Եթե դա իրականությանը համապատասխանում է, ուրեմն ուղղակի խայտառակություն է

Եթե դա իրականությանը համապատասխանում է, ուրեմն ուղղակի խայտառակություն է

«Նախ և առաջ իրավապահները իրենց իշխանության տակ գտնվող անձի անվտանգությունը պաշտպանելու պարտականություն ունեն, և եթե գնում են զուգարան իրենց կարիքը հոգալու, ապա չի նշանակում, որ այդ պարտականությունից ձեռնպահ մնալու կամ խուսափելու ինչ-որ մեխանիզմներ պիտի մշակվեն։ Եթե դա իրականությանը համապատասխանում է, ուրեմն դա ուղղակի խայտառակություն է։ Ինձ զարմացնում է, որ իրավասու մարմինների կողմից մինչ օրս քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հայտարարություն չի եղել»,- «Հրապարակի» հետ զրույցում, անդրադառնալով Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին, ասաց նախկին փոխոստիկանապետ, փաստաբան Հովհաննես Քոչարյանը։ Փաստաբանն արձանագրում է, որ խոշտանգումների վերաբերյալ մամուլի հրապարակումները վերջին շրջանում շատացել են․

«Այն, որ խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները սկսել են ավելի հաճախ սպրդել մամուլ, փաստ է։ Սա նշանակում է, որ այլևս եզակի դեպքեր չեն նման դեպքերը, և կարծում եմ՝ այստեղ մեծ պրոբլեմ կա, որը լուծելու ուղղությամբ համալիր և գործուն միջոցներ պիտի ձեռնարկվեն։ Դա շատ վտանգավոր տենդենց է, որը գնալով թափ է հավաքում»:

Դիտարկմանը, որ կան կարծիքներ, շատերի դեպքում նաև համոզմունք, որ Վարդանյանի խոշտանգումը իշխանությունների կազմակերպածն է, Քոչարյանն արձագանքեց․

«Ես ոչ մի կարծիք չեմ կարող բացառել։ Բոլոր կարծիքները պետք է ստուգվեն։ Ես հասկանում եմ, որ մեր կյանքը հիմա շատ քաղաքականացված է, հասարակությունը քաղաքականացված է, ես հասկանում եմ, թե ինչու են նման կարծիքներ տարածվում։ Ինքս քաղաքական գործիչ չեմ, փաստաբան եմ, իրավապաշտպան եմ, և ես սովոր եմ ամեն ինչին նայել փաստերի լույսի ներքո։ Հիմա թող այդ բոլոր կարծիքները ստուգվեն։ Իհարկե, այդպիսի կարծիք կարող է լինել, բայց ինչո՞ւ չպետք է լիներ․ եթե այդ կարծիքը չի փարատվում, ուրեմն այդ կարծիքը հավերժ ապրելու իրավունք ունի։ Ես կարծում եմ, որ օրինականության մակարդակի անկում կա այդ համակարգի գործունեության ներսում, և ոչ միայն անվտանգության հարցերով, այլ ընդհանրապես։ Դա նշանակում է, որ ինչ-որ մի բան խափանվել ու խախտվել է, կամ ավելի համակարգային բնույթ է ստանում, և ես կարծում եմ, որ և՛ հասարակությունը իրավունք ունի պահանջ ներկայացնել՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ փաստերի վրա հիմնված բացատրության, և դրանք պետք է լսվեն այն պաշտոնատար անձանց շուրթերից, ովքեր պատասխանատու են անվտանգության համար և նման գործողությունների դեպքում»,- ասաց Քոչարյանը։