Հայրենիքում ներդրում անելն իշխանության հետ կապված չէ

Հայրենիքում ներդրում անելն իշխանության հետ կապված չէ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 26-ից մինչեւ հուլիսի 2-ը աշխատանքային այցով մեկնել էր Կանադա եւ ԱՄՆ։ Երկու երկրներում նա հանդիպումներ է ունեցել տեղի Սփյուռքի ներկայացուցիչների, մասնավորապես՝ գործարար հատվածի հետ ու Հայաստանում ներդրումներ իրականացնելու պայմավորվածություններ ձեռք բերել։ Ըստ իրենց տարածած տեղեկատվության՝ երկու երկրներ կատարած այցի արդյունքում 30.5 միլիոն դոլար ներդրման պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ 30.5 միլիոնից 10.5 միլիոնը Կանադայի գործարարներն են խոստացել ներդնել։



Հունիսի 26-ին «Բիզնես Արմենիա»-ի պատվավոր ներկայացուցիչ, «ՎիԷյջԷլ դիվելոփմընթ» ընկերության ղեկավար Վարուժան Լապոյանն իր կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է Հայաստանում շինարարության ոլորտում 5 մլն դոլար ներդրում կատարելու մասին։ Իսկ հունիսի 27-ին էլ կանադահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանի, Րաֆֆի Դուդակլյանի, Անդրե Գումուշջյանի եւ Սահակ Արսլանյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից 5,5 միլիոն դոլարի շինարարական նախագիծ իրականացնելու վերաբերյալ:



Մենք տեղեկացանք, որ այս վերջին ներդրումային ծրագրի գաղափարը ծագել է դեռ նախորդ իշխանության օրոք, Դուդակլյանն ու ընկերները վաղուց են պլանավորել նման շինարարական ծրագիր իրականացնել՝ Կասկադի հարեւանությամբ բնակելի էլիտար շենք կառուցել։ Եվ սա որպես հեղափոխությամբ ոգեւորված բիզնեսմենների ներդրում ներկայացնելն առնվազն տարօրինակ է։



«Նոր հողեր ենք վերցրել, բնակարանային շինարարություն է, աշխատանքներն էլ համարյա սկսել ենք, առքուվաճառք-բան համարյա պրծել են, եւ ճարտարապետական աշխատանքներն են առաջ գնում հիմա։ «Կասկադ գարդենզ» անունով ընկերություն է անողը»,- մեզ հետ զրույցում ասաց Րաֆֆի Դուդակլյանը։



**-Իսկ այս ներդրումը պայմանավորվա՞ծ էր Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությամբ ու Նիկոլ Փաշինյանի կոչերով, թե՞ ի սկզբանե նպատակ ունեցել եք նման ներդրում կատարել։**



-Նպատակը միշտ էլ եղել է, էնպես չէ, որ հայրենիքում ներդրում անելը մի իշխանության կամ մյուս իշխանության հետ է կապված, բայց իշխանափոխությունն ավելի հուսադրիչ, ավելի ոգեւորող է եղել։



**-Այսինքն՝ Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը նպաստե՞լ է այդ ներդրման գաղափարի իրագործմանը։**



-Տիգրան Ավինյանի հետ հանդիպումը եւ այլ հանդիպումներ, բոլոր հանդիպումներին էլ մենք, իհարկե, մեր տպավորությունները դրական են եղել, եւ ուզեցել ենք այդ առումով մեր լուման ներդնել։



**-Դուք այդ հողը ե՞րբ եք ձեռք բերել, հիմա՞, թե՞ մի քանի ամիս առաջ։**



-Նոր, նոր, էս վերջին երկու ամսվա ընթացքում է եղել։



**-Որովհետեւ, եթե չեմ սխալվում, այդ ներդրման գաղափարը վաղուց է եղել Ձեզ մոտ, որ հող վերցնեք ու շենք կառուցեք, դեռ նախորդ իշխանությունների օրոք։**



-Հիմա ուզում եք ասել, որ հին իշխանությունների օրո՞ք էինք որոշել։ Մենք միշտ էլ ունեցել ենք նպատակ ինչ-որ բան անելու, հետաքրքրվել ենք ծրագրերով, բայց էս վերջին երկու-երեք ամիսն անցել ենք գործնական աշխատանքների․ վերցրել ենք հողերը, արդեն ճարտարապետն աշխատում է նախագծի վրա։ Էս ծրագիրը վաղուց չկար մեզ մոտ, «վաղուց»-ը շատ հարաբերական հասկացություն է, «վաղուց»-ը կարաս ասես՝ երկուսուկես ամիս։ Էնպես չէ, որ մենք միշտ էս ծրագրի մասին ենք մտածել․ սա նոր ծրագիր է։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**