Հերթական դեկլարատիվ, պոպուլիստական հայտարարությունը, որը ոչ մի լավ բան չի կարող տալ, վնասից բացի

Հերթական դեկլարատիվ, պոպուլիստական հայտարարությունը, որը ոչ մի լավ բան չի կարող տալ, վնասից բացի

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին նամակ է հղել` առաջարկություն է արել, որտեղ մասնավորապես ասվում է. «Վերջին շրջանում Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկատվություն է տարածում, թե Հայաստանի Հանրապետության ՊՆ ստորաբաժանումների կողմից տեղի են ունենում հրադադարի ռեժիմի խախտումներ: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է բոլոր այդ մեղադրանքները, Ադրբեջանը շարունակում է այդօրինակ տեղեկատվության տարածումը: Ի շարունակություն Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ սույն թվականի հունիսի 15-ին արված հայտարարության եւ ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կամքն է՝ թույլ չտալ լարվածության առաջացում, Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»: 

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանից հետաքրքրվեցինք` ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք չի նշանակում, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության եւ պաշտպանության նախարարության աշխատանքը կասկածի տակ է դրվում, նրանց հեռացնում են իրենց բուն գործառույթներից եւ դա հանձնում են վարչապետի աշխատակազմին, որը նման գործառույթներ չունի: 

«Ուզում են նման խումբ ստեղծել, որպեսզի կանխեն պրոցեսները, կրակոցներ չեն եղել, լինելու դեպքում էլ ցանկանում են հասկանալ պատճառները, եթե սուբյեկտիվ պրոցեսներ կան, դրանց տալ գնահատականներ: Այդ մարդն Ադրբեջանի հետ գնում է խաղաղության, ինչի՞ վրա եք զարմանում: Այդ կոնտեքստում այն, ինչ տեսնում եք, լրիվ նորմալ է: Եթե քաղաքական մոտեցումն այն է, որ Հայաստանն ամեն գնով ցանկանում է հասնել խաղաղության, ապա այսպես էլ պետք է լիներ: Այս մարդիկ իրենց քաղաքական ուղեծրում նպատակ են դրել ամեն կերպ հասնել խաղաղության, դրա հետ մեկտեղ, եթե գնում են խաղաղության, ապա պետք է համագործակցության եզրեր գտնեն, որպեսզի կարողանան համագործակցել Ադրբեջանի հետ՝ տարբեր խնդիրների, հարցերի հետ կապված: Հարցերից մեկն էլ կրակոցներն են, պարբերաբար դրանք լինում են, գուցե հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը պարբերաբար հայտարարություններ է անում, որ զինվորականները կրակ են բացում իրենց ուղղությամբ, բայց հայկական կողմը հերքում է այդ լուրերը: Ենթադրում եմ` հենց այս հանգամանքով է պայմանավորված, ցանկանում են Ադրբեջանի սադրանքները, ստերը հերքել: Պետք է մի մարմին, որը կասի` եղե՞լ են կրակոցներ, թե՞ չեն եղել, կամ՝ ո՞ւմ կողմից են եղել»,- ասաց Համբարձումյանը: Եթե Ձեր պաշտոնավարման շրջանում լիներ նման որոշում, հայտարարություն, ի՞նչ գնահատական կտայիք դրան, ԱԱԾ-ն այսօր եթե աշխատեր ի շահ պետության, ի՞նչ պետք է աներ այս պարագայում։ «Հարցին պետք է նայել ընդհանուր քաղաքական կոնտեքստում, եթե քաղաքականությունն այն է, որ հայկական կողմը եզրեր է փնտրում, պրոցեսներ է տանում՝ խաղաղության պայմանագրին հասնելու, այդ կոնտեքստում` լավ են անում, վատ են անում, դա էլ առանձին թեմա է, բնականաբար, պետք է նման քայլերի գնան: Պետք է քայլ անեն, որպեսզի Ադրբեջանի հետ ինչ-որ մարմին ստեղծեն, որը ռեալ կարտացոլի սահմանում տեղի ունեցող պրոցեսները՝ փոխադարձ կրակոցների եւ սադրանքների հետ կապված: Հայաստանն այսօր չի անի քայլեր, որոնք պատերազմ կհրահրեն, որովհետեւ ընդհանուր քաղաքականությունը միտված է, այսպես կոչված, խաղաղությանը: Նրանք նույնիսկ չափից դուրս զիջումների գնով են պատրաստ գնալ խաղաղության, իսկ դա արդարացված է կամ արդարացված չէ՝ դա էլ ժամանակը ցույց կտա: Այնուամենայնիվ, չպետք է այդ քայլերն անեն մեր ազգային արժանապատվության եւ շահերի հաշվին»,- նշեց նա:

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն էլ, անդրադառնալով թեմային, նշեց. «Սա այն դեկլարատիվ ու պոպուլիստական հայտարարություններից է, որոնք Փաշինյանն անում էր: Այդքան շո՞ւտ մոռացանք` նա ժամանակին հայտարարում էր, որ պետք է օգտակար մեխանիզմներ ստեղծել` համատեղ հանձնաժողովներ, սպառազինությունը հավասարակշռելու տեսանկյունից: Սա՝ այն դեպքում, երբ մեկ օրվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ հայտարարում է, որ հայկական կողմը մեկ օրվա ընթացքում` յոթ անգամ կրակել է: Սա ոչ միայն ազգային անվտանգության տեսանկյունից է խնդիր, այլեւ դարպասները բոլորի առաջ վերջնականապես բացելու: Արդեն որերորդ տարին է՝ եվրոպացի դիտորդները գալիս են, նրանց մի մասն էլ զինվորական գործիչներ են, բա նրանց բանուգործն ի՞նչ է, թող նրանք ասեն` ո՞ր կողմն է կրակ բացում առաջինը: Սա հերթական մեխանիզմն է, որը կարող է մերձեցնել հայ-թուրքական հարաբերությունները: Ոչ մի լավ բան այս պրոցեսը չի կարող տալ, վնասից բացի: Նմանատիպ դեկլարատիվ հայտարարությունները ողջունում է նաեւ ԱՄՆ-ն»: