Թուրքական սալը՝ իբրեւ գիտակցված ընտրություն

Թուրքական սալը՝ իբրեւ գիտակցված ընտրություն

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի եւ Քըլըչի հերթական հանդիպումն ու դրան հետեւած հերթապահ հաղորդագրությունը ոչ այլ ինչ են, քան Անկարայի նպատակների իրականացման անշեղ ընթացքի եւս մի հաստատում՝ ի հաշիվ Հայաստանի ազգային-պետական շահերի։ Պարտությունից հետո Փաշինյանի վարչախումբը Թուրքիայի նկատմամբ որդեգրել է ծայրաստիճան լոյալ եւ «կառուցողական» մոտեցում՝ ի հակադրություն այդ երկրի սպառնալից եւ ռասիստական բառամթերքի ու քայլերի։ Պարզ է, որ հայ-թուրքական ուղիղ երկխոսությունն էլ դրա փաստաթղթավորումն է՝ կենսական ազգային շահերի հաշվին Անկարայի հետ ամեն գնով հարաբերությունների հաստատում՝ համեմատաբար մատչելի տնտեսական շահաբաժինների դիմաց։

Սա իրապես բացարձակ կորուստների ուղի է, որի հետեւանքն աղետալիորեն ծանր է լինելու պետության ու ժողովրդի համար։ Անկախության հռչակագրի ընդունումից ի վեր՝ համահայկական ներուժի միավորող գործոններից մեկը, Հայաստանի եւ Սփյուռքի հանգման ամենակարեւոր կետը, ի վերջո, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն է, դրա դատապարտումն ու հետեւանքների վերացման համար պայքարը։ Մեծ եղեռնի ճանաչումը պետական օրակարգից հանելը բերելու է մի նոր համընդհանուր բարոյալքման ոչ միայն Հայաստանում, այլեւ՝ Սփյուռքում։ Օտարերկրյա գաղթօջախներում հայապահպանության հիմնական կռվաններից մեկը խոցոտվելու է, եւ դա հանգեցնելու է ազգային գիտակցության նոր արժեզրկման։

Հատուկ ներկայացուցիչ Ռուբինյանը բանակցում է այն Թուրքիայի պատվիրակի հետ, որի նախագահ Էրդողանը պատերազմից հետո Բաքվի զորահանդեսում փառավորում էր հայ ժողովրդի մեծագույն դահիճ Էնվեր փաշայի հոգին։ Սա մեկ դար առաջ փլուզված Օսմանյան կայսրության եւ նրա ավերակների վրա հավաքված քեմալական Թուրքիայի շարունակությունն է, որի գերխնդիրը շարունակում է մնալ Մեծ Թուրանի իրագործումը։ Այդ ճանապարհին առկա խոչընդոտներից ամենաէականը հայկական տարրն է, որը պետք է ոչնչացնել Աթաթուրքի հետեւողականությամբ եւ Կարաբեքիրի հայատյացությամբ։

Ի՞նչ գնով, ի՞նչ փոխզիջման դիմաց է Երեւանն ընդառաջում Անկարային։ Ի՞նչ ակնկալիքով է Փաշինյանի իշխանախմբի օլիգարխիական թեւը հույսեր կապում հայ-թուրքական սահմանի վերաբացման հետ, երբ այդ քայլը վերջնականապես կործանելու է հայրենի տնտեսությունը։ Թուրքիան տնտեսապես եւ բարոյապես խժռելու է Հայաստանը՝ այդ ճանապարհին չխորշելով որեւէ միջոցից։ Դրա համար այսօր տարածաշրջանի կոնֆիգուրացիան եւ մյուս ուժային կենտրոնների հետ նրա հարաբերություններն առավել քան բարենպաստ են եւ աղետալի ճշգրտությամբ կրկնում են Առաջին հանրապետության կործանման դրվագը։ Այս անգամ, սակայն, պետության կորուստն անդառնալի ու վերջնական է լինելու, եւ առավել քան ուժեղ Թուրքիան հնարավորությունը բաց չի թողնելու՝ մեկընդմիշտ եւ առհավետ ազատվելու Հայկական հարցից։ Ինչպես հարյուր տարի առաջ, մեծահոգի Արեւմուտքը գուցե այս անգամ էլ մի նոր Սեւրի պայմանագիր երկնի՝ որեւէ ջանք չգործադրելով դրա իրականացման ուղղությամբ։ Կորսված ինքնիշխանությամբ Հայաստանը դարձել է թուրքական եւ ռուսական շահերի բախման կիզակետ, եւ ակնհայտ է, որ բացի այս երկու պետությունից՝ որեւէ այլ ուժ Հայաստանում եւ Արցախում զենք եւ զորք տեղակայելու ցանկություն եւ նպատակ չունի։

44-օրյա պատերազմի օրերին Փաշինյանի իշխանությունը Թուրքիան ներկայացնում էր որպես Ադրբեջանից էլ վտանգավոր եւ ցեղասպանածին հարեւան, խոսում այդ երկրի հատուկջոկատայինների ռազմական հանցագործությունների, հայ ժողովրդին եւ նրա մշակույթը բնաջնջելու ցանկության մասին։ Նույն այդ իշխանության անհաղորդությունը մեզ նետված մարտահրավերներին այնքան մեծ է, որ հիմա հանկարծ պարզվում է՝ մենք ոչ թե թշնամու, այլ ենթադրյալ բարեկամի դեմ ենք պատերազմել։ Հիմա խնդիրն այլ է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումից եւ Արցախից հրաժարման գնով բացել հայ-թուրքական սահմանը եւ այդկերպ ստորագրել սեփական դամբանականը։ Սահմանի բացման դեպքում Թուրքիան նույնիսկ նյութական կորստի գնով տնտեսապես կզավթի մեր երկիրը՝ ավարտելով Հայաստանի պետականության լուծարման սողացող ընթացքը։

Դավիթ Սարգսյան