BBC-ի ռուսակա՞ն ուղղորդում

BBC-ի ռուսակա՞ն ուղղորդում

BBC-ի ռուսական ծառայության հոդվածը, որտեղ վարկած է առաջադրված, թե 2008թ. մարտի 1-ին Երեւանում ցուցարարների վրա կրակելու հրաման ենթականերին տվել է Արցախի պաշտպանության փոխնախարար գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը, մամուլի, քաղաքագետների եւ քաղաքական շրջանակների թիվ մեկ թեման է վերջին օրերին: Արվում են ամենատարբեր ենթադրություններ: Հատկապես ակտիվ են նախկին իշխանության ներկայացուցիչները, նրանց աջակցող լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերի օգտատերերը: Նրանք հիմնականում այն թեզն են զարգացնում, որ BBC-ին բրիտանական լրատվամիջոց է, Անգլիան տնտեսական շահեր ունի Ադրբեջանում, ուստի փորձ է արվում Հայաստան-Արցախ հարաբերություններում վերստին լարվածություն ստեղծել: Այս տեսակետի պաշտպանները խիստ քննադատում են Հայաստանի գործող իշխանություններին, որ պատկան մարմինները տեղեկատվական արտահոսք են կազմակերպել եւ պահանջում են քրեական գործ հարուցել՝ պարզելու եւ պատժելու մեղավորներին: Բայց հարկ է ուշադրություն դարձնել մի հանգամանքի՝ հոդվածը հրապարակվել է Ստեփանակերտի հանրահավաքում վարչապետ Փաշինյանի ելույթից հետո: Այդ ելույթում հռչակվել է ,«Արցախը Հայաստան է եւ վերջ» կարգախոսը, ինչին կոշտ եւ հիստերկ պատասխան է հետեւել Բաքվից: Խնդրին անդրադարձել են նաեւ ռուսաստանյան վերլուծաբանները՝ գրեթե կրկնելով ադրբեջանական կողմի տեսակետը: Ըստ երեւույթին, այս համատեքստում պիտի դիտարկել նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների միջոցով:

Ռուսաստանն այսպիսով հասկացնում է, որ մերժում է վարչապետ Փաշինյանի կողմից Ստեփանակերտում հնչեցված «միացումը» : ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրներից՝ ԱՄՆ-ից եւ Ֆրանսիայից, դեռեւս արձագանքներ չկան: Չնայած Ադրբեջանի համառ ջանքերին, վարչապետ Փաշինյանի ստեփանակերտյան ելույթին չեն անդրադարձել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս ֆոնին գրեթե ինտրիգային է ռուսաստանյան Regnum-ի մի հրապարակումը, որտեղ անթաքույց ակնարկ կա, որ օգոստոսի 12-ին այցելելով Երեւան՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը պետք է փորձի վարչապետ Փաշինյանին տարհամոզել, որպեսզի Արցախի նախագահական ընտրություններում «չանցկացնի իր թեկնածուին եւ ձեռնամուխ չլինի «միացում» պլատֆորմի իրականացմանը»:

Այս համատեքստում գրեթե անկասկած է, որ հենց ռուսական որոշակի շրջանակներ են շահագրգռված Հայաստանի եւ Արցախի միջեւ լարվածությամբ: Եւ BBC-ի հրապարակումն արվել է այն կանխածրագրմամբ, որ պատերազմի հերոս գեներալ Սամվել Կարապետյանի անվանարկումը Ստեփանակերտում կընկալվի Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպված քարոզչություն՝ դրանից բխող հետեւանքներով հանդերձ: Ըստ երեւույթին, հաշվարկված է, որ նման իրավիճակում վարչապետ Փաշինյանը կզրկվի ներարցախյան իրավիճակի վրա ազդեցության լծակներից եւ հնարավոր կլինի Ռուսաստանի համար ընդունելի՝ Արցախի նախագահի «միասնական թեկնածուի» հարցում գալ ինչ-որ համաձայնության: BBC-ին, այսպիսով, թիրախավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Արցախի նախագահի՝ նրա համար ընդունելի թեկնածուին: Թե ու՞մ է դա ձեռնտու՝ մեկնաբանելու հարկ, երեւի, չկա: Մնում է հասկանալ, թե Ստեփանակերտում ո՞վ է այն քաղաքական կամիկաձեն, որ պատրաստ է Արցախի նախագահի պաշտոնն ստանձնել Ռուսաստանի «մանդատի» ներքո եւ Հայաստանի հետ ջրբաժան գծել: