Բյուջեն իրենցն է, ոնց ուզեն, այնպես էլ կուտեն․ օգնենք Ավստրալիայի ֆերմերներին

Բյուջեն իրենցն է, ոնց ուզեն, այնպես էլ կուտեն․ օգնենք Ավստրալիայի ֆերմերներին

Եթե պատասխանելու լինենք հարցին, թե որն է այսօր Հայաստանի առաջ կանգնած ամենասուր տնտեսական, սոցիալական, բնապահպանական հարցը, ապա պատասխանը միանշանակ է` ջուրը, ավելի ճիշտ` ջրի պակասը: Արդեն տեւական ժամանակ Հայաստանի գյուղատնտեսությունը կանգնած է ոռոգման ջրի խրոնիկ պակասի առաջ` բերրի հողատարածքների զգալի մասը չի մշակվում ոռոգման ջրի բացակայության կամ պակասի պատճառով, տարբեր բնակավայրեր սահմանափակ քանակի խմելու ջուր են ստանում, Հայաստանի ջրամբարների մեծ մասը նույնիսկ կիսով չափ չի լցվում, իսկ Սեւանի մակարդակն իջնում է աղետալի արագությամբ` անցած տարվա համեմատությամբ իջել է մոտ 20 սանտիմետրով: Սակավաջրության պատճառը, որքան էլ տարօրինակ հնչի, ջրի պակասը չէ, այլ դրա օգտագործման ցածր արդյունավետությունը:

Մթնոլորտային տեղումների արդյունքում «ստացվող» մոտ 8 միլիարդ խորանարդ մետր ջրի 75 տոկոսն օգտագործվում է մեր հարեւանների կողմից, ընդ որում՝ բոլոր 4 հարեւանների: Այն դեպքում, որ դրա մի մասը Հայաստանում պահելը բավարար կլիներ լուծելու ինչպես ոռոգման, այնպես էլ Սեւանը փրկելու խնդիրը:

Հայաստանում ձեւավորվող ջրի պաշարի գոնե զգալի մասը պահելու տարբերակ են առաջարկել «Գյուղատնտեսության մեքենայացում» գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները: Ինստիտուտի նախկին տնօրեն Ստյոպա Խոյեցյանը մեզ հետ զրույցում ներկայացնում է ինստիտուտի գիտնականների մշակած տեխնոլոգիան եւ մեքենասարքավորման գծագիրը, որի օգտագործումը թույլ կտա մթոլորտային տեղումներն ամբարել հողում եւ բարձրացնել հողի խոնավության մակարդակը՝ այդպիսով լուծելով բազմաթիվ խնդիրներ: Մեր նպատակն այդ տեխնոլոգիան ներկայացնելը կամ դրա արդյունավետության մասին խոսելը չէ, դա գիտնականների ու նաեւ պրակտիկ հողագործությամբ զբաղվողների խնդիրն է: Ուզում ենք պատմել, թե ինչպես են Հայաստանի իշխանությունները վերաբերվել մի նախագծի, որը համեմատաբար փոքր ներդրումների արդյունքում կարող էր լուծել ռազմավարական այնպիսի կարեւոր խնդիր, ինչպիսին ջրի հարցն է:

Ստյոպա Խոյեցյանն ասում է, որ «Գյուղատնտեսության մեքենայացում» ԳՀԻ աշխատակիցների կողմից առաջարկվող լուծումն առաջին անգամ փորձարկվել է դեռեւս 10 տարի առաջ՝ Լոռվա արոտներում, եւ ստացել գյուտի արտոնագիր: Այս ծրագիրը հինգ նախարարությունների համատեղ որոշմամբ եւ ապա նաեւ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի կողմից ստացել է պիլոտային ներդրման հավանություն, սակայն այդպես էլ որեւէ բան չի արվել այն գործնականում իրականացնելու համար:

Իր եւ գործընկերների ծրագիրը կյանքի կոչելու հույսով՝ Ստյոպա Խոյեցյանը փորձում է այս տեխնոլոգիան կյանքի կոչելու համար դրամաշնորհային հայտ ներկայացնել բարձր տեխնոլոգիաների նախարարությանը՝ խնդրելով հատկացնել 5 միլիոն դրամ՝ պիլոտային ծրագիր իրականացնելու համար, որի հաջողությունը հիմք կհանդիսանա այս առաջարկը մասսայականացնելու համար: Սակայն Խոյեցյանի հայտը, առանց նրա մասնակցության, մերժվում է: Մերժում ստանալուց հետո Խոյեցյանը նամակով դիմում է այն ժամանակվա բարձր տեխնոլոգիաների նախարար, ներկայումս նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին: Մի մեջբերում անենք նամակից. «Ենթադրվում է, որ դրամաշնորհային հայտի մերժման կամ բավարարման չափանիշը պետք է լինեին արդյունավետությունը, նորարարությունը եւ իրացվելիությունը: Արդյունավետության բնորոշումն այն է, որ Հայաստանում ձեւավորվող մոտ 6 միլիարդ խորանարդ մետր անձրեւաձնհալ ջուրը Թուրքիա, Ադրբեջան կամ Վրաստան հոսելու եւ այդ երկրների հողերը ոռոգելու փոխարեն կմնա մեր երկրում, կբարձրանա հողի խոնավությունը՝ արմատապես լուծելով ոռոգման խնդիրը, զրոյացնելով Սեւանից ջրառը: Կկասեցվեն երաշտի վտանգը, սողանքները, ջրհեղեղները, խմելու ջրի լեռնային ստորգետնյա աղբյուրների ցամաքելը: Փորձը ցույց է տալիս, որ միայն խոտի բերքն ավելանում է 2-3 անգամ, եւ միայն այդ ցուցանիշով գյուղացու եկամուտը կազմում է տարեկան 90 մլն դոլար»: 

