Ալիեւը տորպեդահարո՞ւմ է հարաբերությունների կարգավորման «Բրյուսելյան հարթակը»

Ալիեւը տորպեդահարո՞ւմ է հարաբերությունների կարգավորման «Բրյուսելյան հարթակը»

Նախօրեին հայտնի դարձավ, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Դատելով ադրբեջանական պաշտոնական լրահոսում տեղ գտած հրապարակումից՝ կարելի է ասել, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Հեռախոսազրույցի ընթացքում Միշելն ասել է, որ Եվրամիության համար կարեւոր է Հարավային Կովկասում կայունության, խաղաղության եւ անվտանգության ապահովումը, եւ ԵՄ-ն շարունակելու է ջանքեր ներդնել, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները նորմալանան, ստորագրվի համաձայնագիր՝ սահմանների դելիմիտացիայի եւ տրանսպորտային-կոմունիկացիոն ուղիների բացման վերաբերյալ։ Ալիեւն էլ իր հերթին կարեւորել է հայ-ադրբեջանական կարգավորման, այսպես ասած, «բրյուսելյան հարթակը» եւ նշել, որ Բաքուն ակնկալում է հասնել իրական արդյունքների՝ նշված բոլոր հարցերի հետ կապված։ Նա նաեւ խոսել է պատերազմի հետեւանքով ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքների ականազերծման եւ մոտ 4 հազար անհետ կորած ադրբեջանցիների խնդրի մասին։

Հաղորդագրությունը բավականին հետաքրքիր է ու, ինչպես ասում են, «ասելիք», «նյուանսներ» պարունակող՝ անկախ դիվանագիտական «հղկված» ձեւակերպումներից։ 

• Եվ այսպես, եթե հիշում ենք, այս տարվա մայիսի վերջին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ-Միշել հանդիպման ժամանակ որոշակի պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, ի շարս որոնց՝ նաեւ հուլիսին դարձյալ հանդիպելու մասին։ 

• Մայիսյան հանդիպումից հետո, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպեցին հայ-ադրբեջանական սահմանին, ինչը նույնիսկ որակվեց որպես «պատմական հանդիպում» եւ ողջունվեց Արեւմուտքը ներկայացնող կառույցների կողմից։

• Սակայն մայիսի վերջից մինչեւ հուլիսի 5-ը, ինչպես ասում են, «շատ ջրեր են հոսել», ու, դատելով Ալիեւի ասածներից, բավականին բան է փոխվել։

• Նախ, տարածաշրջան է այցելել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Թե՛ Երեւանում եւ թե՛ Ադրբեջանում, բնականաբար, շատ հարցեր են քննարկվել նաեւ ղարաբաղյան հարցի եւ, առհասարակ, հայ-ադրբեջանական  հարաբերությունների նորմալացման հետ կապված, ու, թերեւս, որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Լավրովի եւ հայաստանյան ղեկավարության, Լավրովի ու ադրբեջանական ղեկավարության միջեւ։

• Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Մոսկվան բացասական վերաբերմունք ունի հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան կարգավորման «բրյուսելյան հարթակի» հանդեպ ու դա չի էլ թաքցնում։ 

• Ռուս-ադրբեջանական հարաբերություններում էլ բավականին հետաքրքիր գործընթացներ են տեղի ունեցել այս ընթացքում, որոնք աչքաթող անել հնարավոր չէ, հատկապես որ դրանք որոշակի ընդգծումով հակահայկական բնույթ ունեն։

Ու այս ամենը նկատի ունենալով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ կերպ կարողացել է Ռուսաստանի հետ «լեզու գտնել» ու հիմա ամեն կերպ փորձում է տորպեդահարել «բրյուսելյան հարթակը»։ Դա կարող է նաեւ պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Ադրբեջանը գուցեեւ որոշակիորեն դժգոհություններ ունի «բրյուսելյան հարթակի» հետ կապված եւ նախապատվություն է տալիս «մոսկովյան հարթակին», որն ավելի պրակտիկ է ու արդյունքներ ապահովող։

Ի դեպ, նկատենք, որ վերջին շրջանում ադրբեջանական մեդիայում մի քանի հոդվածներ հրապարակվեցին առ այն, որ Ալիեւը չի ուզում մասնակցել «բրյուսելյան հարթակին»՝ հաշվի առնելով, որ Արեւմուտքը, ամեն պարագայում, ԵԱՀԿ Մինսկի խմբին հղում է անում՝ այն դեպքում, երբ Ռուսաստանը, ի դեմս իր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, դարձել է Մինսկի խմբին «հուղարկավորողը», իսկ Լավրովն անձամբ Բաքվում, իր արեւին, «կարդաց Մինսկի խմբի դամբանականը»։