Իշխանության անպատասխանատվությունն աղետյալների ճակատագրի նկատմամբ՝ որպես պետության դեգրադացիայի ցուցիչ

Իշխանության անպատասխանատվությունն աղետյալների ճակատագրի նկատմամբ՝ որպես պետության դեգրադացիայի ցուցիչ

«Սուրմալուի» առեւտրականների վճարած հարկերից ամսական 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ու անհայտ քանակի պարգեւավճարներ ստացող էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, որ պետությունը որեւէ պատասխանատվություն չունի այդ առեւտրականների նկատմամբ: «Եթե գործարարներն ապահովագրած լինեին իրենց տարածքը, գույքը, բնականաբար, այդ դեպքում հատուցելի կլիներ: Կառավարությունը չի կարող իր վրա վերցնել փոխհատուցման ֆունկցիան, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը: Եթե գործարարը չի համարել իր ռիսկը մեծ, ապա այդտեղ կառավարությունն անելիք չունի»:

Իսկ որտե՞ղ անելիք ունի կառավարությունը, եւ արդյոք այն, ինչ կառավարության անելիքն է, արվե՞լ է: «Սուրմալուի» պայթյունից հետո հայտնի դարձավ, որ դեռեւս 2021 թվականին  ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը հանձնարարել է ստուգում իրականացնել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում, որի տարածքում գործում է «Սուրմալու» տոնավաճառը։ Արդյունքում հայտնաբերվել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների 16 խախտում: Պարզվել է նաեւ, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ եւ ազատ վաճառքով, ինչը չի թույլատրվում՝ համաձայն ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 18.06.2015թ. 595 հրամանով հաստատված հրդեհային անվտանգության կանոնների: Փաստացի իշխանությունը, տեղյակ լինելով, որ առեւտրի կենտրոնի տարածքում կան հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումներ, թույլատրել է, որ այն շարունակի գործել: Ո՞վ պետք է հետեւեր, որ այդ կանոնները պահպանվեին, արդյոք հագուստի, տնտեսական ապրանքների կամ սննդամթերքի առեւտրով զբաղվող առեւտրականնե՞րը, ովքեր պետք է պարտադրեին, որ առեւտրի կենտրոնում հրագործական արտադրատեսակների պահեստ չլիներ: Թե՞ Հայաստանում, այնուամենայնիվ, կա պետություն, որն ինչ-որ բանի համար պատասխանատու է, ինչ-որ անելիք ունի, որը, սակայն, չի անում:

Վահան Քերոբյանի հայտարարությունը դուրս է միայն «Սուրմալուի» դեպքերի տիրույթից, այլ ընդգրկում է կառավարության եւ ընդհանրապես իշխանության անպատասխանատվությունը երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ: Կառավարությունը եւ իշխանությունը Քերոբյանի բերանով հայտարարում են, որ իրենցից որեւէ սպասելիք չունենանք: Ոչ միայն այս դեպքով, այլ նաեւ ընդհանրապես: Իշխանությունը որեւէ պատասխանատվություն չունի, երբ թշնամու բանակը մտնում է Հայաստանի տարածք, իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չունի, երբ երկրի քաղաքացիները գերի են ընկնում եւ տարիներով պահվում գերության մեջ, իշխանությունը ոչ մի պատասխանատվություն չունի աղքատության, սոցիալական բեւեռացման, երկրում անօրինականության եւ օրեցօր աճող կրիմինալի մթնոլորտի համար, ոչ մի պատասխանատվություն չունի դրամավարկային քաղաքականության եւ դրամի արժեւորման արդյունքում բիզնեսի քայքայման, տեխնածին աղետների ու երկրի դատարկման համար:

Ստացվում է, որ կառավարությունը պատասխանատու է միայն հարկեր հավաքելու, բիզնեսի ու քաղաքացիների վրա ամենատարբեր տուրքեր ու այլ կարգի ֆինանսական պարտավորություններ դնելու, դրանց չկատարման դեպքում տուգանելու համար: Կառավարությունը գոյություն ունի հասարակությունից փող հավաքելու եւ փողը բացառապես սեփական կարիքների համար տնօրինելու համար:

