Ռուսաստանից հետո Արեւմուտքի օրակարգում կլինի Իրանին տարածաշրջանից դուրս մղելը եւ Թուրքիայով փոխարինելը

Ռուսաստանից հետո Արեւմուտքի օրակարգում կլինի Իրանին տարածաշրջանից դուրս մղելը եւ Թուրքիայով փոխարինելը

Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-Իրան փոխհարաբերությունների մասին «Հրապարակը» զրուցել է իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսեյնիի հետ։

- Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Արեւմուտք հարաբերությունները չեն հակադրել եւ չեն հակադրի Իրանի հետ հարաբերություններին։ Իրանում արժանահավատ համարո՞ւմ են այս հայտարարությունը։

- Իրանը միշտ իր մտահոգությունների մասին հայտարարել է եւ տարբեր ձեւով մեկնաբանել է Հայաստան եւ Արեւմուտք հարաբերությունների, Արեւմուտքի՝ Անդրկովկաս մտնելու հետ կապված մտահոգությունները։ Իրանը մտահոգված է, որ նման ուժերի ներկայությունը տարածաշրջանում շահերի բախում կառաջացնի, եւ գեոպոլիտիկ մեծ բեւեռների շահերի բախում կարող է լինել, եւ հակասությունները կարող են խորանալ տարածաշրջանում, ու դա անվտանգային տարածաշրջանային խնդիր կարող է ստեղծել, մեզ հեռացնել իրական ու արդար խաղաղության հաստատումից։ Իրանի մտահոգությունները պարբերաբար փոխանցվել են հայկական կողմին, եւ Հայաստանը փորձում է վստահեցնել Իրանին, որ Հայաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններն Իրանի դեմ չեն, բայց, ամեն դեպքում, Իրանը չի վստահում Արեւմուտքին, որովհետեւ վերջերս ԱՄՆ-ի՝ Իրանի գծով հատուկ ներկայացուցիչն Անդրկովկաս էր այցելել եւ Վրաստանում, Ադրբեջանում ու Հայաստանում տարբեր պաշտոնյաների հետ հանդիպում էր ունեցել, քննարկել էր հակաիրանական պատժամիջոցներ ու այլ քայլեր։ Ինչը խոսում է, որ Արեւմուտքը փորձում է Անդրկովկասի երկրներին օգտագործել Իրանի դեմ, բայց, ամեն դեպքում, Հայաստանը փորձում է վստահեցնել Իրանին, որ Հայաստանը հակաիրանական գործողությունների վայր չի դառնա։

- Կարո՞ղ ենք ասել, որ Արեւմուտքը փորձում է Հայաստանը թատերաբեմ դարձնել՝ Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։

- Մենք նման փորձ տեսել ենք տարիներ շարունակ, օրինակ, Բոլթոնի այցը Հայաստան։ Ինչպես գիտեք, Բոլթոնը շատ ծայրահեղ հակաիրանական Միացյալ Նահանգների գործիչ է, որը Ղասեմ Սոլեյմանիի սպանության ժամանակ մեծ դերակատարում ունեցավ Թրամփին համոզելու գործում, շատ ծայրահեղ հակաիրանական քաղաքական գործիք է։ Վերջերս էլ Իրանի գծով Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում է եղել, փորձում են օգտագործել Հայաստանի թուլությունը եւ անվտանգության թույլ վիճակը, փորձել առաջինը Ռուսաստանի դեմ, հետո Իրանի դեմ օգտագործել։ Հայաստանից է կախված, թե նրանք որքան կհաջողեն, եւ Հայաստանն իրենց դեմ ինչ կարմիր գծեր կդնի։ Մենք գիտենք Արեւմուտքի օրակարգը՝ տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում թույլացնել։ Իրանը մտահոգված է նաեւ նրանով, որ Ռուսաստանից հետո Արեւմուտքի օրակարգում կլինի Իրանին էլ տարածաշրջանից դուրս մղելու եւ փոխարենը Թուրքիայի դերը տարածաշրջանում մեծացնելու խնդիրը։ Դրանք են Իրանի մտահոգությունները, սակայն ամեն ինչ կախված է նրանից, թե Հայաստանն ինչ կարմիր գծեր կնախանշի եւ այդ կարմիր գծերն իր արեւմտյան պաշտոնյաների դեմ կդնի ու հստակ կարմիր գծերը կգծի՞։

- Փաշինյանն առաջարկում է եւս երկու տարով երկարաձգել Եվրամիության դիտորդների ներկայությունը Հայաստանում։ Սա Իրանի կողմից կարմիր գծի հատո՞ւմ է դիտարկվում։

- Իրանն իր մտահոգություններն այդ կապակցությամբ փոխանցել է Հայաստանին եւ Իրանը մտահոգված է այդ դիտորդների կողմից Իրանի դեմ ինչ-որ տվյալներ կամ տեղեկատվության հավաքագրմամբ զբաղվելու մասով։ Գլոբալ առումով Իրանը չի վստահում Արեւմուտքին։ Իրանը միշտ փորձել է մտերմանալ Արեւմուտքի հետ, բայց Արեւմուտքը միշտ պայմանավորվածությունները խախտել է։ Միջուկային ծրագրով Իրանն իր բոլոր պարտավորությունները կատարեց, բայց Արեւմուտքը խախտեց, եւ Իրանը մեծ անվստահություն ունի Արեւմուտքի նպատակների մասով ու մտահոգված է, որ ակտիվությունն ու նրանց ներկայությունը տարածաշրջանում հակաիրանական բնույթ կկրեն։

- Ապրիլի 1-ին Իսրայելը հարվածեց Սիրիայում Իրանի դեսպանատանը։ Արդյոք այս նախադեպը մտահոգություն չի՞ առաջացնում, որ կարող են ուղիղ Իրանին հարվածելով՝ սկսել բախումը հենց Իրանի տարածքում եւ ոչ թե պրոքսի պատերազմներով։

- Իսրայելի հետ լայնածավալ պատերազմի վտանգը միշտ կա, ռիսկը մեծ է, եւ Իրանը տարիներ շարունակ պատրաստվել է լայնածավալ պատերազմի։ Այսօր էլ Իրանի հոգեւոր առաջնորդը խոսեց այդ մասին, որ Իսրայելը սխալ է գործել եւ պետք է իր պատիժը ստանա։ Մենք պատժելու ենք Իսրայելին այդ հանցագործ քայլի համար։ Իրանի կողմից արդեն որոշված է, որ հաստատ պատասխան կլինի։ Կարող է Իսրայելն էլ պատասխանել, եւ արդեն միջազգային հանրությունը պետք է Իսրայելին զերծ պահի ապակայունացնող քայլերից, զսպի նրան, որովհետեւ հակառակ պարագայում դա ամբողջ տարածաշրջանը կներքաշի լայնածավալ պատերազմի մեջ։ Իսրայելը կարող է տարբեր գործողությունների գնալ, բայց Իրանն էլ, ամեն դեպքում, ամեն սցենարի էլ պատրաստ է պատասխանել եւ հակահարված տալ Իսրայելին, թե՛ պրոքսի ձեւով՝ իր դիմադրողական, իրանամետ ուժերի միջոցով տարածաշրջանում, ե՛ւ թե ուղիղ Իսրայելի տարածքում։