Ադրբեջանը` Հայաստանի նոր հովանավոր եւ խնամակալ

Ադրբեջանը` Հայաստանի նոր հովանավոր եւ խնամակալ

Ադրբեջանի նախագահն ասում է, որ պատրաստ է Հայաստանը վերցնել իր հովանավորության տակ, հանդես գալ որպես Հայաստանի հովանավոր, մեզ պետք չեն միջնորդներ, Նիկոլ Փաշինյանը՝ իր թիմակիցների հետ, համաձայն է ադրբեջանական բոլոր առաջարկներին: Հայաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարելու առաջարկը գազի կամ տնտեսական հարաբերությունների մասին չէ, դա Հայաստանն Ադրբեջանի խնամակալության տակ վերցնելու մասին է: Եկեք անկեղծ խոսենք. մինչեւ հիմա Հայաստանի հովանավորն ու խնամակալը կամ, ավելի պարզ՝ մեծ եղբայրը, Ռուսաստանն էր: Ռուսաստանն է Հայաստանին արտոնյալ պայմաններով գազ մատակարարում, ապահովում ատոմային էներգիայով, շահագործում երկաթգիծը, Հայաստանի հետ արտոնյալ պայմաններով առեւտուր անում, լավ կամ վատ ապահովում Հայաստանի անվտանգությունը: Ադրբեջանն ասում է՝ քանի որ դուք այնքան էլ գոհ չեք Ռուսաստանից, համարում եք, որ Ռուսաստանն այնքան էլ լավ ավագ եղբայր չէ, ես պատրաստ եմ դառնալ ձեր նոր ավագ եղբայրը: 

Նիկոլ Փաշինյանին այդ առաջարկն այնքան հոգեհարազատ է, որ երբ Ալիեւը հայտարարեց, որ պատրաստ է դառնալ Հայաստանի նոր խնամակալը, եւ որպես առաջին քայլ՝ առաջարկեց ռուսական արտոնյալ գազի փոխարեն արտոնյալ ադրբեջանական գազ մատակարարել Հայաստանին, Փաշինյանը հանձնարարեց Գագիկ Մելքոնյանին՝ ասել, որ Հայաստանը սիրով ընդունում է այդ առաջարկը: Մելքոնյանն ասում է, որ ադրբեջանական գազը թունավոր չէ, որ մենք այն չգնենք: Ստացվում է, որ այն, ինչ թունավոր չէ, կարելի է գնել Ադրբեջանից`բենզին, դիզվառելիք, մետաղ, պարարտանյութեր, եւ, ընդհանրապես, դառնալ Ադրբեջանի արդյունաբերության եւ գյուղատնտեսության համար սպառման շուկա: Ադրբեջանին Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու, այն, ինչ արտադրում է Հայաստանը, Ադրբեջանում կա եւ անհամեմատ ավելի ցածր գներով: Բայց հարցը միայն տնտեսական հարաբերությունները չեն: Ադրբեջանն իր վրա կվերցնի Հայաստանի խնամակալությունը ոչ միայն տնտեսական իմաստով, այլեւ անվտանգության:
Հիմա ո՞վ է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը` Ադրբեջանը: Ադրբեջանն է, որ հարձակվում է Հայաստանի վրա եւ օկուպացնում Հայաստանի տարածքները, Ադրբեջանն է, որ պահանջում է Հայաստանից տարածքներ հանձնել, եւ փաշինյանական վարչախումբը հնազանդորեն կատարում է այդ պահանջները:

