Փաշինյանը Տավուշ էր գնացել «փափուկ բարձով»

Փաշինյանը Տավուշ էր գնացել «փափուկ բարձով»

Մարտի 18-ի չարագուշակ այցից շուրջ մեկ ամիս անց Փաշինյանը կրկին գաղտագողի և անսպասելի՝ առանց նախապես տեղեկացնելու, անվտանգության ուժեղացված հսկողությամբ այցելեց Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր։ Նրան ուղեկցում էին փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանը, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը, եւ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Առաջին կանգառը Ոսկեպարում էր, հանդիպումը կարճ է տեւել՝ մեկ ժամից պակաս։ Ոչ բոլորին են թույլատրել ներկա գտնվել, անցանկալիներին հեռացրել են, իսկ ներկաներից հավաքել են հեռախոսները, որ հանկարծ տեսաձայնագրում չլինի։ Փաշինյանը փորձել է «փափուկ բարձ դնել» սահմանամերձ մարզի 4 բնակավայրերը թշնամուն հանձնելու ծրագրին ընդդիմացող ոսկեպարցիների գլխի տակ։ 

«Հրապարակ»-ի հետ զրույցում Փաշինյանի հետ հանդիպման մասնակիցներից մեկը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի, ասաց՝ հիմա վերլուծում են հանդիպման արդյունքները, գնահատական տալ չի կարող՝ հավատա՞ն Փաշինյանի նոր հայտարարություններին, թե ոչ։ «Ինչ հարց, որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք ներկայացրել՝ գետով սահման էինք ասել, նա էլ ասավ՝  90 տոկոսով հաշվեք՝ լուծված է էն, ինչ որ մենք ենք ներկայացրել։ Ասավ՝ հույս կա, որ ձեր ուզածը կլինի, բայց առայժմ թղթի վրա անցկացված չի։ Սպասենք»-փոխանցեց մեր զրուցակիցը։ Նյութը պատրաստելու դրությամբ, պաշտոնական տեղեկությունը Փաշինյանի այցի մասին աղքատիկ է։ Հրապարակվել է մի քանի լուսանկար, նշվել, որ Ոսկեպարում վարչապետը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը, ապա պատասխանել ոսկեպարցիների հարցերին։ 

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի տավուշցի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ով մեզ հետ զրույցի պահին մարզում էր, որոշ  մանրամասներ փոխանցեց։ «Փաշինյանն  ասել է, թե  ադրբեջանական կողմի հետ որոշակի փոխըմբռնում կա ճանապարհների մասով։ Նախնական պայմանավորվածություն կա, որ գետից այս կողմ չեն առաջանա ադրբեջանցիները, որ ադրբեջանական սահմանապահները կկանգնեն գետից այն կողմ, բայց դա էլ հարյուր տոկոսանոց չէ, գրավոր չէ։ Այսինքն, առաջ են գալու, բայց ոչ մինչեւ վերջ»,- ներկայացրեց  Դանիելյանը՝ մանրամասնելով, որ գետից դեպի վեր Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է։ 
Պատգամավորն ընդգծեց, անգամ եթե պայմանավորվածությունը, որի մասին խոսել է Փաշինյանը, կյանքի կոչվի ու ճանապարհը չհանձնվի թշնամուն, միեւնույն է, այն անվտանգ չի լինելու, ճանապարհը գտնվելու է թշնամու դիտարկման տակ։ Ինչ վերաբերում է  նրան, որ այդ հատվածից հայկական զորքերը դուրս են բերվելու եւ երկու կողմից սահմանապահ ուժեր են տեղակայվելու, Գառնիկ Դանիելյանն ասաց․ «Արդեն 5-6 տարի է ադրբեջանական կողմն այդ հատվածում պաշտպանության նախարարության զորքերը վերափոխել է սահմանապահ  զորքերի, այսինքն, ստացվում է, որ նրանց սահմանապահ զորքերն ամբողջությամբ զինված են, սահմանապահ չեն։ Սահմանապահների անվան տակ, ըստ Նիկոլի եւ Ալիեւի պայմանավորվածության, լինելու են ադրբեջանական զորքեր։ Պաշտպանական գիծը էլի քանդվելու է»։ Պատգամավորը նաեւ հավելեց՝ գործընթացը, անգամ այս սցենարով, սահմանազատման ու սահմանագծման հետ կապ չունի, որովհետեւ խոսքը միակողմնանի զիջումների մասին է, ինչն անընդունելի է։

Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ Փաշինյանը տավուշցիներին սպառնացել էր՝ եթե Ադրբեջանի պահանջած 4 գյուղները չհանձնեն, մեկ շաբաթից պատերազմ կլինի։ Առաջին դեմքի մակարդակով պատերազմի սպառնալիքը սակայն, հակառակ էֆեկտը ունեցավ՝ պարտվողականության ու վախի փոխարեն համախմբեց տավուշցիներին ու կարծրացրեց նրանց դիմադրությունը։ Գառնիկ Դանիելյանը վարչապետի հռետորաբանության փոփոխությունը հենց այս հակազդեցությամբ է պայմանավորում, ասում է՝ եթե ժողովրդական ճնշումը շարունակվի,Փաշինյանը հետ կկանգնի իր ծրագրից։

Փաշինյանի հաջորդ կանգառը Կիրանցն է եղել, ապա Բերքաբերը։ Մեզ հասած տեղեկություններով, այստեղ Փաշինյանն ասել է, թե Բաղանիս-Այրում գյուղը պետք է լինի ադրբեջանական վերահսկողության ներքո, իսկ ճանապարհը՝ ոչ։ «Հրապարակ»-ի աղբյուրը նաեւ փոխանցեց՝ գյուղերում նրա հայտարարությունները իրարամերժ են եղել, մասնավորապես, Բերքաբերի վերաբերյալ Ոսկեպար գյուղում Փաշինյանը  հայտարարել է, թե Բերքաբերի ջրամբարից այն կողմ (Ջողազի ջրամբար) հողերը պետք է զիջվեն, իսկ Բերքաբեր գյուղում, թե` ձեր հողերը ձեզ են մնալու։ 

Հ․Գ․ «Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերում այսօր տեղի ունեցած հանդիպումներից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ։ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կամ նրան ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնյայի, պետական մարմնի կողմից՝ պաշտոնապես հերքվում է»,- տավուշյան այցի վերաբերյալ օրվա ընթացքում ԶԼՄ-ներով տարածվող տեղեկությունները շտապել էր հերքել Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը` չմանրամասնելով, թե այդ որ տեղեկություններն են իրենց անհանգստացրել։

Մարիաննա Ղահրամանյան