«Դու այս երկրին մի լավաշ հացի օգուտ տված կա՞ս»

«Դու այս երկրին մի լավաշ հացի օգուտ տված կա՞ս»

Մտավորականության հետ անհաշտ եմ ի սկզբանե՝ առաջին գումարման Գերագույն խորհրդից,  որտեղ պատգամավոր էին Հրանտ Մաթեւոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Ռուբեն Հովսեփյանը,Վանո Սիրադեղյանը, Վազգեն Սարգսյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Սարգիս Մուրադյանը… Մեծի եւ Խորհրդային Միության ժողպատգամավորի իրավունքով երբեմն նիստերի էր գալիս Սերո Խանզադյանը: Ներկայացված էր գիտական մտավորականությունը՝ Հրաչիկ Սիմոնյան, Ռաֆայել Իշխանյան, Գրիգոր Ավագյան, Կարեն Յուզբաշյան… Հատուկ աղբյուրից չեմ քաղում, անուններ թվարկում եմ հիշողությամբ: Նրանք ինձ՝ Երեւանի քաղաքական թոհուբոհի կենտրոնում գուցե պատահաբար, գուցե՝ օրինաչափորեն հայտնված երեսնամյա տղայիս համար, որ մի քանի ամիս առաջ մարզային թերթի սեփական թղթակից էր նշանակվել, հեղինակություն էին: Եւ այնպես էր թվում, որ բոլորով պիտի նույն ճամբարում լինեին: Իրենք, մինչդեռ, այս կամ այն կողմն էին ընտրել: Եւ, որքան հիշում եմ, մի առնաձնակի շփում էլ չունեին, եթե չասեմ, որ բանակների բաժանված՝ ամեն մեկն իր տեղն էր փորձում գտնել: Մի մասը հեռացող իշխանության հետ էր, մյուսը՝ նոր եկողների, երրորդը՝ որ դեմ էր երկուսին էլ՝ որպես ազգայնական, Դաշնակցության կողքին էր:

Նրանք գերազանցապես նոմենկլատուրային գործիչներ էին, հետստալինյան կոմունիստական իշխանությունը փայփայել էր նրանց, արժանացրել պարգեւների, մրցանակաների, շքանշանների: Երեւանում եւ Մոսկվայում տպագրված նրանց գրքերը տասնյակ հազար օրինակներով վաճառվում էին, բարձր հոնորարներ բերում: Այդ տարիների Երեւանի ամենաշքեղ առանձանատունը Սերո Խանզադյանի Նորքի դղյակն էր: Նրանք չհաշտվեցին իրականության հետ՝ որ անկախության ճանապարհ բռնած աղքատ ու երկու թուրքական պետություններով շրջափակված Հայաստանի իշխանությունը տարրական հնարավորություն չունի՝ բավարարելու իրենց նրբացած ճաշակի կարիքները: Որ «Գրական թերթը» չի կարող բանաստեղծական տողին երեք դոլար հոնորար վճարել՝ ինչպես Խորհրդային Հայաստանում էին երեք ռուբլի ստանում եւ գնում «Արմենիայի» ռեստորանում հարբում եւ հայհոյում Կենտկոմի քարտուղարին: Երկրից արտագաղթի մեկնարկը մտավորականությունն է տվել: Առաջինը նրանք են «ուրացել»: Հետո՝ խորհրդային «ցեխավիկները» եւ կոմկուսակցական չինովնիկությունը: Մտավորականությունը չպետք է «դասալքեր»: Որովհետեւ դրանից է սկսվել օտար ծառայությունների հոգեորսությունը: Այդպես է մեր իրականություն եկել արտասահմանյան դրամաշնորհը: Իսկ ով վճարում, նա էլ պատվիրում է: Եւ հիմա  հայ մտավորականը, որ Արցախի վրա գուրգուրանքով պիտի դողար, Զատկի տոնի օրով ֆեյսբուքից չարագուշակում է, որ եթե ապրիլի 14-ին նախագահական «ընտրությունների» (ինքն է չակերտել) երկրորդ փուլը տեղի ունենա, համավարակի պիկը կլինի 24-ին եւ ամփոփում. «Թուրքը սենց բան չէր անի»: Նախագահի նրա իդեալը քվեարկության առաջին փուլում պարտվել է: Դառնությունը, մաղձը դրանից է: Թե չէ Արցախը նրա համար եղած-չեղած՝ մի հաշիվ է: Կարեւորը՝ նոր դրամաշնորհ ստանա եւ նկարի հերթական տափակ ֆիլմը: Բան չունեմ ասելու, ավարտում եմ ֆեյսբուքյան իմ գրառմամբ. «Էս երկրում ով երկու տող բան ունի գրած, իրեն Չարենց է երեւակայում, Պարույր Սեւակ կամ Համո Սահյան՝ օպոզիցիա: Հարգելիներս, նախ «Գիրք ճանապարհի» եւ «Եղիցի լույս» ու «Քարե պատարագ ստեղծեք, հետո օպոզիցիա եղեք: Հրանտ Մաթեւոսյանն ասում էր. «Դու այս երկրին մի լավաշ հացի օգուտ տված կա՞ս»»: