Նիլ Հիլբորն. ՕԿԽ

Նիլ Հիլբորն. ՕԿԽ

Երբ առաջին անգամ ես տեսա նրան…
Ամեն ինչ գլխումս լռեց։
Բոլոր տիկերը, պարբերաբար թարմացվող պատկերներն ուղղակի անհետացան.
Երբ դու ունես օբսեսիվ կոմպուլսիվ խանգարում, դու չես ունենում լուռ պահեր:
Անգամ անկողնում ես մտածում եմ.
Փակեցի՞ դուռը, այո՛:
Լվացի՞ ձեռքերս, այո՛:
Փակեցի՞ դուռը, այո՛:
Լվացի՞ ձեռքերս, այո՛:
Բայց երբ ես տեսա նրան, 
միակ բանը, ինչի մասին կարող էի մտածել, նրա շրթունքների ծալվածքն էր…
Կամ նրա այտի վրայի թարթիչը,
Նրա այտի վրայի թարթիչը,
Նրա այտի վրայի թարթիչը:
Ես գիտեի, որ նրա հետ պիտի խոսեմ:

Ես ժամադրեցի նրան վեց անգամ երեսուն վայրկյանում։
Նա ասաց «այո» երրորդ անգամից հետո, 
բայց դրանցից ոչ մեկը ճիշտ չթվացին, ուստի ես պիտի շարունակեի։
Մեր առաջին ժամադրությանը ես ավելի շատ ժամանակ վատնեցի իմ կերակուրը գույներով հարմարեցնելու, քան ուտելու կամ նրա հետ խոսելու վրա…
Բայց նրան դուր եկավ:
Նա սիրում էր, երբ հրաժեշտին պիտի համբուրեի իրեն տասնվեց կամ քսանչորս անգամ, եթե չորեքշաբթի էր։

Նա սիրում էր, որ իմ տուն քայլելը հավերժ էր տեւում, որովհետեւ շատ ճաքեր կային մեր մայթին։
Երբ մենք միասին սկսեցինք ապրել, նա ասաց, որ ապահով է զգում, կարծես ոչ ոք մեզ երբեք չի կարող թալանել, որովհետեւ ես հաստատ փակել եմ դուռը տասնութ անգամ։ 
Ես միշտ նայում էի նրա բերանին, երբ նա խոսում էր,
Երբ նա խոսում էր,
Երբ նա խոսում էր,
Երբ նա խոսում էր, 
Երբ նա խոսում էր.
Երբ նա ասում էր, որ սիրում է ինձ, նրա բերանի եզրերը կլորանում էին վեր։

Գիշերը նա պառկում էր անկողնում եւ նայում էր՝ ինչպես եմ անջատում լույսերը… միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում, միացնում, անջատում:

Նա փակում էր աչքերը եւ պատկերացնում էր, որ օրերն ու գիշերներն անցնում են դիմացով։
Որոշ առավոտներ հրաժեշտին ես սկսում էի համբուրել նրան, բայց նա ուղղակի գնում էր, որովհետեւ ուշանում էր աշխատանքից իմ պատճառով…

Երբ ես կանգ առա մայթի ճաքի մոտ, նա ուղղակի շարունակեց քայլել…
Երբ ասաց, որ սիրում է ինձ, նրա բերանը ուղիղ գիծ էր։
Նա ասաց, որ իրենից չափազանց շատ ժամանակ եմ խլում։
Անցյալ շաբաթ նա սկսեց քնել իր մոր տանը։

Նա ասաց, որ չպիտի թույլ տար ինձ կապվել այդքան իր հետ, որ այս ամենը սխալ էր, բայց…
Ինչպե՞ս կարող է այն սխալ լինել, երբ ես չպետք է լվանամ ձեռքերս նրան դիպչելուց հետո։
Սերը սխալ չէ, եւ դա սպանում է ինձ, որ նա կարող է փախչել այս ամենից, իսկ ես՝ ոչ։
Ես չեմ կարող, չեմ կարող գնալ ու գտնել նոր մեկին, որովհետեւ միշտ նրա մասին եմ մտածում։
Սովորաբար, երբ ես տարված եմ ինչ-որ բաներով, ես տեսնում եմ իմ մաշկի մեջ մտնող մանրէներ։
Տեսնում եմ ինքս ինձ ջախջախվող մեքենաների անվերջանալի շղթայի կողմից…
Նա առաջին գեղեցիկ բանն էր երբեւէ, որով տարվել եմ։

Ես ուզում եմ ամեն առավոտ արթնանալ մտքով, թե ինչպես է նա ղեկը բռնում…
Ինչպես է պտտում լոգարանի բռնակները, կարծես սեյֆ է բացում։
Ինչպես է փչում մոմերը,
Փչում մոմերը,
Փչում մոմերը,
Փչում մոմերը,
Փչում մոմերը,
Փչում…

Հիմա ես միայն մտածում եմ՝ ով է նրան համբուրում։
Ես չեմ կարողանում շնչել, որովհետեւ նա միայն մի անգամ է համբուրում, նրան չի հետաքրքրում, եթե կատարյալ չի ստացվում:
Ես այնքան շատ եմ ուզում նրան վերադարձնել…
Ես դուռը բաց եմ թողել։
Ես լույսը միացրած եմ թողել։

Անգլերենից թարգմանությունը` Էվելինա ԴԱՄԻԱՆԻ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