Նորաթուխ գեներալներն է՞լ են շուտով պաշտոնանկ արվելու եւ դառնալու թիրախ

Նորաթուխ գեներալներն է՞լ են շուտով պաշտոնանկ արվելու եւ դառնալու թիրախ

Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը Սահմանադրության օրվա առիթով որոշել էին կոչումներ բաժանել իրենց հավատարիմ պաշտոնյաներին։ Բնականաբար առաջին հերթին` ուժայիններին։ Եվ մի մեծ խմբի շնորհել են գեներալի կոչում, անկախ նրանից՝ արժանի՞ են նրանք այդ բարձր կոչմանը, թե՞ ոչ։ Նայելով պաշտոնյաների ցանկը՝ կարելի է  հասկանալ, թե ինչ ծառայությունների դիմաց են նրանք արժանացել այդ կոչումներին։ Օրինակ՝ Քննչական կոմիտեի 31-ամյա նախագահ Արգիշտի Քյարամյանին նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ, շնորհել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, ինչը հավասարազոր է գեներալ-մայորի կոչման։

Փոխոստիկանապետ Արամ Հովhաննիսյանին, ով ցույցերն ու երթերը ցրելու օրերին աչքի է ընկել հանրահավաքների մասնակիցների հանդեպ կոշտ պահվածքով եւ անգամ սեռական հայհոյանքներ է հնչեցրել ընդդիմադիրների հասցեին, նույնպես Փաշինյանի միջնորդությամբ ստացել է գեներալ-մայորի կոչում։ Հավանաբար, ընդդիմության միտինգներն արդյունավետ ցրելու, ցուցարարների հանդեպ ինչպես հարկն է՝ ուժ կիրառելու, նրանց ճնշելու, վրաները քրգործեր հարուցելու համար հիմքեր նախապատրաստելու դիմաց է փոխոստիկանապետն արժանացել այդ բարձր կոչմանը։ Այսինքն՝ նա բռնել է, տվել է Արգիշտիի ձեռքը, ՔԿ-ն էլ գործերը «կարել» է։ Ու հիմա երկուսն էլ գեներալ են դարձել՝ խրախուսվելով վարչապետի կողմից։ 

ԱԱԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Սամվել Հայրապետյանին եւս շնորհել են գեներալ-մայորի զինվորական կոչում, որն ԱԱԾ-ում քաղաքական բլոկն է համակարգում եւ միակ հոգով-սրտով նիկոլականն է։ Ուստի, նրա դեպքում եւս «հասկանալի» է, թե ինչու է ստացել այդ կոչումը։ Մի գեներալի կոչում էլ ստացել է Քրեակատարողական ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը. նրան շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում։ 

Նորաթուխ գեներալները, սակայն, չպետք է շատ ուրախանան իրենց ստացած կոչումներով՝ հաշվի առնելով նախկին փորձը, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից գեներալի կամ հերոսի կոչում ստացողները հետագայում ե՛ւ զրկվում են պաշտոնից, ե՛ւ հայտնվում քրեական հետապնդման տակ, ինչպես եղավ, օրինակ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի, ԱԻ նախկին նախարար, Փաշինյանի կողմից «Ազգային հերոս» հռչակված Անդրանիկ Փիլոյանի դեպքում եւ ոչ միայն։