Ալիևը մեզ խաղաղություն չի պարգևելու․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում

Ալիևը մեզ խաղաղություն չի պարգևելու․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում

Այսօր առավոտից մինչև երեկո, Գյումրիում իրազեկման ակցիայով հանդես եկան «Մայր Հայաստան» շարժման անդամները։ Ակցիայի առաջնորդները քաղաքացիներին կոչ էին անում անտարբերություն չցուցաբերել, ոտքի կանգնել հայրենիքի համար, քանի որ իշխանության միակողմանի զիջումները երկիրն օրհասական վիճակի են հասցրել։

«Միակողմանի զիջումներով ողջ Հայաստանը կընկնի Արցախի օրը, Տավուշում տեղի ունեցածը վերաբերում է ցանկացած հայի, քանի որ սպառնալիքի տակ են հայտնվելու մյուս մարզերն ու Երևանը։ Թասիբով է այն գյումրեցին է, ով տեր է կանգնելու իր հայրենիքի ցանկացած հատվածին»,-հայտարարում էին «Մայր Հայաստան» շարժման անդամները՝ քաղաքի փողոցներով շրջելով։

«Չկարծեք՝ թե Տավուշում զիջումներ արվեն, ապա խաղաղ ենք ապրելու, ինչպես իշխանությունն է խաբում։ Հարվածի տակ են հայտնվելու մեր բոլոր մարզերը, մինչև Երևան դառնալու են թիրախ՝ թշնամիների համար։ Իմացեք՝ եթե Տավուշում փակվի Հայաստան-Վրաստան ճանապարհի հյուսիսային հատվածը, վտանգի տակ է հայտնվելու Հայաստան-Իրան ճանապարհը, իսկ հետո գալու է Սյունիքի հերթը»,-նշում էին Երևան համայնքի ընդդիմադիր ավագանու անդամները՝ ընդգծելով իրենց Գյումրի հասնելու նպատակը։

«Ալիևը մեզ խաղաղություն չի պարգևելու, իսկ Տավուշում միակողմանի զիջումներով մեր հայրենակիցներին՝ կիրանցիներին, զրկում են իրենց տներից՝ դարձնելով նրանց ներքին փախստականներ, գցում են արցախցու օրը։ Մենք բոլորս ազգովի փախստական կդառնանք և կլքենք մեր երկիրը, եթե այս իշխանությունը շարունակի մնալ, Փաշինյանը մենակ է թողել Հայաստանին եւ սպասարկում է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը», -գյումրեցիներին համախմբվելու, միասնական պայքար մղելու կոչեր էին հնչեցնում Երևանից Գյումրի հասած ակցիայի մասնակիցները։