Աշխարհը պատրաստվում է օլիմպիադային

Աշխարհը պատրաստվում է օլիմպիադային

Այս օրերին ընթացող գրեթե բոլոր խոշոր մարզական մրցումները դիտվում են որպես օլիմպիական հերթական` 33-րդ ամառային խաղերի վարկանիշային ստուգատեսներ: Հունաստանում, որտեղ արեւի ճառագայթների օգնությամբ ավանդաբար վառվում է օլիմպիական ջահը, այնուհետեւ, էստաֆետի նման, փոխանցվում է քաղաքից քաղաք, այս անգամ 600 ջահակիրներ անցել են ավելի քան 5000 կմ տարածություն, իսկ անցած շաբաթ օրը «Բելեմ» առագաստանավը ջահով ճանապարհ բռնեց դեպի Մարսել: Այստեղից էլ փոխանցավազքը շարունակվելու է Ֆրանսիայի տարածքներով եւ հուլիսի 26-ին կհասնի Փարիզ, որտեղ էլ կկայանա օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Փարիզյան օլիմպիադան երրորդն է լինելու, որ անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում: Առաջին անգամ նման լայնամասշտաբ մրցումներ այստեղ անցկացվել են 1900 թվականին, երբ օլիմպիական խաղերում, վերջապես, ասպարեզներ են բացվել նաեւ կանանց համար: Այս անգամ մրցումների անցկացման համար ծախսվել է 8 միլիոն եվրո, մեդալներ են խաղարկվելու 32 մարզաձեւից, խաղերն էլ լուսաբանելու են 26 հազար հավատարմագրված լրագրողներ, մրցումներին հողագնդի տարբեր անկյուններից կկարողանա հետեւել մեկ միլիարդ մարդ: 

Իսկ այս օրերին շատերի ուշադրության կենտրոնում էր Բելգրադը, որտեղ անցած կիրակի ավարտվեց օլիմպիադայի համար վարկանիշային համարվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: Իրենց վատ չդրսեւորեցին Հայաստանի պատվիրակները, որոնցից յոթը կարողացան դուրս գալ կիսաեզրափակիչ՝ իրենց համար ապահովելով տարբեր ձուլվածքի մեդալներ: Այդ պատվին կանանցից արժանացան. աշխարհի եւ Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոն Անուշ Գրիգորյանը (50 կգ քաշային կարգ) եւ Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ), տղամարդկանցից` Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը 67 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ): Ափսոս միայն, որ նախավերջին արգելքը կարողացան հաղթահարել երկուսը` Բարեղամ Հարությունյանը եւ Նարեկ Մանասյանը, մյուսները բավարարվեցին բրոնզե մեդալներով: Բարեղամը վստահ հաղթանակի հասավ սերբ Ռադե Յոկաիմովիչի, իսկ Նարեկը` Ադրբեջանը ներկայացնող կուբացի Լորեն Ալֆոնսոյի նկատմամբ: Անցած կիրակի էլ տեղի ունեցան Եվրոպայի չեմպիոններին որոշող վճռական մենամարտերը: Եզրափակիչ մրցումներում, ավաղ, նոր առաջընթաց չգրանցվեց: Մեր տղաները բավարարվեցին արծաթե մեդալներով, թեեւ սա նույնպես հաջողություն է: Սակայն փաստենք, որ առաջնության վերջին օրը Բարեղամ Հարությունյանը տանուլ տվեց Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Էդմոնդ Խուդոյանին, իսկ Նարեկ Մանասյանը, ինչպես պարզվեց, վնասվածքի պատճառով ի վիճակի չեղավ մտնել ասպարեզ:

Բռնցքամարտի մրցումներում յուրատեսակ ռեկորդ սահմանեցին ռուսաստանցիները` կաշվե ձեռնոցի 19 վարպետներ, այդ թվում` 10 կին, իրավունք նվաճեցին հանդես գալու առաջնության եզրափակչում: Ոսկե մեդալների արժանացան նրանցից 12-ը: 

