Ինչի կհասնի Փաշինյանը, եթե ճնշի շարժումը կամ Բագրատ սրբազանին ձերբակալի

Ինչի կհասնի Փաշինյանը, եթե ճնշի շարժումը կամ Բագրատ սրբազանին ձերբակալի

«Հրապարակը» գրել է, որ նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանը կիրանցիների հետ հանդիպման ժամանակ ժամկետ է տվել տավուշցիներին, ասել է, որ երկու օր ժամանակ ունեն, որ դադարեցնեն դիմադրությունը, բացեն ճանապարհը, որպեսզի մասնագետները սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներ իրականացնեն, հակառակ դեպքում դա կարվի ուժի միջոցով։ Երեկ լրացավ Փաշինյանի տված ժամկետը, Կիրանցում նախօրեի վաղ առավոտից լուրեր են պտտվում, թե գյուղ են այցելելու ռազմական ոստիկանության պետը եւ ԶՈՒ այլ աշխատակիցներ, թե կոնկրետ ինչ նպատակ է հետապնդում այդ պաշտոնյայի այցը, գյուղացիներին հայտնի չէ։ Հնարավո՞ր է արդյոք, որ Փաշինյանի հրամանով ուժ կիրառվի։ Իհարկե՝ հնարավոր է։ Սակայն հարց է ծագում` ինչի՞ կհանգեցնի դա։ Փորձենք մի քանի ասպեկտ ներկայացնել։

• Եթե իշխանությունները որոշեն ուժ կիրառելով բացել ճանապարհը եւ ճնշել հանուն հայրենիքի ձեւավորված պայքարի շարժումը, ապա Նիկոլ Փաշինյանն անձամբ եւ իշխող քաղաքական ուժն էլ՝ ընդհանուր առմամբ, կկորցնեն լեգիտիմության վերջին փշրանքները։ Ընդ որում՝ այդ կորուստը կլինի անդառնալի եւ ամենուր՝ թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում եւ թե՛ նույնիսկ Մոզամբիկում։ Փաշինյանի հռչակած «դեմոկրատիայի բաստիոնից» ոչինչ չի մնա, թեեւ ի սկզբանե էլ այն չի եղել, եթե իմիտացիոն պոպուլիզմը հաշվի չառնենք։

• Միաժամանակ, Հայաստանի ներսում պայքարը կծավալվի, թեկուզեւ ոչ բացահայտ, իշխանությունների եւ հասարակության այն ստվար հատվածի միջեւ, որն ունի ազգային պետականության եւ հոգեւոր գիտակցում, վերջնական անջրպետ կգծվի, որը հաղթահարել չի լինի ոչ մի բանով եւ կարտահայտվի արդեն ընտրական գործընթացներում։ Նույնիսկ հասարակության քաղաքականապես չեզոք հատվածի մոտ ուժի կիրառումը կարող է բացասական ազդեցություն ունենալ իշխանությունների հանդեպ եւ վճռական նշանակություն ունենալ, օրինակ, ավելի բուռն ընդվզելու հարցում, էլ չենք ասում` համապետական ընտրություններում Փաշինյանին եւ նրա թիմին չընտրելու գործում։

• Եթե, օրինակ, իշխանությունները գնան այնպիսի ավանտյուրայի, ինչպիսին Բագրատ սրբազանի ձերբակալումն է, ապա դա կնշանակի, որ պաշտոնապես հարաբերություններ են խզում Հայ առաքելական եկեղեցու, հայ հավատացյալների եւ սփյուռքի հետ։ Շեշտենք՝ Հայ առաքելական եկեղեցու, ոչ թե, ասենք, Մայր Աթոռի, այլ՝ ե՛ւ Մայր Աթոռի, ե՛ւ Անթիլիասի, ե՛ւ Երուսաղեմի, ե՛ւ Պոլսի պատրիարքությունների։ Հայաստանի նորագույն պատմության մեջ, գոնե սկսած 1945 թվականից, դեռ երբեք չի եղել դեպք, որ բարձրաստիճան եկեղեցական ձերբակալվի, այն էլ՝ ազգային պետականության, հայրենիքի համար մղած պայքարի համար։ Հիշեցնենք, որ եկեղեցական ընկալման մեջ բավականին լավ գործում է, անկախ ամեն ինչից, «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքը, եւ հարվածելով Բագրատ սրբազանին, իշխանությունները կհարվածեն ողջ եկեղեցուն՝ ամբողջության մեջ։

• Բագրատ սրբազանի կամ պայքարի որեւէ անդամի, առաջնորդի ձերբակալությունը կբազմապատկի վերջինիս հեղինակությունը։ Տվյալ անձը` լինի եկեղեցական կամ աշխարհական, միանգամից կընկալվի որպես «վասն հայրենյաց» հալածյալ, իսկ քաղաքացիական բառապաշարով ասած՝ առնվազն քաղբանտարկյալ կամ «խղճի բանտարկյալ»։ Դժվար թե այս իրավիճակում Փաշինյանին ձեռնտու լինի Բագրատ սրբազանին կամ պայքարի որեւէ ներկայացուցչի նման «ծառայություն» մատուցելը, առավել եւս՝ ընդդիմությանը։

• Բագրատ սրբազանի կամ շարժման այլ հոգեւորական որեւէ անդամի դեմ որեւէ գործողությամբ Նիկոլ Փաշինյանն իր դեմ կհանի հայկական սփյուռքին եւ սփյուռքահայ էլիտային։ Ամեն ինչից անկախ, սփյուռքի համար առաքելական մայր եկեղեցին բացառիկ սրբություն է, եւ վերջինիս սպասավորների հանդեպ որեւէ գործողություն չի կարող սփյուռքում ընկալելի լինել որեւէ մեկի կողմից։ Առանց այն էլ իրենց «սիվիկներով» ու «հայկական ժամանակներով» այս ընթացքում այնքան հերյուրանք ու աղբ են լցրել եկեղեցու, հայրենի հողը պաշտպանող, պայքարող մարդկանց վրա, որ քիչ թե շատ ադեկվատ մարդկանց հիմնովին տրամադրել են իրենց դեմ:
Ներկայացրինք ընդամենը մի քանի դրվագ, իսկ ցանկացած բռնության եւ ճնշման հետեւանքները կարող են շատ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր լինել: Վտանգավոր` իրենց համար։