Տարբեր տեսակի սպեկուլյացիաները հարիր չեն կառավարությանը

Տարբեր տեսակի սպեկուլյացիաները հարիր չեն կառավարությանը

ՀՀ պետական բուհերի խոշորացման եւ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման հարցը նախ շաբաթներ առաջ քննարկվեց Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում, ապա նաեւ՝ օրեր առաջ կայացած տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ։ Երկու դեպքում էլ գիտնականները գործընթացի հետ կապված իրենց մտահոգությունը հայտնեցին։ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ցավով արձանագրեց, որ ակադեմիան ներգրավված չէ ոչ մի քննարկումներում, նախաձեռնություններում, ավելին՝ պետական օղակներում ներքին կարգով ասվել է, որ դա ակադեմիայի գործը չէ։

«Չգիտեմ՝ այդ մտքի հեղինակն ով է, թե դա ակադեմիայի գործը չէ, բայց եթե գիտությանն առնչվող խնդիրներին ակադեմիան չպետք է մասնակցի եւ չպետք է ասի իր ճշգրիտ, բովանդակալից խոսքը, այդ նախաձեռնությունը չի կարող ունենալ հաջողություն,- մեզ հետ զրույցում ընդգծում է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու շարունակում։- Այնպես որ, դա այն մարդկանց կողմից է ասվում, ովքեր լավ չեն հասկանում գիտության դերն ընդհանրապես մեր կյանքում։ Մեր գիտության աշխատողները, մեր համակարգը՝ իր ամբողջ բովանդակությամբ, ձգտումներով, մի կարեւոր բանի է նվիրված՝ մեր երկրի, մեր ժողովրդի զարգացմանը։ Եվ տարբեր տեսակի սպեկուլյացիաները հարիր չեն Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը, որովհետեւ տասնամյակների մեր պատմությամբ մենք միանգամայն այլ արդյունքներ ունենք»։ ԳԱԱ նախկին նախագահը հույս հայտնեց, որ կփոխվեն գիտության եւ գիտաշխատողների հանդեպ այս ոչ բովանդակալից կարծիքն ու վերաբերմունքը։  

Անդրադառնալով ընդհանուր «Ակադեմիական քաղաք» ծրագրի գաղափարին, Ռ․ Մարտիրոսյանը նկատում է․ «Ամեն մի խնդիր լուծելուց առաջ նախ պետք է ճիշտ ձեւակերպել խնդիրը, հետո նոր լուծել դա։ Ես ֆիզիկոս եմ, ու բնական գիտություններում հիմնական ելակետը դա է՝ պետք է խնդիրը ճիշտ ձեւակերպել, հետո մտածել՝ ինչպես դա լուծել, եւ ապա՝ արդյունքներն ինչ անել։ Եթե այս հաջորդականությունը չկա, խախտված է, հազիվ թե կարողանանք ունենալ այնպիսի արդյունքներ, որը նպաստի այսօր մեր տնտեսության զարգացմանը, իսկ այսօրվա մեր թիվ մեկ խնդիրը մեր երկրի տնտեսությունն է»։   

Կառավարությունը մինչեւ 2027 թվականը ժամանակ է տվել գիտական կազմակերպություններին՝ կողմնորոշվելու՝ միանո՞ւմ են ակադեմիական քաղաքին, թե՞ ոչ, այլ կերպ ասած՝ ենթարկվո՞ւմ են կառավարության խոշորացման ծրագրին, թե՞ հրաժարվում են, այլապես, ինչպես բարձրաձայնել են գիտական ինստիտուտների տնօրենները, պետությունը կդադարեցնի այդ գիտական ինստիտուտների ֆինանսավորումը։ «Հիմարություն է, այդպիսի բան ոչ մեկը չի կարող անել, որովհետեւ մեր ֆինանսավորումն օրենքով է, եւ չի կարելի, որ ամեն մեկն օրենքի իր մեկնաբանությունն անի, դա հարիր չէ ու գրագետ չէ»։

Այն դիտարկմանը, որ, շատերի կարծիքով, խնդիրը քաղաքի կենտրոնում գտնվող բուհական եւ ակադեմիական շենքերն են, որոնց ուզում է տիրանալ իշխանությունը, Ռ․ Մարտիրոսյանն ասաց․ «Հուսով եմ, որ նման բան չի լինի, քանի որ գիտությունը հենվում է այդ թվում շենքերի, այդ շենքերի ներսում գտնվող սարքավորումների, այդտեղ փոխանցվող գիտելիքների վրա, եթե մենք մոռանում ենք այդ մասին, ուրեմն ո՛չ գիտություն կզարգանա, ո՛չ տնտեսություն, ո՛չ էլ պետություն»։  

Ի դեպ, կառավարությունն արդեն իսկ մերժում է ԳԱԱ հայտերը եւ հրաժարվում է գումարներ հատկացնել ու ներդրումներ անել այն շենքերի վրա, որոնք հետո, ըստ իրենց ծրագրի, տեղափոխելու են ակադեմիական քաղաք, ինչն արդեն փաստի առաջ է կանգնեցնում ԳԱԱ համակարգը։