Վերստին կիրակի օրը Իտալիայի Ռիմինի քաղաքում ավարտվեց մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների եւ երիտասարդների մասնակցությամբ կայացած առաջնությունը: Մեր պատվիրակներից երեքը` Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանը, հիանալի ելույթներ ունեցան հիմնական մրցումների առանձին վարժություններում՝ իրավունք նվաճելով գլխավոր մրցանակները վիճարկել եզրափակչում: Հենացատկերում կրկին աչքի ընկավ Արթուր Դավթյանը՝ այս անգամ արժանանալով արծաթե մրցանակի: Երիտասարդներից էլ ունեցանք եզրափակչի մասնակիցներ` այդ բախտին արժանացան Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: Այս պատանիներն ուղղակի հրաշք գործեցին նժույգ-թափեր վարժությունում: Պատվանդանի երեք տեղերից երկուսը հենց նրանք զբաղեցրին` Մանուկյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի ոսկե մեդալ, իսկ Խաչատրյանը դարձավ բրոնզե մրցանակակիր: 

Իսկ նրանցից առաջ տարբեր քաղաքներում կայացած գեղարվեստական մարմնամարզությունում ուղղակի փայլեցին Հայաստանը ներկայացնող աղջիկները: Դուբայում կայացած «Pironette challenge cup» անունը կրող ստուգատեսում իր բոլոր մրցակիցների նկատմամբ առավելության հասնելով՝ գլխավոր մրցանակը շահեց Ամելիա Մաթեւոսյանը: Մեկ այլ` GR Very Nice անվամբ միջազգային մրցաշարում` Նիցայում, իրեն հրաշալի դրսեւորեց հայ մարզուհի Աննա Բադալյանը, ում գրանցած ցուցանիշները լավագույնն էին ոչ միայն օղակ վարժությունում, այլեւ ընդհանրապես բազմամարտում, ինչի համար նա պարգեւատրվեց երկու ոսկե մեդալով:

Այս օրերին շռնդալից հաջողության հասավ իտալական «Ինտեր» ֆուտբոլային թիմը, որը երկրի առաջնության ավարտից հինգ տուր առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար եւ նորից` 20-րդ անգամ հռչակվեց երկրի չեմպիոն: Դրանից մեծ ցնծություն ապրեցին նաեւ Հայաստանի ֆուտբոլասերները` չէ՞ որ «Ինտերի» կազմում առանցքային կիսապաշտպանի իր պարտականությունները պարզապես հիանալի կատարեց մեր հայրենակից, շնորհաշատ Հենրիխ Մխիթարյանը, թեեւ դա բնավ էլ անակնկալ չէր, քանի որ իր խաղային նուրբ հմտությունների փայլուն կատարումների համար մարզասերների առանձնահատուկ հարգանքը վայելող Հենոն մինչ այդ էլ տարիներ շարունակ հիացրել է հանդիսատեսին` հանդես գալով Եվրոպայի, այսպես ասած, ֆուտբոլային թոփ երկրների` Գերմանիայի եւ Անգլիայի ազգային առաջնություններում:

Ֆուտբոլասերներին հայտնենք նաեւ, որ աշնանը մեր ազգային գլխավոր թիմը վերստին մտնելու է ասպարեզ` հանդես կգա Եվրոպայի Ազգերի լիգայի C խմբում: Այստեղ, ի դեպ, ընդգրկված 16 հավաքականներ բաժանվել են ընտրական չորս ենթախմբերի: Ահա դրանք` 1. Սլովակիա, Էստոնիա, Շվեդիա, Ադրբեջան։ 2. Ռումինիա, Կիպրոս, Կոսովո, Լիտվա։ 3. Բուլղարիա, Բելառուս, Լյուքսեմբուրգ, Հյուս. Իռլանդիա։ 4. Հայաստան, Ֆարերյան կղզիներ, Հյուս. Մակեդոնիա, Լատվիա:

Ներկայացնենք նաեւ մեր ազգային ընտրանու խաղացանկը. սեպտեմբերի 7-ին` Հայաստան-Լատվիա, 10-ին` Հյուս. Մակեդոնիա-Հայաստան, հոկտեմբերի 10-ին` Ֆարերյան կղզիներ-Հայաստան, 13-ին` Հայաստան-Հյուս. Մակեդոնիա, նոյեմբերի 14-ին` Հայաստան-Ֆարերյան կղզիներ, 17-ին` Լատվիա-Հայաստան:

Միսակ Նազարյան