Երբ երկրի գոյության խնդիրն է՝ չեն նայում, թե դրսի ուժերն ինչպես կվերաբերվեն. 3+3 ձևաչափի լույսի ներքո

Երբ երկրի գոյության խնդիրն է՝ չեն նայում, թե դրսի ուժերն ինչպես կվերաբերվեն. 3+3 ձևաչափի լույսի ներքո

Այսօր Թեհրանում տեղի է ունենում 3+3 ձևաչափով հերթական հանդիպումը, որին մասնակցում են Հայաստանի, Ադբեջանի, Թուրքիայի և Իրանի արգործնախարարները։ Նախատեսվում էր նաև Վրաստանի մասնակցությունը, սակայն Վրաստանը բացակայում է, ինչպես հայտարարել են` պայմանավորված է ռուսական գործոնով։ 3+3-ին զուգահեռ պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշը։ 

Անդրադառնալով Թեհրանում անցկացվող 3+3 ձևաչափով հանդիպմանը, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Հրապարակի» հետ զրույցում շեշտեց՝ կարևոր է հասկանալ, թե ինչ է կատարվում հիմա, ինչ գործընթացներ են գնում: ՀՀ իշխանությունը կկարողանա՞ պրոհայկական արդյունքներ քաղել այս հարթակից: Դանիելյանն ասաց, որ ճիշտ կլինի չօտագործել պրոհայկական, հակահայկական բառերը, որովհետև տեղի ունեցողը պրոհայկականության կամ հակահայկականության տրամաբանության մեջ չէ։ 
«Կատարվում է շատ կոնկրետ մի բան՝ կա տարածաշրջան. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, որի հարևաններն են՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, որն ունի պատմական օրինաչափություններ։ Այս տարածաշրջանում խաղաղություն է լինում երբ որ այս երեք երկրների մեջ լինում է ուժերի բալանս, երբ որ ուժերի բալանսը փոխվում է՝ սկսվում է պատերազմական իրավիճակ։ 16-րդ դարից սա կարելի է դիտարկել, 16-րդ դարից սկսած Ռուսաստանն արդեն առկա էր այս տարածաշրջանում։ 2020 թվականի պատերազմից հետո ուժային բալանսը խախտվել է, Թուրքիան և Արդբեջանը ուժեղացել են, ինչը բերեց պատերազմին, Արցախի կորստին և այլն։ Հիմա մենք կանգնած ենք Սյունիքի կորստի առջև։ 1920 թվականից դեռևս Թուրքիայի կողմից բարձրացվել էր Սյունիքի հարցը, իրենք Սյունիքն ուզում էին կցել Ադրբեջանին, որպեսզի ցամաքային կապ ունենային Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Հիմա, երբ որ Ռուսաստանը թուլացել է տարածաշրջանում՝ բնականաբար այդ հարցը նորից է բարձրացվել»,-ասաց Դանիելյանը։ 

Թուրքիայի ազդեցությունը զսպելու համար հիմա կարիք կա Իրանի ներգրավվածության՝ Իրանն ունի իր ազգային շահերը և Թուրքիա-Ադրբեջան կապը վտանգ է ներկայացնում Իրանի գոյությանը, այն տեսքով, ինչպիսին այսօր կա։ Բնականաբար, բալանսը վերականգնելու համար շատ կարևոր է 3+3 նախաձեռնությունը, որտեղ Իրանը ակտիվորեն փորձում է տարածաշրջանում հակակշռել Թուրքիային։ «Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածը կառուցելու մասով այսօր Իրանը պայմանագիր կնքեց Հայաստանի հետ՝ երեք տարվա ընթացքում այդ ճանապարհը սարքելու վերաբերյալ, որտեղ լինելու են թունելներ, այսինքն, մեծ ներդրումներ են լինելու։ Իրանը դրանով հայտ է ներկայացնում՝ ակտիվորեն մտնելու տարածաշրջան և նաև այստեղ հայտարարելու իր ազգային շահերի մասին։ Այսինքն, եթե դու ունես ներդրումներ, կենսական ազգային շահեր՝ կոմունիկացիաների տեսքով, բնականաբար դու կարող ես նաև ռազմական ճանպարհով պաշտպանել քո շահերը՝ սա արդեն հակակշռում է Թուրքիային։ 3+3 ձևաչափը հենց մեզ է ձեռնտու և պատահական չէ, որ Թուրքիան առաջարկում էր քառակողմ հանդիպում՝ Հայաստան-Ռուսաստան- Ադրբեջան և Թուրքիա, որպեսզի շրջանցեին Իրանի ներգրավվածությունը, սակայն պատահական չի, որ այդ այցը Թեհրանում է կայանում և պատահական չի, որ Իրանի քաղաքաշինության նախարարը կնքեց այդ պայմանագիրը՝ դա մեսիջ էր և պատահականություն չէին Իրանի դեսպանի հայտարարությունները` կրկին նույն օրը»,-նկատեց քաղաքագետը։ 

