Վե՛ր կաց ու քայլի՛ր, հայ ժողովուրդ, դու անդամալույծ չես․․․

Վե՛ր կաց ու քայլի՛ր, հայ ժողովուրդ, դու անդամալույծ չես․․․

Հիմա բոլորը նույն բանն են մտածում՝ ի՞նչ կարող է անել Բագրատ Սրբազանը կամ ժողովուրդը։ Ոստիկանական բազմաթիվ ուժերով կճնշեն ու կհանձնեն հերթական թիրախը։ Բայց բոլորիդ մտքումդ էլ նույն համոզմունքն  է՝ Տավուշից հետո Նիկոլ- Ալիև զույգը կանցնեն Հայաստանի մյուս հատվածներին։ Այսօր տավուշյան շարժումը, չպետք է դիտարկել որպես ոստիկանության, Փաշինյանի իշխանության ուժերի դեմ պայքարող գործիք։ Գյուղացին կանգնել՝ իր տունը, հողն է պահում։ Պետական լծակների գործադրմամբ  իշխանությունը նրանց ճնշում, ճնշելու է։  

Արդեն տեղեկանում ենք, որ ոստիկանական ուժերը փակել են Կիրանցի ճանապարհը և թույլ չեն տալիս, որ բնակիչները իրենց տուն գնան։ Ոստիկանները երեսուն հոգու բերման են ենթարկել, նրանց մեջ են նաև անչափահաս երեխաներ։  Բերման ենթարկվածներից շատերը բռնության, դաժան ծեծի են ենթարկվել, ունեն մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ։  Այդքանով հանդերձ համոզված ասում եմ, որ տավուշյան շարժումը հաղթելու է։ Ինչու՞ եմ այդպես մտածում։ Իշխանության  նման անհոգի,  բիրտ, բռնի  քայլերը Փաշինյանի կողմից պառակտած ու հուսահատված ժողովրդին միավորելու է։ Տավուշյան ցավը անօգուտ ցավ չէ, այն միավորելու, ուժեղացնելու է մարդկանց։

Այն թակելու է յուրաքանչյուրի սրտի դուռ ու մարդիկ միմյանց` ինչպես Շիրազն է իր Գարնանամուտ-ում ասում, ողջունելու են․ 
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով․․․ 

Իշխանության գոյության լեշահոտը չի կարողանալու դիմանալ գարնան մաքարամաքուր այդ շնչին․․․ Եվ ինչպես Տերն է ասում անդամալույծին՝ Վե՛ր կաց ու քայլի՛ր, դու անդամալույծ չես,  այսօր այդ պահն է Բագրատ Սրբազանի միջոցով Տիրոջ խոսքը փոխանցել՝ վե՛ր կաց ու քայլի՛ր, հայ ժողովուրդ, դու անդամալույծ չես․․․