Մոտ 2 միլիարդի խախտումներ՝ «Շենիկ» ընկերությունում․ քաղաքացիները նախկինում եւս դժգոհել են նրանից

Մոտ 2 միլիարդի խախտումներ՝ «Շենիկ» ընկերությունում․ քաղաքացիները նախկինում եւս դժգոհել են նրանից

Արմավիրի մարզում գտնվող «Շենիկ» ջրօգտագործողների ընկերությունում պետական վերահսկողական ծառայությունը բազմաթիվ խախտումներ եւ թերություններ է հայտնաբերել։  Մասնավորապես՝ հայտնաբերված խախտումներն ու թերությունները կազմել են շուրջ 1 միլիարդ 855 միլիոն 333 հազար 700 դրամ։

Խախտումները հիմնականում վերաբերել են չհիմնավորված դեբիտորական պարտքերին, ներկայացված ոչ ճշգրիտ հաշվետվություններին, ջրի կորուստների ծավալներին, ոռոգման ջրի վարձավճարների գանձմանը, խորքային հորերի և պոմպակայանների արտադրողականության վերաբերյալ ոչ իրական տվյալներին, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի խոշոր չափով ուռճացված ծախսերին եւ այլն։

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը ՊՎԾ-ն ուղարկել է ՀՀ դատախազությանը։

Ընկերության տնօրեն Սամվել Սարգսյանից հետաքրքրվեցիք՝ ի՞նչ կարծիք ունի  հայտարարության վերաբերյալ եւ արդյոք ընկերությունը նման խախտումներ թույլ տվել է, պատասխանեց․ «Ես ոչ մի մեկնաբանություն չունեմ, պետական վերահսկողությունը հայտնաբերել ա  իրանց ասելով, ներկայացրել են դատախազություն, դատախազությունը կգա, կտեսնենք կա՞, թե չկա՞։ Ցտեսություն»,- ասաց Սարգսյանն ու անջատեց հեռախոսազանգը։

Նշենք, որ «Շենիկ» ընկերության վերաբերյալ պարբերաբար դժգոհություններ են եղել, դեռ տարիներ առաջ քաղաքացիները Արմավիրի նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին բողոքել էին, որ  «Շենիկ» ՋՕՆ-ն ոռոգման ջուրը հավասարաչափ չի բաշխում, իսկ Արմավիրի մարզում ինչպես առոգման, այնպես էլ խմելու ջրի խնդիր մշտապես եղել է եւ առկա է։