաքական իրադրության վրա՝ ցույց կտա ժամանակը։