Վրաստանում կրկին բախումներ են եղել․ ձերբակալվածներ կան

Վրաստանում կրկին բախումներ են եղել․ ձերբակալվածներ կան

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Թբիլիսիում Կառավարության շենքի մոտ օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ անցկացված ակցիայի ժամանակ երկու հոգու ձերբակալել են, որոնցից մեկի մոտ եղել է շեղբերով զենք։ Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է Newsgeorgia-ն։

«Բողոքի ցույցի ընթացքում ցուցարարները մեկ անգամ չէ, որ բռնի գործողություններ են կատարել։ Մի քանի ցուցարարներ չենթարկվեցին ոստիկանության օրինական պահանջներին՝ իրենց բողոքը հանգիստ արտահայտելու համար, ինչի պատճառով երկու հոգի ձերբակալվեցին։ Նրանցից առգրավվել է շեղբերով զենք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մինչ այդ Թբիլիսիում՝ Կառավարության շենքի մոտ բախումներ են սկսվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքող ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանության հետ ծեծկռտուքի մեջ հատկապես ակտիվ է եղել ընդդիմադիր «Քաղաքացիներ» կուսակցության պատգամավոր Ալեքսանդր Էլիսաշվիլին, ով երկուշաբթի օրը, օտարերկրյա գործակալների մասին օրինագծի հանձնաժողովում լսումների ժամանակ, բռունցքով հարվածել էր իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի գլխին։

Բացի այդ, ակցիայի մասնակիցները պահանջել են հանդիպում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, ինչից հետո Ռուսթավելի պողոտայից շարժվել են դեպի կառավարության շենք։