Կենացները քաղցրանում են

Կենացները քաղցրանում են
Երեկ մենք անդրադարձել էինք Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի դատական հայցերին՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ քաղաքագետ Արա Պապյանի։ Երեկոյան արդեն պարզ դարձավ, որ որդուց զատ՝ նաեւ Քոչարյանն ինքն է դատական հայց ներկայացրել, այս դեպքում արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Ակնհայտ է, որ Քոչարյանների ընտանիքը որոշել է ոչ միայն պաշտպանվել բոլոր հնարավոր միջոցներով, այլեւ հստակ հակահարձակման է անցել՝ օգտվելով օրենքի ընձեռած հնարավորություններից։ Սա նաեւ մարտավարական քայլ է՝ ցույց տալու համար, որ պաշտպանվելուց զատ՝ ընդունակ են նաեւ հարձակվել եւ հավելյալ խնդիրներ առաջացնել նոր իշխանությունների համար՝ օգտվելով նրանց թույլ տված կիքսերից, անզգույշ արտահայտություններից։



Մինչեւ երեկ Քոչարյանի փաստաբանները նախընտրում էին չմանրամասնել հայցի բովանդակությունը, թե իրենց թիրախում հայտնված անձանց կոնկրետ որ արտահայտություններն են համարում զրպարտություն, որոնց վերաբերյալ հրապարակային ներողություն եւ նյութական փոխհատուցում են պահանջում՝ 2-ական միլիոն դրամ Վանեցյանից եւ Պապյանից։ Բայց երեկ, երբ արդեն տարածվեց նաեւ Ռոբերտ Քոչարյանի՝ Փաշինյանին դատի տալու մասին լուրը, Քոչարյանների փաստաբանները որոշեցին խոսել ու բացել որոշ փակագծեր։



Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան **Հայկ Ալումյանը** երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե Նիկոլ Փաշինյանի որ արտահայտության համար են որոշել դատի տալ նրան։ Խոսքը, ինչպես պարզվեց, Փաշինյանի՝ Փարիզ կատարած այցի ժամանակ արած հետեւյալ արտահայտության մասին է․ «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրված»։ Այսինքն՝ զրպարտություն են համարում այն, որ ՀՀ վարչապետը երկրորդ նախագահին փաստացի մեղադրում է սպանություն կազմակերպելու մեջ։ Գործը դեռ վարույթ չի ընդունվել, բայց մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։



Իսկ, ահա, Սեդրակ Քոչարյանի շահերի պաշտպան **Սարգիս Գրիգորյանը** մանրամասնեց, թե Վանեցյանի եւ Պապյանի որ արտահայտություններն են իրենց կողմից դատական հայցի առիթ հանդիսացել։ Եթե Փաշինյանի դեպքում միայն վերը նշված մեկ արտահայտությունն է եղել խոցելի, ապա ԱԱԾ տնօրենի ու «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրենի արած մի քանի արտահայտություններն են դառնալու դատարանի քննարկման առարկա։ Ընդ որում, Արթուր Վանեցյանի դեպքում մի քանի արտահայտությունների համակցություն է, որոնք, ըստ փաստաբանի, իրար հակասող են, եւ վերջինը՝ «Կոնգրես» հյուրանոցը «կաշառքով» ձեռք բերելու վերաբերյալ հայտարարությունը շղթայական ռեակցիա է առաջացրել։ Սրա շուրջ Վանեցյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում փորձել էր ճշգրտում կատարել, բայց ավելի էր փչացրել իրավիճակը՝ նոր հարվածի տակ դնելով իրեն։



«Մենք կարծում ենք, որ թե՛ Արա Պապյանի, եւ թե՛ պարոն Վանեցյանի կողմից հրապարակայնորեն ներկայացված տեղեկությունները զրպարտության միջոցով արատավորել են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու գործարար համբավը։ Պարոն Վանեցյանի կողմից այն արտահայտություններն են, որոնք ինքն արել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մասնավորապես, որ ինքն ասում է՝ ««Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառքով ձեռք բերելու արդյունքում»։ Օրինակ՝ մի արտահայտությունը դա է։ Երկրորդ արտահայտությունը, որ ասում է՝ «պետք ա մարդուն ստիպել, որ 6 միլիոն դոլար փող տա իրան, իրանք էլ տանեն ձեզ կտա՞ն, 6 միլիոն դոլար հենց նենց ո՞ր մեկին կտան»։ Այսինքն՝ ինքն ասում է, որ մարդուն ստիպել են, որ 6 միլիոն տա, ու դրա դիմաց ինչ-որ բան են ձեռք բերել։ Ոչ մեկին ոչ մեկը ո՛չ ստիպել է, ո՛չ բան… երրորդ անձ ընդհանրապես ներգրավված չի եղել էդ գործարքում»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։ Վանեցյանի երրորդ արտահայտությունը, որը դատական հայցի առիթ է հանդիսացել, ըստ Սարգիս Գրիգորյանի, հետեւյալն է․ «Ապօրինի հարստացումն իրենց չի սպառնում, որովհետեւ ապօրինի հարստացում չկա, փողերի լվացումով ա հարուցվել քրեական գործ»։



Այնուհետեւ փաստաբանը ցիտեց սեպտեմբերի 21-ին «Հրապարակ» օրաթերթում Արթուր Վանեցյանի տված հարցազրույցի հետեւյալ հատվածը․ «Ես միայն մի ճշտում եմ ուզում անել․ մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին, հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի՝ 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում)։ Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր։ Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»։



Սրանով ԱԱԾ տնօրենը, թերեւս իմանալով կամ կանխազգալով, որ դատական պրոցեսներ կարող են սկսվել (կամ արդեն սկսվել են) իր դեմ, փորձել է սրբագրել իր խոսքը, բայց մի նոր խնդրահարույց արտահայտություն է թույլ տվել, ինչից էլ կառչել են Քոչարյանի փաստաբանները։ «Այսինքն՝ նույնիսկ իր հետագա արտահայտությունները հակասում են մեկը մյուսին։ Մի տեղ ինքն ասում է՝ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարներ», մի տեղ ասում է՝ «փողերի լվացում»»,- ասաց մեր զրուցակիցը։



Իսկ Արա Պապյանի դեպքում երկու արտահայտություն է առիթ հանդիսացել դատական հայց ներկայացնելու։ Դրանցից մեկն օգոստոսի 17-ին «Lragir.am» կայքում տված հարցազրույցում արտահայտած հետեւյալ միտքն է, որով, ըստ Գրիգորյանի, վիրավորում է Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը․ «Ես՝ ինքս, բավականին շատ դեպքեր գիտեմ, որ մարդկանց, օրինակ՝ Մոսկվայից եկած ներդրողներին, ուղղակի ֆիզիկապես ծեծելով՝ ձեռքներից խլել են բիզնեսը եւ ասել, օրինակ, որ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի՝ անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։



«Մյուս արտահայտությունը, որ իբր ինվեստորներ են գալիս, իրենց ձեռքից փայեր են վերցնում… Հայաստանի Հանրապետությունում փայ վերցնելու նմանատիպ հայց, ներդրումային վեճ, նման քրեական կամ քաղաքացիական գործ, իմ տեղեկություններով, չկա։ Մասնավորապես՝ գործ, որտեղ Սեդրակ Քոչարյանը կամ իրեն սեփականության իրավունքով պատկանող ընկերությունները որեւէ ձեւով ներգրավված լինեն»,- ասաց Սարգիս Գրիգորյանը։



Այս ամենից զատ՝ Ռոբերտ Քոչարյանը երեք դատական հայց է ներկայացրել նաեւ լրատվական կայքերից մեկի՝ 1in.am-ի դեմ, որը ղեկավարում է «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն։ Այս դեպքում էլ Քոչարյանին դուր չեն եկել կայքում տեղ գտած երեք տարբեր հրապարակումներ, որոնց դիմաց պահանջում են հերքում եւ փոխհատուցում։



Նկատենք, որ երեկ, երբ պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանն էլ Նիկոլ Փաշինյանին է դատի տվել, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ֆլեշմոբ սկսվեց ի պաշտպանություն վարչապետի։ Տարբեր օգտատերեր գրառում էին կատարում՝ հրապարակավ հայտարարելով, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, հանցագործ եւ այլն, ու կոչ էին անում նաեւ նրանց դատի տալ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**