Ուրախ լուր ԱԺ-ից

Ուրախ լուր ԱԺ-ից

Մեծ ուրախությամբ իմացանք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովը, օգտվելով սարսափելի թեժ աշնան հեռանկարից, միաձայն դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Արմեն Փամբուխչյանի ներկայացրած «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին: Բա ինչպե՞ս չուրախանայինք, երբ առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է, որ վարորդներն իրենց մեքենաներում տեղադրված տեխնիկական սարքերով արձանագրված խախտումները կարող են օնլայն ուղարկել ոստիկանության հատուկ հավելվածին, որոնց հիման վրա ոստիկանությունը կկազմի վարչական իրավախախտման մասին արձանագրություն եւ կտուգանի կարգազանց վարորդներին:

Ինձ, չգիտեմ ինչու, թվում է, որ այս փոփոխությունն ընդունելու դեպքում մարդիկ (վարորդները) դուրս են գալու փողոց, եւ այդ ընթացքում շատ «պայծառ» գլուխներ են ջարդվելու: Ու դեռ հարկ կլինի աղոթել Աստծուն, որ մարդիկ (վարորդները) այդ ցասման պահին ունակ լինեն տարբերել մանր պատգամավորական գլուխները գործադիրի մեծ ու կարեւոր գլուխներից: Սելավ տեսած կա՞ք: Սելավը հո չի՞ հարցնում՝ դու ժողովրդի վարչապե՞տ ես, թե՞ ժողովրդի պատգամավոր: Այդ մասին մայր բնությունը, սովորաբար, իմանում է սելավից հետո եւ, որպես կանոն, քաղաքական մահախոսականներից:

Ասելս այն է, որ հանրության լայն շերտերի հետ կապված օրենքներ կամ եղած օրենքներում փոփոխություններ կատարելուց առաջ լավ կլինի հանրությանը հարցնել՝ «սիրելի անգրագետ պողոսներ, ուզում ենք այսպիսի բան անել, դեմ չե՞ք»: Այլապես գեղեցիկ չէ, երբ ԱԺ երկու պատգամավոր, որոնց անուններն անգամ պողոսները չգիտեն, նման մի գործ են ձեռնարկում, իսկ մի լուրջ անվանումով հանձնաժողով էլ միաձայն հավանություն է տալիս այդ պատգամավորների մտքի հանկարծահաս թռիչքին:

Կարող է հարց առաջանալ՝ իսկ Դուք, պարոն Անդրեասյան, ինչո՞ւ եք ուրախ սպասվող փոփոխության համար: Պատասխանեմ՝ ուրախ եմ, որովհետեւ սա հրաշալի փոփոխություն է այս իշխանություններից օր առաջ ազատվելու համար:

Բանն այն է, որ սա Քոչարյան-Փաշինյան կռիվ չէ, ՀՀԿ-«Իմ քայլը» ձեւական գզվռտոց չէ, Հայկո-«Սանիթեք» քաշքշուկ չէ, Ամուլսար չէ, ինչ ասեմ՝ նույնիսկ Ստամբուլյան կոնվենցիա չէ, որ ավելի շատ «խորհրդատվական» բնույթ ունի եւ պարտադիր չէ բոլորի համար: Եթե փորձեմ մեկ նախադասությամբ բնութագրել հայաստանյայց երեսփոխանաց ժողովի այս արկածախնդրությունը, ապա պետք է ասեմ, որ սա մի արհեստական կատակլիզմ է, որ հեռանալուց առաջ ուզում են բերել մեր բազմաչարչար ժողովրդի գլխին:

Չեմ կարծում, թե շատ ժամանակ է պետք, մինչեւ մեր անգրագետ պողոսները հասկանան հարցի էությունն ու դուրս թափվեն փողոց: Մեկ-երկու այսպիսի տուգանում, եւ «կարգազանց» պողոսները «կջոկեն», որ Հայաստանը վերածվում է «գործտվողների» մի մեծ ինստիտուտի, որտեղ ամեն երկրորդ քաղաքացի իրավունք ունի տուգանել առաջինին եւ հակառակը: Կլինեն, անշուշտ, կարծիքներ, որոնց հեղինակները կպնդեն, որ այդկերպ մեծանում է հասարակության վերահսկողությունը անվտանգ երթեւեկության ապահովման գործում, բայց ես այդ կարծիքը չեմ կիսում, որովհետեւ բոլոր վարորդներն էլ հասկանում են, որ շատ տհաճ է մեքենա վարելը, երբ քեզ ամեն վայրկյան նկարում են եւ փորձում «կեղտ բռնել» վրադ: Եվ սա այն դեպքում, երբ Երեւանի նման աննորմալ քաղաքում պարզապես հնարավոր չէ առանց խախտումների երթեւեկել: Ես նկատի չունեմ արագության գերազանցումը, որը միանշանակ պետք է պատժվի, այլ այն խախտումները, որ մեր վարորդներն ակամա կատարում են երթեւեկության ծանրաբեռնվածության, շրջանցիկ ճանապարհների բացակայության, խաչմերուկների սխալ կարգավորման, բանուկ փողոցների մայթեզրերին շարված երկաթեղենի, կամայականորեն ստեղծված ավտոկանգառների եւ բազմաթիվ այլ պատճառներով: Մի պարզ օրինակ բերեմ:

