Մի քանի դրվագ երկրապահի վարքուբարքից

Մի քանի դրվագ երկրապահի վարքուբարքից

Մեր երկրում մեկը չկա, թեկուզ Երկրապահի հին կամ նոր սերնդից, որ խիզախություն ունենա եւ հիշեցնի, որ 1998-ի եւ 2008-ի ընդվզումների ժամանակ ոչ մի ծաղիկ չի տրորվել, որովհետեւ, իրոք, համաժողովրդական ընդվզումներ էին: Մեկը չի հիշեցնում, որ երկու անգամ Հայաստանը խուսափել է քաղաքացիական պատերազմից. մեկը 1998-ին էր, մյուսը՝ 2008-ին, երբ Վրաստանում ու Ադրբեջանում քաղաքացիական պատերազմներն իրական փաստեր են: Չեն հիշեցնում, թե ինչպես մի գիշեր տեւեց, երբ Ազգային ժողովը երկրապահացավ, եւ երկրի օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը, դադարեց անկախ պետականության գլխավոր խորհրդանիշներից մեկը լինելուց: Ավելին, «ոչմիթիզականությունը», որպես երկրապահական կարգախոս, դարձավ անկախ պետականության հեղինակազրկման եւ գալիք կորուստների գրավականներից մեկը: Ի դեպ, այդ կարգախոսն իր «փայլուն» դերակատարումն ունեցավ հակառակորդի հետ ամենանպաստավոր խաղաղության պայմանագրի ստորագրման ճակատագրական պահի վիժեցման գործում, որին հետեւեցին ՀՀ առաջին նախագահի հրաժարականը եւ երկրապահության քսանամյա ճահճացումը: 

Եվ ինչն է զարմանալի, որ այդ կարգախոսը տարբեր առիթներով շարունակում է հնչել առայսօր: Այսքանից հետո ինչպե՞ս չհամոզվել, որ պատերազմների եւ բազում կորուստների սկիզբը դրվել է հենց 1998-ին, որովհետեւ հանրության մի մասի եւ հատկապես քաղաքական ուժերի գերակշիռ մասի մոտ պատմությունից դասեր քաղելու բջիջը մեռած է:

Հարց. ինչո՞ւ է լռում Երկրապահը, հավանաբար՝ պահն է փնտրում, թե երբ է իր բաժին կորուստների համար ներողություն խնդրելու հանրությունից եւ կրկին հիշեցնելու, որ ինքն այլեւս քաղաքականության մեջ չէ, թեեւ, որպես ՀՀ քաղաքացի, կարող է արտահայտվել քաղաքական գործընթացների մասին: Կամ՝ նեղն է ընկել Երկրապահը, եւ պետք է քաղաքագիտական մոռացված որոշ մտքեր հիշեցնել: Օրինակ. 21-րդ դարում, քաղաքականության մեջ, ինչպես բիզնեսում, այնպես էլ պատերազմում հաջողված են համարվում միայն այն գործարքները, որոնցից շահում են հակամարտող կողմերը: Երբ շահում է միայն մեկ կողմը, գործարքը հաջողված կամ տեւական չի լինում: 

Ի դեպ, հաճելի անակնկալ էր, երբ տեղեկացանք, որ բարերար Ռուբեն Վարդանյանը որոշել է բնակվել Արցախում՝ դառնալով Արցախի քաղաքացի: Առաջին միտքը, որ եկավ, այն է, որ որոշ ժամանակ հետո Ռուբեն Վարդանյանն Արցախում կարող է օժտվել գործադիր լծակներով: Խորհրդի կարգով, գուցե Երկրապահը միջնորդի Ռուբեն Վարդանյանին՝ Արցախում վերաբնակեցնելու Երեւանում բնավորված, բիզնեսավորված Արցախի ազգային հերոսներին՝ իրենց ամեն ինչով: Այ, սա կլինի իսկական հայրենասիրության ամենավառ դրսեւորումը:
Դառնանք մեր օրերին: Կհիշեք, գործող իշխանության ղեկավարը մեկ-մեկ 2018-ի թավշյա հեղափոխությունը որակում էր որպես անկախ պետականության տարեգրության սկիզբ՝ զրոյական նիշ:

Արդյո՞ք այդպես է, երբ անկախ պետականության համաժողովրդական գործընթացը սկիզբ է առել տակավին 1988-ին, երբ 1990-ի օգոստոսի 23-ին մեծ ոգեւորությամբ ընդունվեց Անկախության հռչակագիրը, երբ 1991-ի սեպտեմբերի 21-ին համազգային խանդավառությամբ կայացավ Անկախության հանրաքվեն, երբ պաշտոնապես ծնվեց Հայոց պետական բանակը, երբ 1995-ին կյանքի կոչվեց Անկախ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը… Նշված եւ այլ բեկումնային տարեթվերը նաեւ Երկրապահի աստեղային տարիներին էին, քանզի առանց Երկրապահի անմիջական մասնակցության, նշված պատմական հանգրվանները սահուն չէին կայանա:  Այդուհանդերձ, Երկրապահը նախընտրում է անտեսել իրեն հասցեագրված չարախոսությունը: Եթե ստույգ՝ անարգանքը, որն ուղղակիորեն խոցում է Երկրապահի արժանապատվությունը, աղճատում նրա կենսագրությունը: Ավելին, եղծում է Հայոց նորագույն պատմության փաստագրման ճշմարտացիությունը եւ «սրբագրում» ժամանակագրությունը:

ՀԳ. Տեղին կլինի արձանագրել, որ ընթացող պատերազմների շարանը կանթեղի ցոլք ունի իր մեջ. այն է, որ երկրի գործող առաջին դեմքն այլեւս չի կրկնում իր անհեթեթ որակումը:

Մարտին եւ Արամայիս Ասլանյաններ
Ճարտարագետ-նախագծողներ