29.800-ը կենսունակ էր ՍՍՀՄ-ում, իբրեւ անկախ պետություն՝ դատապարտված է կործանման

29.800-ը կենսունակ էր ՍՍՀՄ-ում, իբրեւ անկախ պետություն՝ դատապարտված է կործանման

Եթե Ադրբեջանը կարող է 30 տարի ռեւանշիստ լինել, հային արգելվա՞ծ է ռեւանշիստ լինել՝ հարց է տալիս Շիրակի թեմի առաջնորդ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Այս չորս գյուղի պահանջը որ դնում է Ադրբեջանը, հիմա սա ռեւանշիզմ չէ՞, եւ հայ եկեղեցին երբ ասում է՝ չենք ուզում, այդ տարածքները չպետք է հանձնվեն, ռեւանշի՞զմ է»,- ասում է սրբազանը։

Այս իշխանությունները լեզու չունեն՝ կտրուկ հակադարձելու թշնամուն, ինչպես դա անում են ներսում, իսկ դրա պատճառը հակահայկականությունն է, պատճառը պարտվողական լինելն է, մինիմալիստ լինելը՝ կարծում է մեր զրուցակիցը։

«Հայկական քաղաքական մտածողությունը տատանվել է մինիմալիզմի եւ մաքսիմալիզմի միջեւ՝ Բաքուն հայկական է, Ստամբուլը պիտի դարձնենք արյան ծով։ Սա մաքսիմալիզմի դրսեւորումն է, եւ մինիմալիզմ՝ 29.800․ ինչքան որ թուրքը թույլ տա, ինչքան որ ռուսը թույլ տա։ Կենսունակ չէ 29․800-ը՝ իբրեւ անկախ պետություն։ Սա պետք է հասկանալ, դա կարող էր ապրել իբրեւ Սովետական Հայաստան՝ մոռանալով, որ Նախիջեւանում տեղի է ունենում ցեղասպանություն, Արցախում տեղի է ունենում ցեղասպանություն։ Մոռանում էր եւ հանգիստ, կուշտ, երջանիկ ապրում էր Սովետական Հայաստանում՝ Սովետական Միության պայմաններում։ Բայց իբրեւ անկախ պետություն՝ ինքը կենսունակ չէ այս տարածքում, այս կենսատարածքում ինքը չի կարող ապրել, ինքը դատապարտված է կործանման»,- ասում է Աջապահյանը։ 

Իբրեւ հայկական պետություն՝ այն դատապարտված է կործանման, ոչ թե իբրեւ հայկական անուն՝ անունը կմնա, սակայն բովանդակությունը հայկական չի լինի։ Այս իշխանությունը խնդիր չունի դրա հետ, կարեւորն իշխանությունը պահելն է։ Իսկ հաջորդ իշխանությունները կարող են եւ հայ չլինել։ Հետեւաբար, հայ քաղաքական միտքը պետք է հրաժարվի ե՛ւ մինիմալիզմից, ե՛ւ մաքսիմալիզմից եւ գա հասնի իրական, ճշմարիտ ու պրագմատիկ այն սահմաններին, որոնք իրոք կարող ենք պահել ու պետք է ունենանք կենսունակ պետականություն։

