Միջազգային կառույցը՝ Ուկրաինայի գաղտնի աջակի՞ց

Միջազգային կառույցը՝ Ուկրաինայի գաղտնի աջակի՞ց

44-օրյա պատերազմի ժամանակ մենք մեզ երջանիկ կզգայինք, եթե ողջ արեւմտյան աշխարհը դատապարտեր Ադրբեջանի ագրեսիան: Միաժամանակ ռազմական օգնություն ցուցաբերեր Հայաստանին: Այս օրերին Ուկրաինային ցուցաբերվող օգնության գոնե 10 տոկոսի չափով: Էլ չեմ խոսում միջազգային որեւէ կառույցի մասին: Այո, որքան էլ զարմանալի լինի, ՄԱԿ-ի ենթակայության ներքո գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ), ենթադրաբար, գաղտնի համագործակցել է Ուկրաինայի վարչակազմի հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ-ի առնչությամբ:

Ենթադրությունս հիմնված է փաստացի հանգամանքների վրա: Նախ, կառույցի ղեկավար Ռաֆայել Գրոսին համառորեն չէր ցանկանում տեսնել ակնհայտը. այն, որ ԱԷԿ-ը հրթիռակոծվում է ուկրաինական ԶՈՒ-ի կողմից: Որովհետեւ տրամաբանության հետ փոքրիշատե առնչություն ունեցող ցանկացած մեկը կարող էր հասկանալ, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ռուսական ենթակայության տակ անցած ԱԷԿ-ը չէր կարող ռուսական զենքի թիրախ հանդիսանալ:

Երկրորդ... Այ, դա ավելի հետաքրքիր է. ՄԱԳԱՏԷ-ի մեկ տասնյակից ավելի փորձագետներ վերջապես որոշում են հյուսիսով՝ Կիեւի վրայով եւ ռազմաճակատի գիծը հատելով՝ հասնել ատոմակայան: Չնայած շատ ավելի անվտանգ էր հարավով, ռուսական ենթակայության տարածքով ԱԷԿ հասնելը: Դա նման է ձախ ականջը աջ ձեռքով պարանոցի հետեւից բռնելուն: 

Բայց պարզվում է, որ առերեւույթ անհեթեթ այդ ուղին հենց այնպես չէր ընտրվել: Սեպտեմբերի 1-ի լուսաբացից առաջ ուկրաինական դեսանտային զորաջոկատը հատել է Դնեպր գետը՝ ափ դուրս գալով ԱԷԿ-ի հարեւանությամբ: Այնուհետ դիմել է հարձակման ԱԷԿ-ը պաշտպանող ռուսական ջոկատի ուղղությամբ: Նախնական հաջողության դեպքում նրան պետք է միանար Դնեպրի աջ ափից դեպի ԱԷԿ ուղեւորվող ավելի մեծաքանակ հաջորդ խումբը, սակայն գործողությունը տապալվել է: Երկու խումբն էլ համարյա ամբողջությամբ ոչնչացվել են: Իսկ հիմա ամենակարեւորը՝ երբ արդեն որոշում էր կայացվել ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների այցի մասին, հայտարարվել էր, որ դրանց մի մասը մնալու է ԱԷԿ-ում մշտապես: Ինչն անիմաստ էր, քանի որ ռուսական կողմն ապահովում է ԱԷԿ-ի անվտանգ շահագործումը: Բայց եթե ուկրաինական գործողությունը հաջողությամբ պսակվեր, ապա փորձագետների մշտապես մնալն իմաստ է ձեռք բերում:

Փաստորեն, փորձագետների այցի եւ ուկրաինական դեսանտի ափհանումը համաձայնեցված է եղել: Դեսանտը գրավում է ԱԷԿ-ի տարածքը, եւ այդ պահին հասնում է փորձագիտական խումբը, որը հայտարարում է, որ ԱԷԿ-ն անցել է ուկրաինական ենթակայության ներքո: Եվ Ռուսաստանը ոչինչ անել չէր կարող՝ ռազմական ճանապարհով ԱԷԿ-ը հետ վերցնելու դեպքում հաստատ փորձագիտական ողջ խումբը կամ խմբի մեծ մասը կոչնչացվեր: Երեւի հենց այդ պատճառով էլ ամերիկյան ու անգլիական փորձագետները չեն ներառվել ԱԷԿ այցելող փորձագիտական խմբի կազմում: Ընդ որում, կարող էր ոչնչացվել նույնիսկ ուկրաինացիների կողմից. ստուգողն իրենք չէի՞ն: Եվ մեղքը բարդվելու էր ռուսների վրա, ինչի արդյունքում ՄԱԿ-ում ՌԴ-ն կհռչակվեր ահաբեկչական պետություն: Ու դա կլիներ առիթ՝ ՆԱՏՕ-ական ուժերն Ուկրաինա մտցնելու համար: Ինչն էլ, իր հերթին, կհանգեցներ արդեն երրորդ համաշխարհային պատերազմի: 

Իսկ եթե ռուսները փորձ չանեին ատոմակայանը հետ բերելու առումով, ապա կստացվեր փոքր ուժերով մեծ հաջողություն: Ինչը կոգեւորեր ուկրաինացիներին, իսկ արեւմտյան երկրների բնակչությանը կմատուցվեր այնպիսի շեշտադրությամբ, որ հանուն Ուկրաինային մատակարարվող օգնության՝ իրենք պատրաստ կլինեին դիմանալ գների աճին եւ ձմռան ցրտերին: Ի դեպ, ռուսական կողմի տվյալներով, ռազմական այդ գործողությունը մշակվել է անգլիական հետախուզությունում (MI 6): Ենթադրվում է, որ վատ չի աշխատել նաեւ ռուսական հետախուզությունը՝ գործողության մասին նախապես ինֆորմացիա ձեռք բերելով: Ինչեւէ, կարող ենք ասել, որ աշխարհն արդեն որերորդ անգամ փրկվեց երրորդ համաշխարհային պատերազմի վտանգից: Քանի որ այդ գործողության հաջողության դեպքում, եւ եթե ռուսական կողմը մտադրվեր ռազմական ճանապարհով հետ բերել ԱԷԿ-ը, ապա այդ ամենը, վստահաբար, կավարտվեր հենց վերը նշված սցենարով: