Կուսակցության ցանկը Վարդան Ղուկասյանի «լաբորատորիայով» պետք է անցնի

Կուսակցության ցանկը Վարդան Ղուկասյանի «լաբորատորիայով» պետք է անցնի

Մարտի 5-ին կայացավ «Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ հայտարարվեց, որ կուսակցության նախագահի թեկնածու է ինքնառաջադրվել և նախագահ է ընտրվել Երեւանի ավագանու անկախ անդամ Անույշ Խուդավերդյանը, կուսակցության փոխնախագահներն են` ոստիկանության պահեստազորի գնդապետ Արսեն Կյուրեղյանը եւ Արտյոմ Դավթյանը: Համագումարին մասնակցել է նաեւ այս կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը` Դոգը, ով ուղիղ տեսակապի միջոցով 20 կետով ասել է, թե ինչ է պատրաստվում անել ԴՕԿ կուսակցությունը` իշխանություն գալու դեպքում.
Հայտարարելու է բանտարկյալների համընդհանուր համաներում, որը չի վերաբերվելու պեդոֆիլներին, փողերի լվացումով անցնողներին եւ «բառիկներին», իսկ կոռուպցիայով դատապարտվածների հոդվածը հավասարեցվելու է պետական դավաճանություն հոդվածին: Կրթության ոլորոտում նախատեսում է վերադառնալ նախկին տասնամյա կրթությանը, վերականգնել բուհերում տարկետման իրավունքը, բանակում ծառայածների համար բարձրագույն կրթությունը` լինի պետական, թե անվճար, դարձնելու է անվճար, մանկապարտեզները նույնպես լինելու են անվճար:

Առողջապահության համակարգում պատրաստվում է առաջին, ինչպես նաեւ քաղցկեղով հիվանդների բուժօգնությունը դարձնել անվճար, ինչն ի դեպ` վաղուց է անվճար: Չեղարկելու է վերջերս ընդունված էլեկետրոնային դեղատոմսերի վերաբերյալ որոշումը: Իշխանության գալու դեպքում փակելու են մարզպետարանները` մարզպետներ չեն լինելու, վերականգնելու են շրջկենտրոնները: ՀՀ տարածքում արգելելու են խաղատներն, այդ թվում` ինտերնետային: ՀՀ-ում չպետք է լինի ոչ մի անմշակ հող` եթե հողը 3 տարի անընդմեջ չի մշակվում, պետականացվելու է: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի պատիժը սկսվելու է 3 տարվա ազատազրկումից, ծառահատումներին համար պատիժները` 5 տարվա ազատազրկումից: Հայաստանում արգելվելու է աղանդների գործունեությունը եւ փակվելու է Սորոսի եւ այլ անհասկանալի գրասենյակները: Փակվելու է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեն, այն միանալու է Ազգային անվտանգության ծառայությանը:

Մենք զրուցել ենք նորահայտ կուսակցական լիդերի` Անույշ Խուդավերդյանի հետ: 

- Դուք ընտրվել եք ԴՕԿ կուսակցության նախագահ: Ինչո՞ւ հենց Դուք: Ի դեպ, ձեր նախկին գործընկերներից ոմանց հետ խիստ թշնամիներն եք դարձել, ինչու:

- Որոշումը միայն իմը չէր, ամեն մեկս մեր որոշումն ենք կայացրել: Մեր թիմակիցներից ոմանք որոշեցին այդպես: Ես ինքս երբեք Արտակ Գալստյանին չեմ ճանաչել: Ընդամենը երեք-չորս անգամ եմ տեսել: Երբ կալանավորեցին, կանգնած եմ եղել դատարանների մոտ, իմ աջակցությունն եմ ցուցաբերել նրան, բայց ի սկզբանե ճանաչել եմ Վարդան Ղուկասյանին: Իմ կյանքում ոչ մի փոփոխություն չի եղել, ես ինչպես կայի, մնացել եմ այդպիսին` Վարդան Ղուկասյանի կողքին:

- Ձեր կուսակցությունն ինչո՞վ է զբաղվելու, քանի որ ձեր նախկին թիմակիցները դավաճանեցին ձեզ, կուսակցության շարքերն ովքե՞ր են համալրելու, կա՞ն վստահելի մարդիկ:

- Մենք նման խնդիր չունենք: Գրանցումների տեղատարափ է, անգամ չենք հասցնում գրանցել մարդկանց: Կուսակցության շարքերը համալրելու խնդիր չունենք:

- Քանի՞ մարդ է անդամակցում կուսակցությանն այս պահին:

- Այս պահին հազար գրանցում ունենք, բայց չենք հասցնում գրանցել: Դեռևս օնլայն ենք գրանցում, մարդիկ կգան, կստորագրեն: Հանդիպումներ ենք ունենում մեծամասնության հետ:

- Ո՞րն է ձեր նպատակը: Համագումարի մասին իշխանության գալու մասին խոսվեց:

- Բնական է, ոչ միայն մեր կուսակցությունն, այլև բոլորը: Ուղղակի տարբերությունն այն է, որ շատ կուսակցություններ ակտիվ գործունեություն չեն ծավալում, բայց երբ պահը գալիս է, բոլորն ակտիվանում են: Մենք միշտ ենք ակտիվ եղել, ես որպես ավագանու անդամ շատ քաղաքացիների հետ եմ շփվում, տարբեր բողոքներ եմ լսում, բոլորին լսում եմ:

- Իսկ ձեր թիմի ներքին խժդժությունները չե՞ն ազդում կուսակցության վրա: Ի վերջո` ձեր թիմի շնորհիվ ՔՊ-ն իշխանություն ստացավ Երեւանում: Ո՞րն է երաշխիքը, որ նորից նույն բանը տեղի չի ունենա:

- Թիմում խժդժությունների մասով ասեմ, որ ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի, ես չեմ կարող նրանց անունից խոսել: Վարդան Ղուկասյանն է նոր ցանկը ընտրելու և ինչպես ինքն է ասում` նրանք պետք է «լաբորատորիայով» անցնեն: Ընտրողը նա է, ես չեմ կարող այդ պատասխանատվությունն ինձ վրա վերցնել: Ես չեմ ուզում ամպագոռգոռ հայտարարություններ անել, ընտրողը ժողովուրդն է, ամեն ինչ առաջիկայում կերևա: Վարդան Ղուկասյանը զանգերով բազմաթիվ խնդիրներ է լուծում, ո՞վ է դիմում իշխանությանը` ոչ մեկը, ոչ մեկի դիմումը, բողոքը չի ստացել ընթացք, լուծում: Նամակներին ամիսներ շարունակ չեն պատասխանում, կամ ընդհանրապես չեն պատասխանում: Չեմ ասում, թե ողջ ժողովուրդը մեզ հետ է, բայց մենք ունենք մեր զանգվածը:

- Ավագանու ձեր նախկին թիմակիցների հետ ի՞նչ հարաբերություններ ունեք:

- Բարևն Աստծունն է, ոչ մեկն էլ իմ թշնամին չէ, իրենց տրամադրվածությունը չգիտեմ: