«Հրապարակ». Մարզպետների հիմնական դերը մնացել է ընտրություններ կազմակերպելը

«Հրապարակ». Մարզպետների հիմնական դերը մնացել է ընտրություններ կազմակերպելը

Մարզպետարանները, որպես վարչատարածքային միավորներ, աստիճանաբար անհետանում են մեր կյանքից։ Անգամ այս բառն է կորել վարչատարածքային միավորների պաշտոնական կայքերից։ Դրանց փոխարեն օգտագործվում է «մարզպետի աշխատակազմ» արտահայտությունը, որն ավելի փոքր կազմ ունի, քան մարզպետարանը։ 
Գործառույթների առումով փոփոխություն, ասում են` տեղի չի ունեցել։ Այժմ կառավարման մարմին է համարվում ոչ թե մարզպետարանը, այլ՝ մարզպետը, իսկ աշխատակազմը սպասարկում է մարզպետի գործունեությունը։

Կառուցվածքային փոփոխությունը, որը հաստատվել է կառավարության 29․12․22 թիվ 1550 որոշմամբ, իրականացվել է անցած դեկտեմբերին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մարզպետների աշխատակազմերի ձեւավորումն արդեն ավարտված է։ Ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկանքի, բոլոր մարզերում հաստիքներ են կրճատվել։ 

Ընդհանուր թվով կրճատվել է նախկին մարզպետարանների աշխատակազմի մոտ 20 տոկոսը։ Ամենամեծ կրճատումները եղել են Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզպետարաններում։ Գեղարքունիքի մարզպետարանի 142 աշխատողից մնացել է 98-ը, կրճատումը կազմել է 30,99 տոկոս։ Սյունիքի մարզպետարանի 113 աշխատողից մնացել է 83-ը (կրճատումը՝ 26,5 տոկոս), Լոռու՝ 112 աշխատողից մնացել է 91 հոգի, կրճատումը կազմել է մոտ 19 տոկոս։
Հիշեցնենք․ այս կառուցվածքային փոփոխությունները նախանշվել էին դեռ 2019 թվականից։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն անցյալ տարի խոսում էր աշխատակազմի չնչին փոփոխության մասին՝ ասելով, որ որոշ տեղերում 3-4 հոգի է ընդամենը կրճատվելու` հիմնականում թափուր հաստիքները։ Տավուշի աշխատակազմից 12 մարդ է կորցրել աշխատանքը, Արագածոտնում՝ 10, Կոտայքի մարզպետարանից՝ 19, Շիրակում՝ 34 (կրճատվել է աշխատողների 25,76 տոկոսը), Արարատի մարզպետարանի 18 աշխատող է կորցրել գործը, Արմավիրում՝ 15։ Ամենաքիչ կրճատումները եղել են Վայոց Ձորի մարզպետարանում՝ ընդամենը 8 տոկոս։ 
Ստացվում է՝ մարզպետներն աստիճանաբար հե՞տ են մղվում, առաջին պլան են գալիս համայնքապետարանները` որպես կառավարման մարմիններ։

Վայոց Ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ով 2023 թ.  դեկտեմբերի 7-ից է պաշտոնավարում, չունի նման տպավորություն։ «Հակառակը՝ մենք ավելի շատ ուսումնասիրություններ ենք անում, օգնություններ ենք ցուցաբերում, ավելի շատ հասանելի ենք դարձնում բնակչությանը կառավարության ծրագրերը, տեղերում այցելում ենք, բացատրում ենք, տեղեկատվություն ենք տալիս, նաեւ մեթոդաբանական օգնություն ենք ցուցաբերում, մշտադիտարկումներ ենք կատարում ու հսկողության տակ ենք պահում ծրագրերի իրականացման գործընթացը»,- ասում է նա։ Շեշտում է՝ իրենց մոտ միայն թափուր հաստիքներն են կրճատվել եւ «մի երկու հոգի»։ Համեմատություններ անել չի կարող, քանի որ պաշտոնի է անցել, երբ նոր կառուցվածքը հաստատվել էր։

«Չեմ կարող ասել, թե ինչի համար է արվել, կառավարության մարմինները կիմանան, այդպես է պետք եղել, արել են»,- ասում է նա։ Գուցե ուռճացվա՞ծ էր հաստիքացուցակը։ «Ուռճացված չի կարող լինել, որովհետեւ կան համայնքներ` տարբեր խնդիրներով, տարբեր ուղղություններով շատ աշխատանք կա կատարելու։ Դա կապված է մարդու հասկացողության հետ, աշխատանք միշտ էլ կա, մարդը պետք է գիտակցի, որ եթե պաշտոնի է, ունի պարտականություններ, պետք է կատարի։ Մեզ մոտ չեն նստում տեղում, բոլորն աշխատում են, այցելություններ են կատարում համայնքներ, գյուղեր, աշխատանքը շատ է»։

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, 2012-2014թթ. Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարծում է, որ կատարված փոփոխությունը կապ չունի կրճատումների հետ, կրճատումներ միշտ են եղել, հարցը խոշորացման գործընթացն է, որը զրոյացնում է մարզպետի դերը։ «Խոշորացված համայնքների դեպքում հիմնական մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են։ Երբ որ ես մարզպետ էի, մեր մարզը՝ Վայոց Ձորը, կազմված էր 44 համայնքից, հիմա ընդամենը 6 համայնք է։ Եթե ամբողջ Հայաստանում 75 համայնք է մնացել, մարզպետի գործը դարձել է անիմաստ։ Բայց քանի որ դա Սահմանադրությամբ է նախատեսված, չեն կարող վերացնել։ Կարող են, օրինակ, մարզերը խոշորացնել, դարձնել, ենթադրենք, երեք մարզ՝ Հյուսիսային, Կենտրոնական ու Հարավային»,- ասում է Էդգար Ղազարյանը։ 

Նա կարծում է, որ մարզպետներն այսօր առանձնապես ֆունկցիաներ չունեն։ «96 թվին, որ նոր էին ստեղծվել, նրանք համակարգման դեր ունեին, մարզպետը ոչ միայն կառավարության քաղաքականությունն էր իրականացնում, այլեւ համակարգում էր գործադիր մարմինների տարածքային կառույցների գործունեությունը, մարզային կառույցներն առանց մարզպետարանի չէին գործում․ գազ, էլեկտրականության ենթակառուցվածք՝ նույնիսկ դրանք էին ուղիղ կապի մեջ, առանց մարզպետի կարծիքի որեւէ նշանակում չէր լինում։ Իսկ հիմա իրավիճակը փոխվել է` ի վնաս մարզպետների, նրանց հիմնական դերը մնում է ընտրություններ կազմակերպելը»,- ասում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Լոռու մարզի պետական հիմնարկների ղեկավարներից մեկն էլ իր տեսակետը հնչեցրեց․ «Ասում են՝ էլի են կրճատումներ լինելու։ Գնում են նրան, որ էլի կրճատվեն, ասում են` մի 15 մարդ է լինելու։ Այսինքն՝ կոչվելու են կառավարության, ՏԿԵ նախարարության ներկայացուցչություններ՝ իրենց աշխատակազմով»։ Սակայն տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ մարզպետների աշխատակազմերի ձեւավորումն արդեն ավարտված է։