Երբ Վահան Քերոբյանը, ի դեմս կառավարության, հայտարարում է, որ կառավարությունը որեւէ պատասխանատվություն չունի աղետի մեջ հայտնված մարդկանց առաջ, ովքեր կորցրել են իրենց ունեցվածքն ու ապրուստի միջոցը, իրեն թվում է, որ ինքը շատ կարեւոր քայլ կատարեց, քանի որ Նիկոլ Փաշինյանին ազատեց մի քանի հարյուր միլիոն, գուցե՝ միլիարդ, ավելորդ փող ծախսելու պարտավորությունից: Որ այդ մի քանի հարյուր միլիոն կամ միլիարդ դրամը, որ պետք է ծախսեին առեւտրականների վնասները փոխհատուցելու համար, իրենք ինչ-որ ծրագրով դուրս կգրեն բյուջեից, եւ դրանով Փաշինյանը կավելացնի իր անձնական կարողությունը՝ որպես հերթական ձեռքբերում եւ հաջողություն: Մինչդեռ, եթե պնդեր, որ պետության փնթիության եւ անհետեւողականության պատճառով աղետի ենթարկված մարդկանց պետք է օգնել, ապա ինքը կհամարվեր Փաշինյանի անձնական թշնամին, Փաշինյանը կհամարեր, որ Քերոբյանն ուզում է մտնել իր գրպանը, ոտնձգություն է կատարում իր էլ ավելի հարստանալու երազանքի իրականացման դեմ, եւ կարող էր իրեն ազատել աշխատանքից:

Քերոբյանը եւ Փաշինյանը կարող են եւ չհասկանալ, որ եթե իրենք հայտարարում են, թե որեւէ պատասխանատվություն չունեն երկրի, քաղաքացիների, բիզնեսի նկատմամբ, առավել եւս՝ աղետյալների,  ապա այդ նույն քաղաքացիներն ու բիզնեսն էլ սկսում են մտածել, թե իրենք ոչ մի պատասխանատվություն չունեն այդ իշխանության եւ առավել եւս՝ կառավարության նկատմամբ: Իշխանության նկատմամբ պատասխանատվության բացակայությունը փոխակերպվում է երկրի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից հրաժարումի: Որովհետեւ որեւէ նորմալ մարդ չի կարող պատասխանատվություն ունենալ մի իշխանության կամ պետության նկատմամբ, որը միայնակ է թողնում իր աղետյալ քաղաքացիներին:

Եթե Փաշինյանն ու Քերոբյանը մի քիչ պատմություն կարդացած լինեին, կիմանային, որ երբ սեփական իշխանությունն անընդունակ է լինում պաշտպանելու իր քաղաքացիներին կամ առավել եւս ինքն է հարստահարում ու ճնշում նրանց, նման դեպքերում քաղաքացիները գրկաբաց են ընդունում այլ իշխանությունների, որոնք գալիս են հավասարության եւ արդարության հաստատման խոստումներով: Այնպես որ, պետք չէ շատ ուրախանալ, որ մի քանի հարյուր կամ գուցե միլիարդ դրամ բյուջետային միջոց հնարավոր եղավ խնայել, հնարավոր եղավ չվերադարձնել այդ բյուջեն ձեւավորող հարկատուներին, որը հետագայում կարելի է յուրացնել: Չէ՞ որ շատ հնարավոր է, որ շուտով ինչ-որ մեկը Հայաստանը եւ հայ ժողովրդին իրենցից փրկելու հայտ ներկայացնի, ու մարդիկ կարող են գրկաբաց, աղ ու հացով ընդունել նրան: Հայ ժողովրդի ու այլ ժողովուրդների պատմության մեջ բազմաթիվ նման դեպքեր կան, եւ չի կարելի մտածել, որ մեր ապրած ժամանակն ինչ-որ պատճառով պետք է բացառություն լինի:

Ավետիս Բաբաջանյան