Իսկ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը Հայաստանի անվտանգության սպառնալիքից վերածվի Հայաստանի անվտանգության երաշխավորի, ասի, որ ես եմ այլեւս ապահովելու Հայաստանի անվտանգությունը: Եթե Հայաստանին գազ ու նավթ եմ մատակարարում, եթե կտրում եմ Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների համակարգը, ապա կարող եմ Ռուսաստանին փոխարինել նաեւ որպես անվտանգության երաշխավոր: Հայաստանը դժգոհ է Ռուսաստանից, Հայաստանի իշխանություններն ասում են, որ Ռուսաստանը չի կատարում անվտանգության երաշխավորի իր պարտականությունները, երբ Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, Ռուսաստանը չի պաշտպանում Հայաստանին, ռուսական զորքը պատերազմ չի սկսում Ադրբեջանի դեմ, ավելին՝ ինքն է դարձել Հայաստանի անվտանգության սպառնալիք: Իսկ ավելի լավ չի՞ լինի, եթե ռուսները գնան, եւ նրանց փոխարինեն ադրբեջանցիները: Նիկոլ Փաշինյանը, Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը եւ մյուս ՔՊ-ականները շատ հանգիստ կարող են հիմնավորել, որ Հայաստանն իրեն անհամեմատ ավելի անվտանգ կզգա, եթե Գյումրիում լինի ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական ռազմաբազա, Հայաստանի սահմաններն ընդհանրապես պաշտպանելու կարիք չի լինի ո՛չ Ադրբեջանից, ո՛չ Թուրքիայից, որի հետ Հայաստանի նոր հովանավորը ռազմավարական դաշնակից, է, ո՛չ Վրաստանից:

Միակ թշնամի երկիրը կմնա Իրանը, բայց դե՝ Իրանից էլ մեր նոր հովանավորը մեզ կպաշտպանի: Նիկոլ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկը» վերջապես իրականություն կդառնա. ոչ մեկը Հայաստանին չի սպառնա, ոչ մեկը Հայաստանի վրա չի հարձակվի, բանակ պահելու եւ անիմաստ փողեր ծախսելու անհրաժեշտություն չի լինի, Գլխավոր շտաբն իր հրաժարականը չի պահանջի, հերոսները կլինեն ոչ թե հայրենիքի սահման պահող զինվորներն ու սպաները, այլ Նիկոլին ու իր թիմին ավելի շատ մուծվողները: Ինքն էլ փողերը կհավաքի, մի մասը կբաժանի ՔՊ-ականներին, մնացածն իրենով կանի, կապրի ուրախ, անհոգ ու երջանիկ: Ընտրություններում էլ միշտ ինքը կհաղթի, քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասը կլինեն ադրբեջանցիներ, նրանք էլ ընտրություններին կգնան «Փաշինյան, Փաշինյան» վանկարկելով:

Ադրբեջանցիները կապահովեն Հայաստանի անվտանգությունը, բայց դա արդեն չի լինի Հայաստանը ներկայիս պատկերացմամբ. կլինի ադրբեջանցիների տիրապետության տակ գտնվող, ադրբեջանցիներով բնակեցված Էրմենիստան: Շատ արագ կպարզվի, որ ոչ թե Թուրքիայում կան ծպտյալ հայեր` կրիպտոհայեր, այլ Հայաստանում կան հազարավոր ծպտյալ ադրբեջանցիներ, ստիպողաբար քրիստոնեություն ընդունած մահմեդականներ:

Ռուսաստանին Հայաստանը պետք է որպես Հարավային Կովկասում իր ազդեցության տարածք, բայց Ռուսաստանը երբեք չի ուզեցել եւ այժմ էլ ցանկություն եւ նույնիսկ հնարավորություն չունի ռուսիֆիկացնել Հայաստանը: Ռուսաստանը 500 տարի է՝ գրավել է Կազանի խանությունը, բայց թաթարները չեն ռուսիֆիկացվել, պահել են իրենց ազգային, կրոնական ինքնությունը: Թուրքերը՝ հակառակը․ բոլորին ստիպում են կրոնափոխ լինել, թուրք դառնալ` լինի դա Թուրքիայում, թե Ադրբեջանում: Փաշինյանը հիմա առաջարկում է, որ Հայաստանը Ռուսաստանին փոխարինի Ադրբեջանով, ընդունի Ադրբեջանի հովանավորությունը, եւ այդ դեպքում ինքը ոչ թե չի ամաչի, երբ իրեն թուրք կասեն, այլ նույնիսկ կհպարտանա, իրեն անվտանգ ու պաշտպանված կզգա: Այդ պրոցեսը, ըստ էության, արդեն մեկնարկվել է. Փաշինյանը Տավուշից հանում է ոչ միայն հայկական բանակը, այլեւ ռուսական մի քանի հենակետերը՝ այդ տարածքները հանձնելով Ադրբեջանին: Փաշինյանը կարող է հպարտանալ, որ ինքը փաստացի Հայաստանի տարածքն ազատագրում է ռուսական օկուպացիայից:  

Ավետիս Բաբաջանյան