Վաղը հովվի փոխարեն կարող է երեխա լինել, կին լինել մոլորվողը․ Արաբոյի Մանվել

Վաղը հովվի փոխարեն կարող է երեխա լինել, կին լինել մոլորվողը․ Արաբոյի Մանվել

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ բնակավայրից ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական տարածք անցնելու հետևանքով սկսված կրակոցների մասին ՀՀ ԱԱԾ-ն այսօր «մեղայականով» էր հանդես եկել։ Հաղորդագությունից մի հատված․ «Միջադեպի արդյունքում վիրավորում է ստացել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող: Ափսոսանք հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ միևնույն ժամանակ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողների կողմից սահմանապահ գործառույթ իրականացնելիս սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խստագույնս պահպանելու և նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով: Ծառայողական քննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար»։

ԱԱԾ հայտարարության ու հայ զինծառայողների նկատմամբ նախաձեռնված քննության մասին «Հրապարակը» զրուցեց Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հետ։

- Հայ հովվին թշնամուց փրկելու համար հայ զինծառայողներ են պատժվելու։ Երբ ՀՀ ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ ՀՀ զինծառայողների վրա։

- Այդ մարդիկ ուզում են նմանվել, օրինակ, Ֆրանսիային, երբ գերմանացիները օկուպացրեցին Ֆրանսիան, ֆրանսիացի պարտիզանները երկու գերմանացի էին սպանել։ Գերմանացիք 99 ֆրանսիացու գնդակահարեցին։ Պեպենը դրանից հետո ներողություն խնդրեց գերմանացիներից այդ երկու զինվորի սպանության մասով։ Այսինքն, 99 ֆրանսիացին հեչ էր, երկու գերմանացին` ամենակարևորն էին։ Եթե այդ մարդիկ իրենց այդպես են պահում, ուզում են ինչ-որ շատ դուր գալ, շատ ծնկել հակառակորդի առաջ։ Այնպես որ մերոնք ոչ մի բանով էլ պակաս չեն Պեպենից, նրանք պեպեններ են, ով ժամանակին դավաճանեց ֆրանսիացի ժողովրդին։ Այդ իրավիճակը ծանոթ է, բայց որ արդեն մերոնք են անում, նշանակում է, մենք պետք է անպաշտպան թողնենք ամեն ինչ, գյուղացուն։ Վաղը կին կփախցնեն` զինվորը չի կարողանա կրակել, չի փորձի կրակել, որովհետև կասի՝ կարող է իր վրա քրեական գործ հարուցեն։ Հասկանո՞ւմ եք, մեզ ամբողջովին անպաշտպան են են ուզում թողնել, ինչպես ժամանակին մեծ «մտավորականն» ասել է՝ մեր պաշտպանվածությունը մեր անպաշտպան լինելու մեջ է։

- Արդյոք սա բանակի մեջքը կոտրել չի՞ նշանակում։

- Դա բանակի մեջքը՝ դա հայ ժողովրդի մեջքն է կոտրում։ Այն, որ մեր տղաները փորձել են հովվին փրկել, վաղը եթե աղջիկ կամ կին մոլորվի, նրանք չեն թողնելու, որ կրակես։ Նշանակում է, որ ամբողջ ժողովրդի ողնաշարն են կոտրում, այսօր հովիվ է՝ վաղը կարող է երեխա լինել, կարող է աղջիկ լինել։ Դրա համար այնպես են անում, որ հայ ժողովուրդը պաշտպանվելու ոչ մի հնարավորություն չունենա։ Իրենք դա չեն էլ թաքցնում, այնպես որ իմացած եղեք, վաղը մյուս օրը բերելու են ադրբեջանցիներին բնակեցնեն այստեղ, եթե դու հանկարծ մի փոքրիկ վեճ ունենաս ադրբեջանցու հետ, քեզ միանգամից կալանավորելու են, դատելու են, կարող է միանգամից Բաքու էլ ուղարկեն։ Այդպիսի իրավիճակ են սարքում, որ ժողովուրդը ոչ մի կերպ չկարողանա ինքն իրեն պաշտպանի։
-Ստացվում է, որ ուժային կառույցները հայ ժողովրդի դե՞մ են աշխատելու։
-Ամեն դեպքում դե ֆակտո դա է երևում, որ ուժային կառույցները չեն, ուժային կառույցներից մարդիկ են նշանակված, որոնք այդպես են վարվում, եթե վաղը կարգին ղեկավար դնես՝ նրանք այլևս այդպես չեն վարվի։ Ով ղեկավարում է՝ նրա հրահանգն են կատարում, այնպես չի, որ այստեղ ուժային կառույցներն են աշխատում։ Նրանք էլ կարող է դժգոհ լինեն՝ շատ շատերը, բայց ոչ մի բան չեն կարողանում անել, քանզի ղեկավար ապարատը դա է որոշել։

- Այսպես որ գնաց` մի օր էլ կարող է երիտասարդ հովվի կյանքը փրկած զինծառայողին հանձնեն Բաքու։

- Այսօր չէ, այսօր կարող է ուժ չունենան ուղարկեն Բաքու, բայց վաղը կարող է ուղարկեն։ Եթե այսպես շարունակվի, մենք անընդհատ ծնկի գանք, շատ հնարավոր է օրենք ընդունեն, ասեն` եթե սահմանի վրա դեպք է գրանցվում՝ պետք է ուղարկվի Ադրբեջան բանտարկվելու։ Այնպես որ ոչ մի բանի վրա այսօր մի զարմացեք։ Այսօր ընդգծված ստամոքսն է լուծում հարցը, նայած ստամոքսի պարունակությունն ինչքան է։ Այնպես որ դժվար է ասել՝ վաղը այս անձանց քայլը որը կլինի, ես ուղղակի իմ կարծիքը հայտնեցի։