Խոյեցյանը գրում է, որ կա գյուտի արտոնագիր, կա այդ գյուտն իրացնելու մեքենայի փորձանմուշը, եւ խնդրում նորից քննարկել իր հայտը: Դիմումին կցում է նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի գրությունը, ըստ որի՝ «գիտատեխնիկական նորույթի ներդրումը նպատակահարմար է, քանի որ այն կբերի գարնանային ձնհալքի ժամանակ ձեւավորվող հալոցքային ջրերի կուտակում հողաշերտում՝ դրանով իսկ նպաստելով հողի խոնավության պաշարների ավելացմանը, միաժամանակ հեղեղավտանգ գոտիներում հեղեղների ռիսկերի նվազեցմանը»:

Այս գյուտը գործնական կյանքում ներդնելու հավանություն են տվել նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Ջրային ռեսուրսների պետական կոմիտեն: Ջրային կոմիտեից Ստյոպա Խոյեցյանին ուղղված նամակում ասված է. «Գնահատելով ներկայացված խնդիրների լուծումները, ինչպես նաեւ հաշվի առնելով ներկա կլիմայական պայմանները՝ կոմիտեն բարձր է գնահատում եւ հավանություն է տալիս Ձեր կողմից ներկայացված ծրագրին»:

Չնայած բոլոր պետական կառույցների բարձր գնահատականին, բարձր տեխնոլոգիաների նախարարության պատասխանատուները Խոյեցյանին հայտնում են, որ նախարարության բյուջեն դատարկ է՝ հայտը բավարարելու համար, փող չկա: «Դե, իհարկե, այդ նախարարության դրամաշնորհային բյուջեում փող չի լինի, քանի որ մամուլից տեղեկանում եմ, որ 200 մլն դրամի դրամաշնորհ է տրամադրվել՝ տիեզերական հետազոտությունների միջոցով Ավստրալիայի գյուղատնտեսությունը փրկելու, եւ եւս 100 միլիոն՝ սփյուռքի երիտասարդներին՝ Հայաստանում իրենց գաղափարներն իրագործելու»,- ասում է Խոյեցյանը, ով համառորեն փորձում է հասնել այս ծրագրի իրականացմանը:

Հայաստանում իշխանավորների մոտ մի հաստատ համոզմունք կա, որ երկրի բյուջեն իրենց անձնական սեփականությունն է, եւ իրենք իրավասու են այն ծախսել սեփական հայեցողությամբ: Իշխանությունը մեծ հաշվով համարում է, որ քաղաքացիները ոչ թե կամավոր են հարկեր վճարում, որը պետք է ծախսվի հանրային նշանակության խնդիրների լուծման համար, այլ այդ հարկերն իրենք խլում են բռնությամբ եւ հարկադրանքով, հետեւաբար, այդ գումարը պետք է ծախսվի հարկադրանքի մեխանիզմը պահելու, իսկ մնացած մասը՝ իրենց անձնական կարիքները հոգալու համար: Քաղաքացիները՝ այնպիսին, ինչպիսին Ստյոպա Խոյեցյանն է, համոզված են, որ պետական բյուջեն նաեւ հանրային նշանակության խնդիրներ լուծելու համար է, եւ ինքը՝ որպես Հայաստանի քաղաքացի, իրավունք ունի զբաղվել այդ խնդրի լուծմամբ: Նիկոլ Փաշինյանին կամ Վահագն Խաչատուրյանին նման մոտեցումը, բնականաբար, դուր չի գալիս, եւ նրանք ամեն ինչ անելու են, որ բյուջեի միջոցները ծառայեցնեն իրենց՝ թեկուզ տիեզերական կամ միջգալակտիկական հետազոտությունների անվան տակ: Որքան բյուջեն սեփականաշնորհելու անվանումներն աբսուրդային ու ցինիկ լինեն, այնքան ավելի լավ: Մի օր պետք է, չէ՞, մարդիկ համակերպվեն այն մտքի հետ, որ բյուջեն իրենց անձնական սեփականությունը չէ:

Ավետիս Բաբաջանյան