Սամանտա Շվեբլին. Վերջին պտույտ
Խուլիան ժպտում է ինձ մյուս ձիու վրայից։ Երբ կենդանին բարձրանում է, նրա բաշը լուսավորվում է, երբ իջնում է, Խուլիան բռնվում է ձողից ու ձգվում ետ՝ ինձ նայելով: Մենք գեղեցիկ հնդկացիներ ենք։ Կարուսելին նստած՝ ձիավարում ենք դեպի անսահմանություն, խուսանավում անիմանալի վտանգներից եւ փրկում մահից՝ վտանգի մեջ գտնվող կենդանիներին: Եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, եթե մեզ անհրաժեշտ է լինում կրկնապատկել մեր ուժերը, մենք զարկում ենք իրար մեր մատանիների ռուբինները, եւ տիեզերական էներգիան մեզ գերուժ է տալիս: Խուլիան ձեռքը մեկնում է դեպի ինձ, եւ ես բռնում եմ նրա մատները, հազիվ ենք իրար հասնում։ Հարցնում է՝ սիրո՞ւմ եմ իրեն։ Ասում եմ՝ այո´։ Հարցնում է, թե արդյոք մենք հավերժ ապրելո՞ւ ենք միասին: Ասում եմ՝ այո´։
Նա հարցնում է, թե արդյոք մի օր մենք կունենա՞նք ամրոց, արդյոք այն հսկայակա՞ն է լինելու, եւ թե արդյոք հնդկացի կանայք ապրո՞ւմ են նման հսկայական ամրոցներում: Ասում եմ՝ այո´, իհարկե, գեղեցիկ հնդկացի կանայք հենց այդպես էլ անում են։ Մայրիկը նստարանին սպասող մարդկանց մեջ է: Փնտրում եմ, բայց չեմ տեսնում նրան։ Գրկում եմ ձիուս ոսկեգույն բաշը։ Խուլիան ընդօրինակում է ինձ, եւ մենք սպասում ենք, որ տեսնենք մայրիկին ու ողջունենք նրան: Պտտվում է կարուսելը, իսկ մայրիկը դեռ չկա: Երկու եղբայր նստարաններից մեկից մեզ են նայում։ Ուրիշ մարդիկ էլ կան, մյուս երեխաներն իրենց ծնողների հետ միասին հերթ են կանգնել տոմսարկղի մոտ: Երբ մեկ պտույտ էլ ենք անում, եղբայրներից կրտսերը ձեռքով մեզ է ցույց տալիս։ Նստած են մի շատ ծեր կնոջ կողքին, որը նույնպես մեզ է նայում։ Արծաթագույն շալ ունի, մազերը ճերմակած են, մաշկը՝ մուգ, հոգնած տեսք ունի: Որտե՞ղ է մայրիկը՝ ասում է Խուլիան: Ես փնտրում եմ մայրիկին: Տոմսավաճառը, որ շխկշխկացնում է բանալին, առաջվա տոմսավաճառը չէ, ուրիշ է։
Կարուսելը կանգ է առնում, պետք է իջնենք։ Եղբայրները թողնում են իրենց նստարանը եւ գալիս դեպի մեր ձիերը։ Բոլոր եղած ձիերից նրանք ուզում են հենց մերը, եւ ստիպված ենք տալ նրանց: Խուլիան կառչում է ձիուց, նայում տղաներին, որ արդեն նստում են։ Դու պետք է իջնես՝ ասում եմ։ Նայում է ինձ վախեցած՝ մեր ձիերն են ուզում, ռուբինները զարկենք իրար՝ ասում է՝ ձեռքը մեկնելով դեպի ինձ։ Ես մտածում եմ անել նրա ասածը, բայց եղբայրները մագլցում են վեր, ինձ անհանգստացնում է այն, որ մայրիկին այդպես էլ չեմ տեսնում:
Ավագ եղբայրը մոտենում է ինձ եւ երկու անգամ ապտակում ձիուս մռթին։ Մյուս եղբայրը շարժումով հասկացնում է Խուլիային, որ իջնի ձիուց: Խուլիայի այտերը փքված ու կարմրած են, ուր որ է՝ լաց կլինի: Շոյում եմ ձիուս տաք, պիրկ մաշկը։ Հազիվ եմ հասցնում իջնել ու զգում եմ անմիջապես էլ, որ տղան ուժով բռնում է սանձը եւ հեծնում ձիուն։ Նա ոտքերով հարվածում է, գոռում է, ձիուն վերաբերվում է ինչպես պատերազմող կենդանու։ Կարուսելը սկսում է շարժվել, եւ ես հանկարծ նկատում եմ, որ Խուլիան այլեւս իր ձիու վրա չէ, ոչ էլ իմ կողքին: Պետք է իջնեմ, բայց չեմ գտնում նրան։ Ոչ էլ մայրիկին: Եղբայրների տատիկը քայլում է իմ կողմ եւ շարժումով օգնում, որպեսզի ցատկեմ։ Նրա ձեռքերը վախեցնում են ինձ։ Նա վերցնում է մատներս իր ձեռքերի մեջ։ Ասես սառույց լինի եւ այնքան նիհար, թվում է՝ դիպչում եմ նրա ոսկորներին:
Կարուսելը շարունակում է պտտվել: Ես ցատկում եմ, սայթաքում ենք: Ընկնում եմ կեղտոտ գետնին եւ մտածում, որ նա էլ ինձ հետ ընկավ: Փորձում եմ վեր կենալ, բայց չեմ կարողանում։ Ինչ-որ բան է կատարվում: Թափանցող ցավ եմ զգում ամբողջ մարմնովս մեկ, ինչ-որ բան, որ ճնշում է, ճզմում է, անբացատրելի մի բան: Ձեռքերս ու ոտքերս ուշացումով են արձագանքում, դանդաղաշարժ են դարձել, այլեւս չեն դիմանում իրենց սեփական ծանրությանը: Մրսում եմ, ուժերս լարում եմ ու հազիվ եմ կարողանում շրջվել դեպի կարուսելը։
Հետո աջից հայտնվում են եղբայրները. երկու զինվոր՝ նժույգներին հեծած։ Երբ ավագ եղբայրն ինձ տեսնում է, վախեցած մատնացույց է անում ինձ, եւ անմիջապես սկսում են իջնել։ Մի քանիսը ծնողներից մոտենում են ինձ եւ օգնում նստել: Դա նրանց դժվարությամբ է հաջողվում, զգուշորեն օգնում են ինձ բարձրանալ։ Ուղեկցում են ինձ մինչեւ նստարան։ Եղբայրներից ավագը շոյում է մազերս ու շալը գցում ուսերիս, կրտսերը նստում է կողքիս ու վախեցած նայում ինձ։ Աչքս ընկնում է մատանուս. փայլուն ռուբինը՝ իմ մուգ ծեր մաշկի վրա: Մնում եմ այդպես անշարժ, մատներս՝ ոսկրոտ ծնկներիս, հայացքս՝ անհեծյալ ձիերի վարգին… որ բարձրանում են եւ իջնում են: Բարձրանում են եւ իջնում են: Իսկ ետեւում՝ անծայրածիր կանաչ մարգագետինները, որ բաժանում են ինձ ամրոցից։
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի Գրիգորյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