Հայաստանը գոյություն ունի իներցիայի ուժով
Այս պահին քննարկել Փաշինյանի ասածները, որեւէ իմաստ չունի․ նախ ինքն է խոստովանել, որ այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ տրամագծորեն հակառակը, մյուս օրը՝ այդ երկուսից տարբերվող մեկ այլ բան, ու այդպես շարունակ։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ Փաշինյանն ինքն է խճճվել իր ասածների մեջ, նա որեւէ լուծում չունի որեւէ հարցի վերաբերյալ։
Ռուսաստանի հետ հարաբերություններն ամենավատն են երեւի վերջին 200 տարվա կտրվածքով, Ադրբեջանի հետ որեւէ համաձայնության հնարավոր չէ հասնել՝ Փաշինյանն ինչ առաջարկում է, Ադրբեջանը մերժում է, Փաշինյանն ինչ զիջման համաձայնում է, Ադրբեջանը դրանից ավելին է ուզում։ Թուրքիայի հետ հարաբերությունները սպասման փուլում են․ Թուրքիան արդեն երկու տարի է՝ մատների վրա խաղացնում է Փաշինյանին ու իր նշանակած բանագնացներին՝ թե՛ սահմանը բացելու, թե՛ հարաբերությունները կարգավորելու հարցով։ Ինչ ստորացման ու նվաստացման ասես չգնացին՝ է՛լ Թուրքիա մարդասիրական օգնություն ուղարկել, այն դեպքում երբ Թուրքիան Հայաստանի դեմ զենք ու զինամթերք է մատակարարում Ադրբեջանին եւ զորավարժություն անում մեր սահմանների անմիջական հարեւանությամբ։ Է՛լ մուրացկանի հայացքով Էրդողանի երդմնակալությանը մասնակցել, է՛լ Արարատից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարվել։ Միեւնույն է, որեւէ արդյունք չկա։ Թուրքերն անվերջ ծաղրում են ու հռհռում սրանց ու նաեւ Հայաստանի վրա, թե ոնց կարելի է էս աստիճան անմեղսունակ լինել ու սպասել, թե իրենք կարող են Հայաստանի հետ սահման բացել, որ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Ռուբեն Ռուբինյանը ձեռք-ձեռքի տված՝ գնան Թուրքիա, գան։
Իրանի հետ հարաբերությունները եւս պատմական ամենավատ մակարդակի են՝ Իրանի իշխանություններն անվերջ զգուշացնում են, որ դեմ են արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը տարածաշրջանում՝ նկատի ունենալով հենց Փաշինյանի հրավերով Իրանի անմիջական սահմանին ԵՄ, իսկ իրականում՝ ՆԱՏՕ-ի առաքելության հայտնվելը։ Արեւմուտքի հետ հարաբերությունները եւս իդեալական չեն․ Արեւմուտքն ուզում է օգտագործել Հայաստանին իր աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար, թշնամացնել Ռուսաստանի եւ Իրանի դեմ, փոխարենը ոչ մի բան չառաջարկելով՝ ո՛չ անվտանգություն, ո՛չ տնտեսական համարժեք փոխհատուցում։ Ավելին՝ պարզ ասում են, որ մենք չենք կարող փոխարինել Ռուսաստանին՝ ո՛չ անվտանգության ապահովման, ո՛չ տնտեսական շահի տեսակետից, բայց եթե ուզում եք անշահախնդիր մեռնել մեզ համար, մենք միայն ուրախ կլինենք։ Փաշինյանի քաղաքականությունը կաթվածահար է արել Հայաստանը․ դա հասկանում է նաեւ հայ հանրությունը, նույնիսկ նրա սեփական թիմակիցներն են հասկանում, որ երկիրը հասցրել են աղետից մի քանի վայրկյան պակաս վիճակի։
Չնայած վերոնշյալին՝ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, զբաղեցնել Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Նա հրաժարական չի տա, որովհետեւ հոգեբանորեն յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ ունի ինքնապահպանման բնազդ եւ առաջնորդվում է այդ բնազդով։ Այո, Փաշինյանը հիմա եւ արդեն վաղուց չի առաջնորդվում տրամաբանությամբ, առավել եւս՝ բանականությամբ, նա առաջնորդվում է բնազդով։ Իսկ բնազդը նրան ստիպում է կառչած մնալ վարչապետի աթոռին, աթոռի ոտքից, որովհետեւ վախենում է, որ հենց թողնի այդ աթոռը, չի ունենա անձնական անվտանգության որեւէ երաշխիք, կհայտնվի այնտեղ, որտեղ եղել է իր կյանքի մեկուկես տարիների ընթացքում, բայց շատ ավելի վատ պայմաններում։ Եթե այն ժամանակ նա գոնե ուներ որոշակի արտաքին աջակցություն, իրեն գոնե համարում էին անարդարության զոհ, հիմա արդեն պահանջելու են ամենախիստ արդարադատություն, ցանկացած վճիռ համարվելու է չափազանց մեղմ եւ ոչ համարժեք նրա կատարածի համեմատ։
Փաստացի հիմա Հայաստանը գոյություն ունի իներցիայով, Հայաստանի գոյությունն ապահովում ենք ոչ թե մենք, նրա քաղաքացիները եւ պետական ինստիտուտները, այլ անորոշությունը։ Արտաքին ուժերը գուցե վաղուց վճռած լինեին Հայաստանի ճակատագիրը, եթե, իհարկե, կարողանային գալ կոնսենսուսի։ Կոնսենսուսի հնարավորությունն այս պահին բացառված է, քանի որ Արեւմուտքի, Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կոշտ հակադրություն է։ Նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի ապագայի եւ ճակատագրի իր պատկերացումն ունի, որն արմատապես տարբերվում է մյուսներից։ Հենց այդ պատճառով է, որ Հայաստանը դեռ գոյություն ունի այն կարգավիճակով, որն այսօր առկա է։
Ստեղծված իրավիճակից երկու լուծում կա․ կա՛մ հայ հանրությունը եւ քաղաքական ուժերը կկարողանան հեռացնել Փաշինյանին եւ իրենց ձեռքը վերցնել Հայաստանի ճակատագրի որոշման իրավունքը, կա՛մ Հայաստանի ճակատագիրը կորոշի այն արտաքին ուժը, որը հաղթող դուրս կգա ուժեղների կռվում եւ իրենով կանի Հայաստանը։ Ցավոք, ամեն ինչ հուշում է, որ մենք կարող ենք ականատես լինել վերջին տարբերակին, երբ մեր երկրի հարցը մեր փոխարեն կլուծեն ուրիշները, իսկ մենք պոստֆակտում կբողոքենք, թե ինչու էր այդ լուծումն այդքան հակահայկական կամ չէր համապատասխանում մեր պատկերացումներին։
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