Ենիչերիների են դաստիարակել, ես խղճում եմ իրենց․ Միքայել Աջապահյան

Ենիչերիների են դաստիարակել, ես խղճում եմ իրենց․ Միքայել Աջապահյան

Կիրանցում այսօր վաղ առավոտյան ոստիկանական ուժերը գրոհել են տեղի բնակիչների վրա, դաժան ծեծի ենթարկելով բերման ենթարկել տղամարդկանց, փակել դեպի գյուղը տանող ճանապարհը։ Ծեծել են նաև դպրոցահասակ երեխաների, նրանց մարմնական վնասվածքներ հասցրել։

«Հրապարակը» զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։

-Ոստիկանները Կիրանցում դաժան ծեծի են ենթարկել մարդկանց։ Նախորդ անգամ ասացիք, որ իշխանությունները թիրախավորում են մեր տղաներին՝ ոստիկաններին, բերետավորներին։ Տեսանյութերում հստակ երևում էին ոստիկանների հայացքները՝ դատարկ, անհաղորդ դեմքեր։

-Այդպես են դաստիարակել՝ թիրախավորելը հենց այդպես են նաև անում։ Հենց այդպես են դաստիարակել՝ ենիչերի են դաստիարակել, ենիչերիները այդպիսին են լինում, որոնց համար չկա սրբություն, չկա ընտանիք, չկա ոչ մի բան՝ իրենք պատրաստ են ամեն ինչ անել։ Հիմա մեղք են այդ տղաները, որ դաստիարակվել են իբրև ենիչերի։ Ո՞վ է մեղավոր՝ մեղավոր են նրանք, ովքեր իրենց այդպես դաստիարակել են, երևի իրենց ներշնչել են, որ դուք կարևոր բան եք անում։ 

-Բայց դա կոտրվում է հայ մարդու, հայ գյուղացու գլխին։

-Դրա համար ազգային պետության և ապազգային պետության տարբերությունը դա է։ Ազգային պետությունը լինում է ազգը պահպանող, ապազգայինը լինում է ազգի դեմ։Ես այդ մարդկանց խղճում եմ, այդ մարդիկ, որ այդպես դաստիարակվել են՝ Ձեր ասածի պես անհաղորդ, ոչինչ չասող հայացքներով, ոչինչ չասող դեմքերով, իրենց խղճալ է պետք։ Ո՞նց կարելի է հայ մարդուն այդ վիճակին հասցնել, այդպես դաստիարակել կամ երևի նրանց մոտ գենի խնդիր կա, թերևս պետք է պարզել գենետիկ պատկանելությունը։ 

-Կարծում եք` նման քայլերով, բռնությամբ կկարողանա՞ն ժողովրդի դիմադրությունը կոտրել, ստիպել հաշտվել իրավիճակի հետ։

-Երկու ձևն էլ հնարավոր է՝ կարող են և չեն կարող, նայած թե դիմացն ինչպես կլինի։ 

-Իսկ ինչպիսի՞ հակազդեցություն պետք է լինի, որ չկարողանան կոտրել ժողովրդական դիմադրությունը։

-Մեկ ծեծվածի տեղը պետք է կանգնի տասը, տասը ծեծվածի տեղը պետք է կանգնի հարյուր, հարյուրի տեղը հազար, հազարին այլևս չեն կարող ծեծել։

-Նաև դպրոցականների են ծեծել։

-Նրանք հո տարբերություն չե՞ն դրել, ով լիներ իրենց դեմը՝ պիտի ծեծեին, կին էլ լիներ՝ կականց պիտի ծեծեին՝ իրենց համար ի՞նչ տարբերություն։ բուլդոզերի նման բան են նրանք դարձել, եթե ձեր ասածով հայացքները դատարկ է՝ նրանց համար ինչ տարբերություն՝ դեմը երեխա է․․․ նրանք երևի կընկրկեն միայն, երբ դիմացները զինված ադրբեջանցի լինի, երևի այդ համարձակությունն արդեն չեն ունենա։ Անզեն մարդու նկատմամբ ով էլ ասես ապօրինություն կանի։ Իրենք պիտի ամաչեն անզեն մարդկանց նկատմամբ նման բան անեն, իրենց հրաման տվողներն էլ պիտի գետինը մտնեն։

-Գետինը չեն մտնում՝ հպարտությամբ իրագործում են հրամանները։

-Չեն մտնում, բայց վաղ թե ուշ պիտի մտնեն ի վերջո, ուր պիտի փախնեն։

-Աստվածային արդարությունը հասնելո՞ւ է իրենց։

-Իհարկե, պիտի հասնի, բա ինչ պիտի լինի։ 

-Քաղաքացիական բախումների հավանականությունը սրվո՞ւմ է։

-Իհարկե, սրվում է՝ իրենք միտումնավոր անում են, սրում են, որպեսզի բախումների գնան, հետո բախումների համար մեղադրեն ուրիշներին։ Դա բոլոր իշխանությունների ծրագիրն է՝ իրենք հրահրում են, հետո իրենք մեղադրում են, որ պետության, իշխանության, իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն է եղել և այլն, հազար տարի է՝ դա է, նույն ձեռագիրն է։

-Ճշմարտությունը հաղթելո՞ւ է, հույս ունենա՞նք։

-Իհարկե, հաղթելու է, բայց հաղթելուց հետո չգիտենք՝ Հայաստան լինելու է, թե չէ։ Եթե հայերը ոտքի կանգնեն, այո, Հայաստան կմնա։