Թատրոնի շենքի շինարարության համար հատկացված գումարը կա, բայց շենքը չկա 

Թատրոնի շենքի շինարարության համար հատկացված գումարը կա, բայց շենքը չկա 

Մոտ կես տարի առաջ մշակույթի նախարարությունը հայտարարեց, որ Մոսկովյան 5 հասցեում գտնվող նախկին հանրապետական զինկոմիսարիատի շենքը կտրվի Մնջախաղի պետական թատրոնին։ Սակայն, ի հեճուկս պաշտոնական հայտարարության, դեռ որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ։ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ասում է, որ իրենց նամակներին ու զանգերին նախարարությունից չեն պատասխանում․ «Փաստորեն, ճիշտ բարեփոխումներ արեցին, ո՛չ հարցեր կլինեն, ո՛չ էլ հարցերին պատասխանող»։ 

Դադասյանը չգիտի, թե որն է գործընթացի դանդաղման պատճառը։ «Խնդիրը կարեւոր է նրանով, որ պետք է լինի այդ թուղթը՝ կառավարության որոշման տեսքով։ Այսինքն՝ դա պետք է արվի, որ կառավարության որոշումով այդ հատկացումը լինի, ու նոր դրա հիման վրա կարողանանք տենդեր հայտարարել, եւ դրանից հետո էլ նախագիծն ու շինարարությունն արվեն։ Ավելին ասեմ՝ ես տեղեկացված եմ, որ Քաղաքաշինության պետական կոմիտեում մեր թատրոնի շինարարության համար հատկացված գումար կա՝ մոտ 50 մլն-ի չափով, որն անցյալ տարվանից տեղափոխվել է այս տարի եւ սպասում է, այսպես ասած՝ իր բուն նպատակի կիրառմանը: Եթե այդ շենքը լինի, որը մեզ խոստացել են, ապա կարծում եմ՝ նույնիսկ այդ գումարը կարող է բավարար լինել, որ այդտեղ վերակառուցումն արվի»,- ասում է Դադասյանն ու նկատում․ թվում է՝ ամեն ինչը կա, բայց ոչինչ չի արվում։

Թե ով է այս պահին գործընթացն արգելակում, Դադասյանը դժվարանում է ասել․ «Ես չգիտեմ, թե իմաստը որն է արգելակելու, եթե պետք է տանեն, կամերաների առաջ ցուցադրեն, ասեն՝ այս շենքը ձերն է լինելու, մնում է թղթային հարցերը լուծենք, դրանից հետո արգելակելն ի՞նչ իմաստ ունի։ Ինձ թվում է՝ ինչ-որ խնդիրներ կան, որոնց մասին մենք ուղղակի չգիտենք։ Ի տարբերություն մեր շենքի, օրինակ՝ Համազգային թատրոնի դեպքում շենքը մասնավորն է կառուցում, եւ նախկին իշխանությունների օրոք Արմեն Ամիրյանն էր համաձայնության եկել կառուցապատողի հետ։ Դա մասնավորն է կառուցում, իրենց հատկացում է արվել ինչ-որ հողատարածք, որի դիմաց պարտավորվել են կառուցել այդ շենքը։ Այդտեղ պետբյուջեից գումար էլ չի ծախսվելու։ Իսկ մեր խնդիրը բոլորովին այլ է, ընդամենը ինչ-որ բան պետք է արվի, որը չի արվում կամ ականջի հետեւ է գցվում, կամ ուրիշ խնդիր կա, որի մասին չգիտենք»։

Մոսկովյան 5 հասցեում հատկացված շենքի դեպքում շատ ավելի հեշտ կարվի վերակառուցումը, քան նախկին հատկացված տարածքի դեպքում հնարավոր կլիներ, որը գտնվում էր Գեւորգ Քոչար 21 հասցեում, եւ որի նախագիծն արդեն կար։ Ու եթե Քոչարի 21 հասցեում գտնվող շենքի համար 250 մլն պետք է նախատեսվեր, որը հուշարձան էր իր տեսակով, եւ արգելվեց որեւէ փոփոխություն անել շենքի հետ կապված, ապա այս տարածքի դեպքում ամեն ինչ շատ ավելի հարմար է․ «Ամեն ինչ շատ ավելի մատչելի ձեւով կարելի է անել, եւ մենք էլ արդեն նախատեսված գումարն ունենք։ Չգիտեմ՝ այդ 50 մլն-ն կբավականացնի, թե մի քիչ ավել կպահանջվի, բայց ակնհայտորեն շատ ավելի էժան տակից դուրս կգանք, քան թե նախորդ տարբերակի դեպքում, այնուամենայնիվ այնպես չէ, որ խոսքը մեծ գումարների մասին է, դրա համար չեմ հասկանում, թե որն է ձգձգելու պատճառը»։

Թատրոնը հիմա կենտրոնացած է իր անելիքների վրա, աշխատում են նոր ներկայացման եւ առաջիկայում կայանալիք փառատոնի վրա․ «Կոնկրետ մեր անելիքի վրա ենք կենտրոնացած, պարտաճանաչ մեր գործն ենք անում՝ թե՛ ընթացիկ, թե՛ նոր գործեր, ու ակնկալում ենք, որ իրենք էլ պարտաճանաչ անեն իրենց գործը»։  

Ժիրայր Դադասյանը, անկախ ամեն ինչից, հստակություն է ուզում, որպեսզի հասկանան, թե ինչքան դեռ պետք է սպասեն․ «Ես չգիտեմ՝ ինչ ընթացքի մեջ է այս գործընթացը, ով ինչ պետք է անի, որ չի անում, բայց արդեն կես տարի անցավ, 7-րդ ամիսն է։ Հիմա ուզում ենք իմանալ՝ ինչքա՞ն դեռ պիտի սպասենք՝ 2 ամի՞ս, թե՞ եւս կես տարի, ինչ-որ մի հստակություն պե՞տք է լինի։ Եթե մեր օգնության կարիքը կա, գնանք օգնենք, բայց մենք ոչ մի բանից տեղյակ չենք եւ անտեղյակ ապրում ենք»։   

Մենք զանգահարեցինք նաեւ մշակույթի նախարարություն, որտեղից մեզ ասացին, որ ոլորտը համակարգող, մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն այս պահին արձակուրդի մեջ է, ըստ այդմ՝ ոչ ոք չի կարող պատասխանել այդ հարցին։