Ենթադրենք, մեր հարեւան Պողոսը երկրորդ շարքից, ուղիղ երթեւեկելու փոխարեն, թեքվել է աջ եւ այդ պահին ձեր հարեւան Պողոսի ավտոմեքենայում եղած սարքից նկարվել: Ամեն ինչ պարզ է, տեսանյութից կամ լուսանկարից հստակ երեւում է, որ մեր հարեւան Պողոսը, խաչմերուկի բերանին, հատելով հոծ գիծը, մտնում է աջ: Իսկ ի՞նչ անել, երբ ձեր հարեւան Պողոսի սարքը չի ֆիքսել խաչմերուկից չթույլատրվող հեռավորությամբ կայանված ավտոմեքենան, որ խոչընդոտ է հանդիսացել մեր Պողոսի համար, եւ նա ստիպված է եղել մեջտեղի շարքից մտնել աջ:

Նաեւ՝ այսպիսի մի հարց․ պարոնայք օրենսդիրներ, դուք արդեն հստակեցրե՞լ եք սարքերի այն տեսականին, որոնցով կարելի է տեսա-լուսանկարահանել ՃԵ կանոնների խախտումները: Սա շատ կարեւոր հարց է: Օրինակ՝ կարո՞ղ է քաղաքացուն տուգանելու համար հիմք հանդիսանալ բջջային հեռախոսից նկարված խախտումը, թե՞ արժանահավատ են լինելու բացառապես պրոֆեսիոնալ սարքերից նկարվածները: Գիտեմ, կասեք, որ դա կքննեն ոստիկանները եւ կորոշեն՝ կա՞ խախտում, թե՞ չկա: Բայց սպասեք: Իսկ ո՞ւր մնաց կոռուպցիոն ռիսկերը հաշվի առնելու պարտադիր պայմանը: Որքանո՞վ վստահ լինենք, որ մեր հարեւան Պողոսի նկարահանած «գեղեցիկ» կադրերը հիմք կհանդիսանան ձեր հարեւան Պողոսին տուգանելու համար, եւ հակառակը՝ ձեր հարեւան Պողոսի նկարահանած խախտումեվ չեք ընկնի մեր հարեւան Պողոսի հետեւից: Միայն չասեք՝ «Պողոսի մերը որն ա, ձերը՝ որը»: Ո՞վ չգիտի, որ Պողոսի սեւն էլ է լինում, սպիտակն էլ:

Հիշում եմ, թավշյա իշխանափոխությունից առաջ նախկին իշխանություններն այսպիսի մի փորձ արեցին, բայց նրանք այնքան խելոք էին, որ խոսում էին առանց տարբերանշանների պետական ավտոմեքենաներում տեղադրված շարժական տեսախցիկների մասին: Չեմ կարող ասել՝ դա անվտանգ երթեւեկություն ապահովելո՞ւ, թե՞ բյուջեն լցնելու նպատակ էր հետապնդում, բայց ժողովուրդը, Փաշինյանն էլ նրա հետ, ընդդիմացավ, եւ այդ նոու-հաուն դադարեցվեց: Փաշինյանի երեսփոխանները հիմա նույն բանն են ուզում անել, բայց ժողովրդի ձեռքով՝ նրան դարձնելով ոստիկանության արտահաստիքային գործակալ: Այո, արտահաստիքային, այո, ոչ ոք չի վճարվելու ոստիկանությանը ՃԵ կանոնների խախտման մասին հարուստ նյութ մատակարարելու համար, այո, Նիկոլի պետությունը, ոչ մի քոռ լումա չծախսելով, կարողանալու է պողոսների ձեռքով պողոսների գրպանից փող հանել: Եվ ի՞նչ եք կարծում, պողոսները կհամաձայնե՞ն օրը ցերեկով իրենք իրենց կողոպտել: Իհարկե՝ ոչ:
Դեռ հարցնո՞ւմ եք՝ պարոն Անդրեասյան, ինչո՞ւ եք ուրախ այս նորամուծության կապակցությամբ: Բա ի՞նչ անեմ, տխրե՞մ, երբ մենք մեր տանը նստած՝ էս անբաշար իշխանությունն իր տակի ճյուղն է կտրում:

ՀԳ. Ճիշտն ասած՝ հնարավոր սելավի ժամկետների մասին ստույգ տեղեկություններ չունեմ, թե չէ դա էլ կասեի: Գիտեք, չէ՞, որ իմ ասածները մեկը-մեկին կատարվում են: