BMW-ն փոփոխություններ կկատարի իր ավտոմեքենաների անվանումների մեջ

BMW-ն փոփոխություններ կկատարի իր ավտոմեքենաների անվանումների մեջ

Գերմանական BMW ավտոարտադրող ընկերությունը որոշում է կայացրել փոփոխություններ մտցնել իր թողարկած ավտոմեքենաների անվանումների մեջ։ Մասնավորապես, որոշվել է հանել «i» տառը այն ավտոմեքենաների անվանումներից, որոնք աշխատում են ներքին այրման շարժիչով։ Նման որոշում կայացվել է՝ խառնաշփոթից խուսափելու համար։ Բանն այն է, որ BMW-ն նման կերպով անվանում է նաեւ իր էլեկտրամեքենաները։ Այդպիսով, ստացվում է, որ նույն «i» տառով նշվում են եւ բենզինով եւ էլեկտրականությամբ աշխատող մեքենաները։

Այս փոփոխությունից հետո, d տառով կնշվեն դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաները,  e տառով կնշվեն հիբրիդները, իսկ i տառով՝ էլեկտրամեքենաները։ Հիշեցնենք, որ բենզինով աշխատող ավտոմեքենաների անվանումներում i տառը ավելացվել էր 1970-ականների վերջերին, որը ցույց էր տալիս, որ շարժիչ վառելիքի մղման համար առկա է ինժեկտորային համակարգ։ BMW-ում նշել են, որ նման ավելացման իմաստը այլեւս չկա, քանի որ ընկերությունը կարբյուրատորով ավտոմեքենաներ այլեւս չի թողարկում։