Սա մեզ համար բալանսը վերականգնելու մեծ հնարավորություն է և Թուրքիայի ազդեցությունը Իրանով հավասարակշռելու համար։ Այստեղ հարց է առաջանում, արդյոք ՀՀ ներկա իշխանությունները կկարողանա՞ն օգտվել տրված հնարավորությունից, Դանիելյանն ասաց, որ ՀՀ ներկա ղեկավարությունը չունի հստակ քաղաքականություն, որի արդյունքում մենք թե տարածքային, թե մարդկային և թե բարոյական, հոգեբանական կորուստներ ունեցանք։ ՀՀ ներկա իշխանությունները վախենում էին Իրանի հետ խորացնել հարաբերությունները, սակայն հիմա ստիպված են, որովհետև կենսական հարց է առաջ եկել՝ Սյունիքի կորստի հարցն է և Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցը ստիպողական քայլ էր։ «Երբ կան պետական շահեր՝ շատ դեպքերում իշխանության քաղաքականությանը ուշադրություն չեն դարձնում, որովհետև կառավարությունները փոխվում են, իսկ այս շահերը կենսական են և դրանք ապագային են միտված։ Նման հանդիպումներով Իրանը ցույց է տալիս իր տրամադրվածությունը և լրջագույն մոտեցումը և դա ազդանշան է տվյալ դեպքում Թուրքիայի և Արդբեջանի համար, որ իրենք շատ կտրուկ են տրամադրված՝ ընդամենը պետք է այդ ամենը որպես ազդակ ընկալել»,-ասաց Դանիելյանը։ Իսկ այս քայլերին կհաջորդի՞ Հայաստանի հետ ռազմավարական դաշնակցության պայմանագիր ստորագրելը, Դանիելյանը կանխատեսում չի ուզում անել, սակայն եթե ՀՀ շահերով առաջնորդվող կառավարություն ունենայինք, և այդ կառավարությունը լիներ համարձակ՝ բնականաբար այլ ճանապարհ չէր ունենա, քան Իրանի հետ իր համագործակցությունը սերտացնելն է, քանի որ Հայաստանն այս կառավարության հետ ի վիճակի չէ ապահովել իր տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը և բնականաբար այլ տարբերակ գոյություն չունի։ 

«Իսկ երբ երկրի գոյության խնդիրն է լինում՝ արդեն չեն նայում, թե դրսի ուժերն ինչպես կվերաբերվեն՝ տվյալ դեպքում Արևմուտքը։ Եվ պետք է մի բան հասկանալ՝ Գազայի դեպքերը ցույց տվեցին, որ առանց Իրանի այդ հարցը չի կարող լուծվել և նույն Միացյալ Նահանգները նաև ստվերային եղանակով Իրանի հետ համագործակցում է և միայն այդ համագործակցության շնորհիվ հիմա ինչ-որ ձևով իրավիճակը սուր բնույթից կարգավորվում է և Իսրայելը չհամարձակվեց դեռ ցամաքային գործողություններ իրականացնել Գազայում։ Քարտեզի վրա պարզապես պետք է նայել, թե որտեղ է գտնվում Գազան, որտեղ է գտնվում Իրանը, և նայել, թե որտեղ է գտնվում Հայաստանը, և որտեղ է գտնվում Իրանը»,- նկատեց վերջինս։