Գյումրու «Տեխնոպարկը» մեծ հաջողությունների է հասել, բայց գյումրեցիների մեծ մասը չգիտի, թե դա ինչ է

Գյումրու «Տեխնոպարկը» մեծ հաջողությունների է հասել, բայց գյումրեցիների մեծ մասը չգիտի, թե դա ինչ է

2014 թվականի սեպտեմբերի 13-ին Գյումրիում հանդիսավորությամբ բացվեց  Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը, որը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքն էր։ Տեխնոպարկը պետք է համակենտրոնացներ բարձր տեխնոլոգիաներ կիրառող կազմակերպությունները, գիտական ու ուսումնական կենտրոնները։ Հույս կար, որ տեխնոպարկի ստեղծմամբ Գյումրին կդադարի աղետի բրենդը կրելուց, «ռեբրենդինգ» կլինի եւ կդառնա տեխնոքաղաք։ 

«Տեխնոպարկն» ինովացիոն ծրագրային մշակումներ պետք է կատարեր, սակայն թե դա ինչ է նշանակում իրականում, քչերն էին պատկերացնում։ Այսօր Գյումրիում կան մարդիկ, որոնք չեն էլ լսել «Տեխնոպարկի» մասին։ Քաղաքում միայն խոսակցությունների թեմա է այն, որ «Տեխնոպարկը» վերցրել է քաղաքի կենտրոնի լավագույն շենքերից մեկը՝ Մանկավարժական ինստիտուտի հին շենքը՝ այդ բուհը կենտրոնից «արտաքսելով» 58-րդ թաղամաս։ Ոմանք էլ, երբ ասում ես՝ Գյումրու «Տեխնոպարկ», հասկանում են «Թումո» կենտրոնը։ Մինչդեռ Գյումրիի «Թումոն» ընդամենը նույն շենքում է տեղակայված։ Ըստ քաղաքում շրջող լուրերի՝ այն ձգտում է տեղափոխվել այլ տարածք։ 
Տեխնոպարկի՝ «Եվրոտեխնոլոգիական կենտրոնի» գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը հայտնեց, որ «Տեխնոպարկը» «Թումո» նորարարական կենտրոնին ժամանակավորապես սենյակներ է հատկացրել, մինչեւ որ նոր շենքը, որն արդեն հատկացվել է «Թումոյին», պատրաստ լինի։ «Դա այգու ներսում գտնվող հին թատրոնի շենքն է, որը հիմա վերանորոգում են»,- ասաց Ամալյա Եղոյանը։ Նա համակարգում է Հայաստանի բոլոր  գրասենյակների աշխատանքը։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավարը վստահեցնում է, որ 2014 թվականի ծրագրերը նպատակների առումով նույնիսկ գերազանցվել են։ «Մի քանի  առաքելություն ունենք՝ նեղ մասնագիտական տեխնոլոգիական ծրագրերի իրականացում, որտեղ  դասավանդում են տեխնոլոգիական բիզնեսի մասնագետներ, զուգահեռ մենք բանակցում էինք Երեւանում գործող արտասահմանյան ընկերությունների հետ, որոնք, տեսնելով այս պոտենցիալը, իրենց մասնաճյուղերը հիմնեն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Այսօր 26-27 այսպիսի ընկերություններ են գործում Գյումրու կենտրոնում՝ Synergy, GLA, «Թվային նուռ» եւ այլն։ Նաեւ սկսնակ ընկերություններ ենք ստեղծել՝ գյումրեցիներից կազմված՝ SKYLINY studio, IT space, Chessyfy եւ այլն»։ Դա, ըստ Ամալյա Եղոյանի, հնարավոր դարձավ պետության կողմից ՏՏ ոլորտին տրված արտոնությունների շնորհիվ, «ֆրիլանս» թիմերն անմիջապես վերածվեցին ընկերությունների։ «Եվ, վերջապես, մեծ դեր խաղաց ՀԲ-ի ու ԵՄ-ի կողմից կազմակերպվող դրամաշնորհի տրամադրումը՝ որպես աջակցություն սկսնակ ընկերությունների ձեւավորմանը մայրաքաղաքից դուրս»,- պատմում է Ամալյա Եղոյանը։ Կարծիք կա, որ փողերը ջուրն են գցել, ու ոչինչ չի ստեղծվել։

Ինչո՞ւ այդ աշխատանքը տեսանելի չէ։ Տեխնոլոգիաների զարգացման ծրագրի ղեկավարն ասում է․ «Դա ճիշտ չէ։ Տեխնոպարկի ծրագրի շնորհիվ մենք ունենք 4 փայլուն երիտասարդներ, որոնք մի 6 տարի առաջ արտագաղթել էին, բայց հիմա հետ են եկել եւ իրենց ընկերություններն են ստեղծել Երեւանում։ Խթանվեց ներգաղթը։ Այսօր այդ ընկերությունները ՀԲ-ի, Lancome, Fujitsu, այլ կազմակերպությունների պատվերներն են կատարում»: Ամալյա Եղոյանը դժվարացավ ասել, թե այս պահին որքան գումար է ծախսվել «Տեխնոպարկի» վրա եւ ինչքան էր նախատեսվում ծախսել 2014 թվականին՝ խոստանալով թվերը ներկայացնել ուշ։ Ամալյա Եղոյանն այն գործիչներից է, որոնք օրգանական անցում են կատարել նախկիններից դեպի ներկաներ։ Նա  համարվում էր վարչապետ Կարեն Կարապետյանի թիմի անդամ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի տեղակալն էր, որը հեղափոխությունից հետո ազատվեց պաշտոնից՝ տեղափոխվելով «Ձեռնարկությունների ինկուբատոր»։

Ինչպե՞ս դուրս եկաք նախարարությունից, ազատեցի՞ն Ձեզ։ «Ես որոշեցի դուրս գալ, որովհետեւ ամեն ինչ գնում էր դեպի քաղաքականացված կառուցվածք, որն իմը չէր»,- ասում է Եղոյանը։ Նախարարությունում նա համակարգում էր տեխնոլոգիական ոլորտը, մարզերի երիտասարդությանը ՏՏ ոլորտում ներգրավելու աշխատանքով էր զբաղվում, որը հիմա շարունակում է։ Կարծում է, որ հիմա էլ շատ լավ աշխատում է նոր կառավարության հետ։ «Արտգործնախարարի հետ վերջերս Աֆրիկա մեկնեցինք, պատրաստվում ենք մեր լուծումները տալ այլ երկրներին»։ Ու ստացվո՞ւմ է։ «Այո, շատ լավ։ Պետք է հավատալ»։  
Հավատի գործոնը մեր կյանքում անգերազանցելի է, բայց կարծիք է տարածված, որ «Ձեռնարկությունների ինկուբատորի» գործողությունն անհամաչափ է դրա ստեղծման համար ծախսված ահռելի գումարների հետ, որ սա նախկին կառավարիչների ստեղծած փուչիկներից էր, որը դեռ չի պայթել, բայց հաջողություններ էլ չի արձանագրում։