Նիկոլը օրինակներ էր բերել «տիպային կիստայի» քրեական գործից

Նիկոլը օրինակներ էր բերել «տիպային կիստայի» քրեական գործից

Ապրիլի 12-ին Հակակոռուպցիոն դատարանը ստացել է քրեական գործ, որով 2 ամբաստանյալ է անցնում։ Գլխավոր ամբաստանյալ Վարդան Մամիկոնյանը նախկինում Գեղարքունիքի  զինկոմներից է եղել, զորակոչի բաժանմունքի պետի նախկին պաշտոնակատարը։ Նա միայն անունով է հերոս։ Զինվորականության շրջանում նա ավելի հայտնի է որպես մշտական գործ դզող ու «զինվոր ծախող»։ Երկրորդ ամբաստանյալն Անդրանիկ Մկրտչյանն է, ով, ըստ մեղադրականի, օժանդակել է զինկոմին՝ զինվորական գրքույկ ծախելու հարցում։ Մամիկոնյանը մեղադրվում է զորակոչիկներին բանակից փողով ազատելու համար։

«Վարդան Սերգեյի Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ծառայողական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ Անդրանիկ Մկրտչյանի օժանդակությամբ զորակոչիկներ Արսեն Աբրահամյանի, Արթուր Եղիազարյանի, Արման Աֆրիկյանի, Արեգ Հովհաննիսյանի եւ Մոնթե Ավետիսյանի օգտին ապօրինի գործողություն կատարելու՝ կեղծ բժշկական ախտորոշումների հիման վրա զինվորական ծառայության հերթական զորակոչից տարկետում տրամադրելու կամ զինվորական ծառայությունից ազատելու եւ պահեստազորում հաշվառելու հիմքեր ստեղծելու համար տարբեր անձանցից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք»,- ասված է մեղադրական եզրակացության մեջ։ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել 2 հոդվածով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու եւ կաշառք ստանալու վերաբերյալ։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, կաշառքի չափն առանձնապես խոշոր է՝ 125 հազար դոլար։ Եթե հաշվի առնենք, որ այս գումարը տվել են 5 զորակոչիկներ, ապա կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուրի համար վճարվել է 25 հազար։ 

Կաշառքի սխեմայում Մամիկոնյանն ու կամպանիան օգտագործել են կեղծ բժշկական եզրակացություններ միեւնույն՝ «արախնոիդալ կիստա» պաթոլոգիայի վերաբերյալ։ Այս հիվանդության դեպքում գլխուղեղում կամ ողնուղեղում բարորակ թաղանթապատ պարկ է զարգանում։ «Զինվոր վաճառողները» ոմն Է․ Հ-ի, ով իրոք ունեցել է արախնոիդալ կիստա, խոստացել են 20 հազար դոլար, որի դիմաց նա տարբեր բուժհաստատություններում մագնիսառեզոնանսային շերտագրման հետազոտություններ է անցել՝ զորակոչիկների փոխարեն։ Հենց այդ հետազոտությունների արդյունքներն էլ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին նիստում ասաց՝ «տիպային կիստայի» դեր են խաղացել։ Հիմա արդեն պարզ է, թե ինչու էր Փաշինյանն ապրիլի 12-ի նիստի ժամանակ հենց կիստա հիվանդության մասին խոսում՝ ասելով, որ նախկինում այն բավականին մեծ պետք է լիներ, որ տեխնիկական սարքերի կողմից ֆիքսվեր, բայց հիմա տեխնիկան այնպես է կատարելագործվել, որ ««տեսնում» է անգամ փոքր կիստաները, որոնք չեն խանգարում մարդու բնականոն գործունեությանը։ «Մեր ընթացակարգերով էդ ՄՌՏ, ԿՏ հետազոտությունների արդյունքները գործերի մեջ չեն պահպանվում, հետո՝ հնարավոր չէ նույնականացնել՝ այդ դիսկի վրա արձանագրվածն էդ մարդո՞ւնն է, թե՞ էդ մարդունը չէ, որովհետեւ կարող է մի հատ տիպային կիստա ունենալ ու հարյուրավորներին տենց ազատել՝ կիստա, կիստա»,- ասաց նա, չգիտես ինչի վրա ուրախանալով։ Երեւի արդեն տեղյակ է եղել նույն օրը դատարան ուղարկված գործի մասին։ 

Պետք է նկատել, որ ոչ մի նոր բան ԱԱԾ-ն չի հաղորդել։ Գործը նոր չէ։ Մի անգամ դրա մասին՝ 2023 թվականի հուլիսին, արդեն հանրությանը «զեկուցել» է Քննչական կոմիտեն։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանն օրերս է միայն խոսել բանակից ազատվելու անտրամաբանական ծավալների մասին, ԱԱԾ-ն որոշեց մի անգամ եւս հիշատակել այս գործը։ 
Ի դեպ, Վարդան Մամիկոնյանն արդեն 3 տարի է՝ նստած է։ «Տիպային կիստա» օպերացիան եղել է 2021 թվականին, այնպես որ՝ Նիկոլի ճառի իմաստով այս կերպարը վաղուց կորցրել է ակտուալությունը։ Այն ժամանակ նա եւս 5 զինծառայողի է նույն եղանակով ազատել զինծառայությունից։ Առաջին գործը դատարան է մտել 2022 թ․ օգոստոսին, ապա հոկտեմբերին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ինչ վերաբերում է ավելի թարմ վարույթներին՝ բանակից կաշառքով ազատվելու վերաբերյալ, դրանք, ինչպես հայտնում է ՔԿ մեր աղբյուրը, քիչ են։ Զինվորական փորձագետն ասում է, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն մի քանի նմանատիպ դեպք է բացահայտել։ «Այսպիսի գործեր վերջերս ակտիվ եղել են, նախորդ ու դրանից առաջվա զորակոչին ԱԱԾ-ն առնվազն մի 5 հոգու բռնել էր, ու քանի որ հիմա խստացել է, ու նման գործեր անելը՝ բարդացել, բանակից ազատելը շատ լուրջ գումար է դարձել»,- ասաց նա։