Երևանի ընտրություններում քաղաքապետացուների պակաս չի զգացվի

Երևանի ընտրություններում քաղաքապետացուների պակաս չի զգացվի
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կնշանակվեն սեպտեմբերի երկրորդ կեսին: Կառավարությունը ցանկանում է մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որն այս տարի տեղի կունենա Հայաստանում՝ հոկտեմբերի 11-12-ը, Երեւանն ունենա նոր քաղաքապետ:



Ինչպես հայտնի է, հուլիսի 9-ին, Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել վաղնջական ժամանակներից քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Նախնական տեղեկություններով՝ ընտրությունները կնշանակվեն սեպտեմբերի 23-ին կամ գուցե անգամ 30-ին, չնայած այդ օրերին Երեւանը նշելու է իր 2800-ամյակը։ Քննարկվում էր նաեւ սեպտեմբերի 16-ը, սակայն, կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կազմակերպչական խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ շտապ լուծել։



Քաղաքական ուժերը, մեր տեղեկություններով, ակտիվ պատրաստվում են Երեւանի ավագանու ընտրություններին, քանի որ դա լինելու է արտահերթ խորհրդարանականի «սեւագիրը»՝ ուրվագծելով ուժերի վերադասավորությունը, դրանց կշիռը մեր երկրում։ Քաղաքական ակտիվ խաղացողներից թերեւս միայն ՀՀԿ-ն չի մասնակցի ավագանու ընտրություններին․ կուսակցության մեր աղբյուրներն անտրամաբանական են համարում Տարոն Մարգարյանի հրաժարականից ու ավագանու նիստում թեկնածու չառաջադրելուց հետո մասնակցությունը: Նույնիսկ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ն իր շարքերին ուղղորդելու է ԲՀԿ-ի թեկնածուի օգտին։



Առավել ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում «Ծառուկյան դաշինքում»։ Արդեն 11 օր է՝ կուսակցությունը երեւանցիների շրջանում ներքին հարցումներ է անցկացնում՝ փորձելով պարզել, թե իրենց թեկնածուներից ով է ամենառեյտինգայինը, որպեսզի հետո՝ ներկուսակցական ժողովրդավարության արդյունքում որոշվի, թե ով պետք է գլխավորի ցուցակը։ Իսկ հավակնորդները, կարելի է ասել, ինքնառաջադրվել են՝ Ծառուկյանին ասելով, որ հենց իրենք կարող են կուսակցությանն ամենաշատ ձայներ բերել։ «Շեֆն» էլ որոշել է արդար լուծում տալ ու հարցումներով պարզել, թե երեւանցիների համակրանքը որ թեկնածուի կողմն է։ Հավակնորդների թվում են Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Կենտրոնի նախկին թաղապետ, ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը, ով «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր է, նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը՝ Ծաղիկ Ռուբոն, եւ գործող պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Եթե առաջիկա օրերին հարցումներն անցկացվում էին կուսակցական թեկնածուների միջեւ, ապա վերջին օրերին խաչաձեւ հարցումներ են արվում։ Օրինակ՝ հարցնում են, թե, ենթադրենք, Նաիրա Զոհրաբյանի՞ն կուզեն տեսնել քաղաքապետ, թե՞ Ալեն Սիմոնյանին կամ Մանե Թանդիլյանին։ Առաջիկա օրերին, մեր տեղեկություններով, կավարտեն հարցումները։ Սակայն, տեղեկությունների համաձայն, Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է ամառային հանգստից՝ վստահ լինելով, որ հենց ինքն է գլխավորելու ցուցակը։



Պարզեցինք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչ թե «Ելք» դաշինքով մասնակցել, այլ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, իսկ թե ով կգլխավորի ցուցակը, պարզ կդառնա այսօր՝ վարչության գաղտնի քվեարկության արդյունքում։ «ՔՊ»-ում էլ չորս թեկնածու կա՝ դերասան Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը, պատգամավոր Ալեն Սիմոնյանը եւ եւս երկու կին, որոնցից մեկը Զարուհի Բաթոյանն է, ով ինքնառաջադրվել է։ «Ելք» դաշինքի անվան տակ են ուզում մասնակցել Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները։ ԼՀԿ-ում կարծում են, որ ցուցակը պետք է գլխավորի սոցապնախարար Մանե Թանդիլյանը, «Հանրապետությունում»՝ Սուրեն Աբրահամյանը, ով նախկինում Երեւանի քաղաքապետ է եղել։



«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը վստահեցրեց, թե իրենց կուսակցությունը նույնպես մասնակցելու է, սակայն ինչ ձեւաչափով, ով է ցուցակը գլխավորելու, դեռ չեն քննարկել: Արթուր Բաղդասարյանի ՕԵԿ-ը նույնպես հետ չի մնա ընտրապայքարից։ Այստեղ էլ քննարկում են նախկին պատգամավոր Մհեր Շահգելդյանի թեկնածությունը՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, նախկին պատգամավոր։



Բնականաբար, ֆավորիտներից մեկն էլ լինելու է «Երկիր ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Թեկնածուներից կլինի նաեւ ճարտարապետ, հասարակական գործիչ Անահիտ Թարխանյանը՝ Անդրիաս Ղուկասյանի կինը։ Սակայն նա կառաջադրվի ոչ թե ամուսնու նորաստեղծ Հայ կառուցողական կուսակցության ցուցակով, այլ «Երեւանի հանրություն» ընտրական դաշինքով: Դաշինքը դեռեւս կազմավորման փուլում է, այս պահին ակտիվ քննարկումներ են ընթանում քաղաքական ու հանրային շրջանակների հետ: Մեր տեղեկություններով, հնարավոր է Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության հիմքի վրա ձեւավորվի դաշինքը։ Սակայն **Անդրիաս Ղուկասյանը** մեզ հայտնեց, որ այս պահին քննարկումները դեռ շարունակվում են, ոչինչ ասել չի կարող։ Իսկ իր կուսակցությունը դեռեւս գրանցված չէ, այդ հարցով կդիմի օգոստոսի կեսերին, ահա ինչու այլ կուսակցությամբ կմասնակցեն։ ՀՅԴ ԳՄ անդամ **Արսեն Համբարձումյանն** էլ ասաց․ «Որոշում՝ ոչ, բայց տրամադրվածություն ունենք մասնակցելու։



Դեռեւս շատ վաղ է թեկնածուի մասին խոսելը»։ Երբ կառավարությունը կորոշի ընտրությունների օրը, իրենք ակտիվ կզբաղվեն այդ հարցով։ Մեր դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջում, թե ՀՅԴ-ում քննարկում են Արաբկիրի նախկին թաղապետ, մի քանի ճամբար փոխած Հովհաննես Շահինյանի թեկնածության շուրջ, պատասխանեց․ «Մեզ մոտ նման քննարկումներ չեն գնում, ես էլ բացառում եմ»: Նկատենք նաեւ, որ մամուլում նաեւ լուր շրջանառվեց, թե ՀՅԴ թեկնածուն կին է լինելու։



Հիշեցնենք, որ ավագանին բաղկացած է 65 մանդատից, ինչն էլ մրցապայքարն առավել թեժ է դարձնելու:



**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**