Սերժ Սարգսյանը ներում է յուրայիններին

Սերժ Սարգսյանը ներում է յուրայիններին
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2018 թվականի փետրվարի 16-ի դրությամբ պատիժ է կրում 96 ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Նրանցից ոչ ոք պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ չի ազատվել՝ մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են արդարադատության նախարարությունից: Մյուս հարցին՝ ԱՆ-ն ունի՞ վիճակագրություն, թե վերջին 10 տարիների ընթացքում (առ 1-ը փետրվարի) քանի դատապարտյալի է ներում շնորհվել ՀՀ նախագահի կողմից, նրանց մեջ կա՞ն ցմահ ազատազրկվածներ, ԱՆ-ից ստացված պատասխանում նշվում է. «2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2018 թվականի փետրվարի 1-ը ներառյալ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացվել են թվով 313 դատապարտյալների վերաբերյալ ներման հրամանագրեր: Նշված դատապարտյալների մեջ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք չեն եղել»:



Սա նշանակում է, որ իր պաշտոնավարման մոտ 10 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանն ընդամենը 313 դատապարտյալի է ներում շնորհել, որոնց մեծ մասի անունները, սակայն, գաղտնի են պահվում: Առավել հայտնի ներվածների թվում նշենք մի քանի անուն. 2015 թ. մայիսին ՀՀ նախագահը ներեց ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսային՝ Գոռ Առաքելյանին, որը Վերնիսաժի կրակոցների գործով 2015-ին դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման (նա մի քանի ամիս առաջ մահացել է)։ Նախորդ տարի հունիսին նախագահի գթասրտությանն արժանացավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, որը, դանակի բազմաթիվ հարվածներ հասցնելով, առանձնակի դաժանությամբ սպանել էր 30-ամյա երիտասարդ Հովհաննես Բադալյանին։ Ներվածների թվում են նաեւ 12 տարվա ազատազրկման դատապարտված ՔԿՎ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանը, ով մեղադրվում էր շահադիտական դրդումներով, պատվերով սպանության նախապատրաստությունը կազմակերպելու, ինչպես նաեւ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ:



Ներվածների թվում է նաեւ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, որը դատապարտվել էր ՀՀ ազգային հեռուստատեսության գործադիր տնօրեն Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու համար։ Ընդամենը մի քանի ամիս առաջ ներում ստացավ նաեւ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանը, ով դատապարտվել էր պետական գումարների հափշտակության համար: Դատելով ավելի վաղ նախագահականից ստացված մեր հարցման պատասխանից, նախագահն ամենաշատը 2010-ին է ներում շնորհել՝ 45 դատապարտյալի: Ներման խնդրագրերը քննարկելիս, ինչպես հայտնի է, հաշվի են առնվում կատարված հանցագործության բնույթը եւ հանրության համար վտանգավորության աստիճանը, դատապարտյալի անձը, վարքը, կրած ժամկետը, առողջական, ընտանեկան, սոցիալական վիճակը, այլ հանգամանքներ: «Ներման արժանացած դատապարտյալները դատապարտված են եղել հիմնականում ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար»,- ասված էր նախագահականից ստացված պատասխանում:



Նշենք, որ արդարադատության նախարարությունն օրենքի նախագիծ է մշակել, որով առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ Քրեակատարողական օրենսգրքում եւ վերանայել, մասնավորապես, ցմահ ազատազրկվածների տեսակցության իրավունքին վերաբերող կարգավորումները: Ըստ գործող օրենսգրքի՝ անազատության մեջ գտնվող անձանց՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ կապված հարաբերություններն իրականացվում են ՔԿՀ-ներում կազմակերպվող եւ անցկացվող կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների միջոցով: Դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատեւ տեսակցություն՝ մինչեւ 4 ժամ տեւողությամբ, եւ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատեւ տեսակցություն՝ մինչեւ 3 օր տեւողությամբ:



Նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն 3 կարճատեւ եւ 1 երկարատեւ տեսակցություն: Եվ, ահա, ըստ նախագծով առաջարկվող փոփոխության՝ առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց կտրամադրվի տարվա ընթացքում առնվազն 6 կարճատեւ եւ 2 երկարատեւ տեսակցության իրավունք: Այս փոփոխության նպատակը, ինչպես տեղեկանում ենք նախագծի հիմնավորումից, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդրումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումն է:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**