Գիտնականները Երկիր եւ Մարս մոլորակների միջեւ նոր նմանություններ են գտել

Գիտնականները Երկիր եւ Մարս մոլորակների միջեւ նոր նմանություններ են գտել

Ամերիկացի, ֆրանսիացի եւ մի շարք այլ երկրներ ներկայացնող գիտնականները Մարս մոլորակի Գեյլա խառնարանում գտնվող լճի հատակին հայտնաբերել են մանգանի օքսիդի անոմալ բարձր մակարդակ։ Ապարների նմուշները հավաքել է NASA Curiosity մարսագնացը։ Նմուշներն իրենցից ներկայացնում են ավազի, կավի եւ տիղմի խառնուրդ։ Գիտնականները հատկապես ուշադրություն են դարձրել այն բանի վրա, թե մանգանն այդ ավազուտներում ինչպես կարող էր հարստանալ եւ պարզել են, որ դա կարող էր լինել օրինակ գրունտային ջրերի ներթափանցման միջոցով։ Մասնագետները նշում են, որ այդ եղանակով լիովին հնարավոր էր, որ ավազուտներում մանգանի նստվածքներ առաջանային։  

Ներկայացված զեկույցում նշում է, որ մանգանի օքսիդները Մարսի մակերեւույթին դժվար կարողանային ձեւավորվել, այն էլ այդքան մեծ ծավալով, ուստիեւ գիտնականների համար անակնկալ է եղել նման բան հայտնաբերելը։ «Երկիր մոլորակի վրա նման նստվածքներ առաջանում են մշտապես, քանի որ Երկիր մոլորակի մթնոլորտում մեծ քանակությամբ թթվածին կա, ինչպես նաեւ շնորհիվ միկրոբների, որոնք օգնում են կատալիզացնել այն ռեակցիաները, որոնք առաջացնում են մանգանի օքսիդ։ Մարսի վրա կյանքի առկայության ապացույցներ չկան, իսկ թե ինչպես է թթվածին արտադրվել Մարսի մթնոլորտում հին ժամանակներում, հայտնի չէ, դրա համար էլ  հետաքրքիր է, թե ինչպես է Մարսի մակերեւույթին մանգանի օքսիդ առաջացել»,- ասված է զեկույցում։

Գիտնականները ենթադրում են, որ հնարավոր է, որ Մարսի վրա ինչ որ ժամանակ միկրոբային կյանք գոյություն ունեցել է եւ թթվածնի պարունակությունն էլ մարսյան մթնոլորտում ավելի շատ է եղել։