Կոռուպցիային որեւէ վտանգ չի սպառնում

Կոռուպցիային որեւէ վտանգ չի սպառնում

Նախկին քննիչ Նարեկ Նալբանդյանի կողմից սկզբում Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի, իսկ այնուհետեւ Մոնումենտում գտնվող Հովիկ Աբրահամյանի առանձնատան գնումը շարունակում է հարցեր առաջացնել գրագետ հայաստանցիների շրջանում: Հատկապես որ այդ երկու գնումն առնվազն 15 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակում է կատարվել: Պարզ է, որ դա չի տեղավորվում այն անձանց ուղեղում, ովքեր ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին` Հայաստանում կոռուպցիայի ծլել-ծաղկելու առնչությամբ: Հատկապես, որ ՀՀ վարչապետ կարգվելով՝ Փաշինյան Նիկոլը երդվեց, որ վերջ է տալու կառուպցիային: Դա նրա ամենահիմնական խոստումն էր՝ ընտրություններով իշխանություն փոխելն իրականություն դարձնելու խոստման հետ միասին: Երկրորդի առումով մենք արդեն վստահ ենք՝ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի փոխվել եւ դեռեւս միտք չունի փոխվելու: 

Մնաց կոռուպցիայի խնդիրը: Փաշինյանի վարչապետության առաջին տարին կարծես խոստանում էր, որ կոռուպցիան իսկապես հասցվելու է նվազագույնի, եթե չվերանա ամբողջությամբ: Նույնիսկ միջազգային հակակոռուպցիոն շարժումն էր դա արձանագրել՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը բավական բարձրացնելով: Բայց այն այդպես էլ չհատեց «50» թվանշանը, ինչը կվկայեր, որ կոռուպցիան Հայաստանում դադարում է լինել համակարգային երեւույթ: Կասեմ ավելին՝ եթե այդ շարժումը քաղաքականացված չլիներ, ապա վերջին երկու տարում համաթիվը ոչ թե մնալու էր հարաբերականորեն կայուն, այլ պետք է բավականաչափ նվազեր: 

Նվազման հիմք պետք է լիներ, նախ, հովանավորչությունը: Օրենքի հետ խնդիրներ ունեցող բազմաթիվ «ուսապարկային» չինովնիկներ խուսափում են արդարադատությունից, քանի որ վայելում են անձամբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հովանավորչությունը: Դրանց հարցը հիմնականում լուծվում է նախաքննության փուլում, ինչը հենց քաղաքական կոռուպցիայի տիպիկ դրսեւորում է: Այն, ինչի համար անօրինականորեն պատժվում են ընդդիմադիր գործիչները, բացարձակ չի առնչվում մարզային կամ տեղական մակարդակի նիկոլական չինովնիկներին: Երկրորդ․ սակայն ժամանակագրորեն ավելի վաղ կոռուպցիոն գործարքի հիանալի օրինակ է Հայաստանից Ռուսաստան մարդատար օդանավով ծխախոտի մաքսանենգության երեք դեպքը՝ արձանագրված ոչ միայն մեր ընդդիմադիր գործիչների, այլեւ ռուսաստանյան նախաքննական մարմինների կողմից: Ինչը, ըստ մամուլի հաղորդումների, կապվում էր Փաշինյան Նիկոլի ընտանիքի հետ: Չնայած, դա այլ կերպ լինել չէր կարող. ո՞վ էր գժվել Նիկոլի միանձնյա իշխանության պայմաններում մի ողջ օդանավ լցնել ծխախոտով եւ առանց մաքսային վերահսկողության ուղարկել արտասահման:   

Վերադառնանք նախկին քննիչ եւ նորօրյա գործարար Նարեկ Նալբանդյանի ֆենոմենին: Բնական է, որ նախկին քննիչը, որքան էլ «ճղվեր», 15 միլիոն դոլար դիզել չէր կարող: Մնում է ենթադրել, որ այդ գումարը տրվել է նրան այլոց կողմից: Կա՛մ այլ անձանց կողմից, որոնց համար նախկին քննիչն ընդամենը փոխանձ (подставное лицо) է, կա՛մ գումարը տրվել է բանկերի կողմից: Բայց նույնիսկ բանկերի կողմից տալու դեպքում նման գումարի համար անհրաժեշտ է այդ գումարը համարյա կրկնակի գերազանցող արժեքով անշարժ գույքի գրավադրում (դա որպես այդ ոլորտի հետ նախկինում աշխատած տնտեսական լրագրող գիտեմ): Կա նաեւ երկրորդ տարբերակը, ինչը միայն հայաստանյան «ժողովրդավարության» պայմաններում է հնարավոր: Խոսքն անօրինական երեւույթի՝ ամենաբարձր մակարդակի երաշխավորության մասին է: Իսկ Հայաստանում ամենաբարձր մակարդակի երաշխավորություն կարող է տրամադրել միայն մեկ անձ. գուշակե՛ք, թե ով: Երկու դեպքում էլ այդ երիտասարդի կատարած գործարքներից կոռուպցիայի հոտ է փչում: Իսկ հայաստանյան ամենաանկախ հակակոռուպցիոն մարմինները, բնականաբար, հոտառության խնդիր ունեն: Նրանք դա չեն զգում:

Ի դեպ, չեմ խոսում Հովիկ Աբրահամյանի առանձնատան «խորհրդավոր» պատմության մասին. դա առանձին հոդվածի նյութ է: Որն ապացուցում է այն միտքը, որ հատկապես այդ գործարքն առանց վերին թույլտվության կյանքի կոչվել չէր կարող: Իսկ դատախազության եւ քննչականի վեճն ընդամենը վարչապետին ենթակա դատախազության՝ հետագա պատասխանատվությունից խուսափելու քայլ է: Եվ կամ էլ քննչականի պետից ինչ-ինչ հարցի առումով վրեժ լուծելու քայլ: Այնպես որ, Փաշինյան Նիկոլի վարչապետության հինգերորդ տարվա շեմին կարող ենք «հանգիստ» արձանագրել. կոռուպցիան Հայաստանում կրկին ծլում-ծաղկում է: Եվ նրան որեւէ վտանգ չի սպառնում: