Ականջդ կանչի, Լենին

Ականջդ կանչի, Լենին

Երբ 36-րդ մարդը մեկ օրվա ընթացքում հարցնում է. «Ի՞նչ ես կարծում` մի բան կստացվի՞», եւ աղերսագին հայացքով դեմքիդ է նայում` դրական պատասխան ակնկալելով: Երբ այդ հարցը տալիս է նիկոլական հարեւանդ, վարսահարդարդ, ծանոթ այթիշնիկն ու քաղաքականությամբ չհետաքրքրվող մարզիչը, երբ փողոցում քայլելիս լսում ես, թե ինչպես են Բագրատ սրբազանի նախօրեի ելույթը քննարկում, հասկանում ես, որ երկրում իրավիճակ է փոխվել: Հիմա ճիշտ ժամանակն է՝ հիշելու հեղափոխությունների հոր` 20-րդ դարի ամենասկանդալային կերպարի` Ուլյանով Լենինի աշխատությունները: «Հեղափոխական իրավիճակ. երբ ներքեւները չեն ուզում հին ձեւով ապրել, իսկ վերեւները չեն կարողանում հին ձեւով կառավարել»:

Որքան էլ իշխանությունը եւ նրա մի քանի հարյուր անդամները փորձեն իրենց ունեցած ամբողջ գործիքակազմով` հեռուստատեսությամբ, կայքերով, իրենց վերլուծաբան-քաղաքագետներով, ստատուսչիներով ու ֆեյքերով հակառակը համոզել մարդկանց, որքան էլ ոստիկանությամբ ու քննչականով փորձեն վախի մթնոլորտ ստեղծել ու ճնշել, միեւնույն է` երկրում արդեն հեղափոխական իրավիճակ է ստեղծվել: Իհարկե, սա չի նշանակում, թե պարտադիր պետք է հեղափոխություն հաջորդի․ 20-րդ դարի սկզբին ռուսները մի քանի անհաջող փորձ ունեցան, մեզանում էլ` մինչեւ 2018-ը տարբեր դրսեւորումներ կային, որոնց վրա իշխանությունն աչք էր փակում` թերագնահատելով մարդկանց դժգոհությունը: Բայց այս իրավիճակը հաստատ հանգուցալուծում է պահանջում: Եվ որքան այդ հանգուցալուծումը շուտ լինի եւ հենց իր` իշխանությունների մասնակցությամբ ու կամովին, այնքան անցավ կլինի բոլորիս եւ հատկապես` իրենց համար: Խելամիտ իշխանությունը, իհարկե, չի թողնում, որ բանը սրան հասնի, բայց հասնելուց հետո էլ չի թողնում, որ բանն արյունահեղության հասնի: