Ադրբեջանն արդեն ինքնին գործում է Ալմա Աթիի հռչակագրի խախտումով

Ադրբեջանն արդեն ինքնին գործում է Ալմա Աթիի հռչակագրի խախտումով

Կիրանցիների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել էր, որ սահմանը գյուղի միջով է անցնելու։ Փաստացի Ադրբեջանը ինչպես ուզում՝ գծում է սահմանը, Ալմա-Աթիի հռչակագիր և այլն, նույնիսկ դա հաշվի չի առնում։ Սա սահմանազատում-սահմանագծո՞ւմ է, թե՞ անեքսիա հարցին քաղաքագետ Հակոբ Բադալյանն ասաց, որ ինքը չգիտի, թե մանրամասն ինչ է ասել կիրանցիներին Նիկոլ Փաշինյանը, սակայն կարող է փաստել մի բան՝ այս գործընթացը ոչ այլ ինչ է, քան ուժի կիրառման շանտաժի ներքո տեղի ունեցող գործընթաց։

«Ընդհանուր առմամբ գործընթացի գնահատականով եթե առաջնորդվեմ, ապա անկասկած է, որ այս գործընթացը այլ բան չէ, քան ուժի կիրառման շանտաժի ներքո տեղի ունեցող գործընթաց։ Հետևաբար, եթե այդ գործընթացն իրականացվում է ուժի կիրառման շանտաժի ներքո, ապա բնական է, որ իրականացման, այսպես ասած, բովանդակությունը համապատասխանելու է այն կողմի պատկերացումներին և պահանջներին, որը շանտաժի միջոցով թելադրում է այդ գործընթացը։ Սա բավական ակնառու է և սրա մասին հնարավոր է դատել ընդհուպ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարություններից այն մասին, որ եթե չլինի այսպիսի համաձայնություն, ապա կարող է լինել պատերազմ»,-ասաց Բադալյանը։

Ինչ վերաբերում է Ալմա Աթիի հռչակագրին, ապա այդ հռչակագիր ասվածը բացարձակապես հարաբերական, վերացական ինչ-որ արձանագրում է, որովհետև նախ այդ հռչակագրում որևէ կերպ մանրամասնված չէ ինչ ասել է` գոյություն ունեցող սահմաններ, որովհետև այդ ձևակերպումն է։ Գրված է, որ հարգում են գոյություն ունեցող սահմանները, բայց ինչ ասել է՝ գոյություն ունեցող սահմաններ, ինչպե՞ս են դրանք ձևավորվել, իրավական ինչ հիմքով, ինչպես են որոշվում, ինչպես է որոշվում դրանց լեգիտիմությունը, և այլն, և այլն՝ նշում է Բադալյանը։

«Այդ մասին Ալմա Աթիի հռչակագրում բացարձակապես խոսք չկա։ Եվ երբ խոսվում է այն մասին, որ այդ հռչակագիրը կարող է լինել սահմանազատման-սահմանագծման գործընթացի հիմք՝ սա առնվազն տարակուսելի է, որովհետև այդ գործընթացը պետք է կազմակերպվի իրավական ամուր և հստակ հիմքերով և կանոններով։ Այս տեսանկյունից նկատենք, որ այդ Ալմա Աթիի հռչակագիր ասվածում շատ պարզ խոսվում է այն մասին, որ պետությունները որ ստորագրել են այդ հռչակագիրը, առաջնորդվում են ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման սկզբունքով։ Եվ մենք տեսնում ենք փաստորեն, որ Ադրբեջանն արդեն ինքնին գործում է Ալմա Աթիի հռչակագրի խախտումով: Եւ եթե Ադբրեջանը թույլ է տվել այդպիսի վերաբերմունք Ալմա Աթիի հռչակագրի նկատմամբ, ապա մտածել, որ Ալմա Աթիի հռչակագիրը կարող է լինել սահմանազատման և սահմանագծման գործընթացի հավասարակշռված հիմք՝ առնվազն, կարծում եմ, ինքնախաբեություն է»,-ասաց քաղաքագետը։

Ալմա Աթիի հռչակագիրն ինչ-որ մտադրությունների մասին շատ վերացական և ընդհանուր շարադրանք է։ Եվ այդ շարադրանքն  առաջացնում է բազմաթիվ հարցեր և առնվազն ենթակա է տարբեր մեկնաբանությունների՝ նկատում է Բադալյանը։ 

«Այս տեսանկյունից այդ հռչակագիրը դիտարկել որպես հավասարակշռված ինչ-որ գործընթացի ամուր հիմք կամ երաշխիք, կրկնեմ` սա ինքնախաբեություն է։ Եվ անկասկած է, որ այս պրոցեսը պարզապես տեղի է ունենում ուժերի բալանսի այսօրվա իրավիճակի պայմաններում շանտաժի ներքո»,-եզրափակեց հակոբ Բադալյանը։