Մոսկվան և Թեհրանը պատժամիջոցները մեղմացնելու ելք են փնտրում

Մոսկվան և Թեհրանը պատժամիջոցները մեղմացնելու ելք են փնտրում

Իրանը և Ռուսաստանը աշխատում են հաշվարկների նոր մեթոդների վրա, ներառյալ կենտրոնական բանկի թվային արժույթները և թվային ֆինանսական ակտիվները (ԹՖԱ):  Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպանատան առեւտրային կցորդ Ռահիմի Մոհսենը, գրում է ռուսական «Известия»-ն։

Երկրները ուսումնասիրում են ԹՖԱ-ների և կենտրոնական բանկի թվային արժույթների օգտագործումը, ինչպիսիք են թվային ռուբլին և կրիպտո-րիալը, ասել է Մոհսենը: 

Նրա խոսքով, այս տարբերակները կարող են պարզեցնել պետությունների միջև առևտուրը և հեռանկարում մեղմացնել պատժամիջոցների հետևանքները։

Ռուսաստանում Իրանի դեսպանատան առևտրային կցորդը նշել է, որ նման լուծումների իրագործումը պահանջում է ենթակառուցվածքների և կանոնակարգերի ստեղծում, սակայն Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի Դաշնության հետ՝ նախագիծն իրականացնելու համար։

Փորձագետները հիշեցնում են, որ Մոսկվան և Թեհրանն արդեն պայմանավորվել են միանալ միմյանց ազգային վճարային համակարգերին, իսկ թվային արժույթների օգտագործումը կլինի փոխգործակցության հաջորդ կարևոր քայլը։