«Իբրեւ այս տարածքի բնիկներ՝ մեր ինքնասիրությունը վիրավորված չպետք է լինի, որովհետեւ վիրավորված ինքնասիրությամբ ապրելով՝ այս ազգը միշտ կարող է լինել ռումբ։ Ուրեմն այդ Արեւմուտքին էլ, Արեւելքին էլ պետք է հասկացնել, որ մի արեք այս բանը, դուք ուզում եք մեզ նվաստացնել, բայց դա մի օր կպայթի,  ինչպես պայթեց 1965 թվականին, ինչպես պայթեց 1988 թվականին»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հայտարարությանը՝ «կլինի՞ Մայր Աթոռը մի օր վեր կենա ու կուսակրոնությունից խոսի», սրբազանն ասաց, որ վերջիններս ջանք չեն թափում որեւէ հոդաբաշխ խոսք ասելու, իսկ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեից հետո հայոց եկեղեցու դեմ արվող հայտարարությունները պատահական չեն․ նրանք չնայած հայկական անուններ ունեն, բայց այլ օրակարգով են շարժվում՝ նույնիսկ ադրբեջանցիները կերազեին այդպիսի գործիչներ ունենալ, որոնք այդքան նվիրվածությամբ պաշտպանում են ադրբեջանական օրակարգը։ Իսկ ինչ վերաբերում է հայ եկեղեցու՝ ռեւանշիստ լինելու մասին Փաշազադեի հայտարարությանը․ «Իրենց կարելի էր 30 տարի լինել ռեւանշիստ, իսկ մեզ չի՞ կարելի 3 տարի լինել ռեւանշիստ։ Մուսուլմանների այդ վարչությունը 30 տարի ռեւանշիզմ չէ՞ր քարոզում՝ քարոզում էր, հիմա մեր հերթն է՝ ռեւանշիզմ քարոզելու, ի՞նչ կա դրա մեջ։ Մենք համաձայն չենք Արցախի կորստի հետ, մենք համաձայն չենք հայրենիքի կորստի հետ, մենք իրենց տափաստանների նկատմամբ որեւիցե ցանկություն չունենք, մենք մեր հայրենիքն ենք ուզում, որտեղ հազարավոր վանքեր, շինություններ, եկեղեցիներ ունենք, որոնք այսօր վտանգված են, որովհետեւ իրենք դրանք վերածելու են առնվազն, այսպես կոչված, աղվանական հուշարձանների, եթե անգամ չոչնչացնեն, ինչպես ոչնչացրին Նախիջեւանի մեր ամբողջ մշակութային-հոգեւոր ժառանգությունը»։

Չտեսնված երեւույթ է, երբ պետության ղեկավարն իր բնակչին ահաբեկում է պատերազմով։ Փաշինյանի նպատակն այդ հարցը լոկալացնելն է, որ դա ոսկեպարցու հարցն է՝ մի խառնվեք, եթե ոսկեպարցին ասի՝ այո, մյուսներին հարցնելու կարիք չունեմ։ 

«Ոսկեպարցին «այո» չասեց, այստեղ մի քիչ, ինչպես դասականն էր ասում՝ վարունգն այլ ուղղությամբ աճեց։ Հետո պարզվեց, որ միայն ոսկեպարցու խնդիրը չէ՝ ամբողջ Հայաստանն էլ, եւ Հայաստանով մեկ կան մարդիկ, կան շարժումներ, որոնք համաձայն չեն այս իրողության հետ եւ այդ տարածքը համարում են Հայաստանի Հանրապետության անբաժան մաս։ Կապ չունի՝ դե յուրեն՝ այսօր, դե յուրեն՝ վաղը, ո՞ւր է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, ո՞ւր է։ Վերջիվերջո, դա եղել է իրավական սուբյեկտ, որքան Սովետական Ադրբեջանն էր եւ Սովետական Հայաստանը։ Ո՞ւր է ԼՂ ինքնավար մարզը։ Ինչպե՞ս է, որ Ադրբեջանն իրավունք ունի անել այն, ինչ ուզում է, իսկ Հայաստանը պետք է անի այն, ինչ դարձյալ Ադրբեջանն է ուզում»,- զայրանում է Շիրակի թեմի առաջնորդը։
Գործող պետության ոչնչացման պատճառ կարող են դառնալ հակահայկական իշխանությունների կողմից մեր պետությունը թուլացնելը, բանակաշինությունը զրոյացնելը, կարող են թուրքերին, ադրբեջանցիներին նշան տալ՝ հարձակվելու, նրանք էլ հարձակվեն ու պետականությունը ոչնչացնեն։ 

«Նրանք այդ սիգնալներն արդեն տալիս են, ասում են՝ եթե պատմական Հայաստանից չհրաժարվեք, այս Հայաստանն էլ կկորցնեք։ Նշանակում է՝ իրենք աշխատում են այդ ողղությամբ։ Իրենք պատրաստ են այս Հայաստանը զոհել, հետո ասել մեզ՝ ձեր պատճառով վերացավ Հայաստանի Հանրապետությունը»,- մտահոգվում է Աջապահյանը։